ՍՊԱՍԵՆՔ ՆՈՐ ԿՈՄԻՏԱՍԻ՞
Աբովյանում բնակվող երգիչ Գրիգոր Համբարյանը, ով ժամանակին երգել է «Շարական» համույթում, ապա եղել Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության «Գանձեր» անսամբլի մեներգիչը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր հաճախ են հնչում Մուշ եւ Սասուն տեղանուններով համեմված իբր հայկական, պապենական երգեր, որոնք, սակայն, իրականում քրդական մոտիվներով են:
Ըստ մեր զրուցակցի՝ կան ազգային երաժշտությունն անարատ ներկայացնողներ (օրինակ` «Ակունք» համույթը) եւ կան այն աղավաղողներ։ «Թուրքերը մեր երգերն են գողանում, թուրքական դարձնում, մենք էլ թուրքական, ավելի հաճախ քրդական երգեր ենք երգում՝ հայերեն փոխած։ Հու-հա-հու-ով չէ, մի քիչ խառնել ենք, իրար կողքի ապրել, իրարից «վարակվել» ենք։ Բայց պետք է մերը, ազգայինը մաքուր պահենք։ Սասուն, Մուշ եւ այլ հատուկ անուններ են երգի մեջ մտցնում ու ասում են՝ հայկական է, մեր պապականն է։ Ոչ, դրանք քրդական, թուրքական երգեր են՝ հայերեն թարգմանված կամ մոգոնած բառերով»։ Երաժշտագետները խոսում են այդ ամենի մասին, սակայն նրանց լսող, կարծես թե, չկա։ «Երեւի պետք է սպասենք՝ նոր Կոմիտաս ծնվի, որ թացն ու չորը ջոկի, քրդականը, թուրքականը առանձնացնի։ Նրա գիտական թեզի թեման Գերմանիայում քրդական երգն էր, եւ նա ասել է, որ նույն երգը կարելի է մի քիչ փոխել, այլ կերպ կատարել, ու շատ բան կփոխվի։ Կոմիտասը՝ որպես իր խոսքերի ապացույց, Փարիզի կոնֆերանսում նույն երգը երկու ձեւով երգեց՝ ապացուցելու, որ կարելի է մաքուր հայկական ձեւով երգել, ապա մի քիչ շեղվել, եւ երգը կդառնա թուրքական կամ քրդական։ Բուն հայկական երգերը խաղիկներով, լադը փոխելով, նվնվոցներով կատարելու դեպքում դառնում են քրդական, թուրքական»։
Մեր զրուցակիցը հիմնականում կատարում է ազգային երգեր, որոնց մեջ շատ են պարային ռիթմերը։ Նա իրեն պարի մասնագետ չի համարում, բայց համոզված է, որ, օրինակ, «Կարին» համույթը ոչ միայն ճիշտ է պարում, ավելորդ տարրեր չի խառնում, այլեւ համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը նաեւ մեկնաբանում է պարերը, փնտրում-գտնում նորերը։ Աբովյանաբնակ երգիչը ներկայումս հանդես է գալիս հիմնականում տոնական միջոցառումներին, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկներին նվիրված մենահամերգներով՝ Աբովյանում, երբեմն էլ Երեւանում։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՆՈՐ ՀԱՄԼԵՏ
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը «Համազգային» պետական թատրոնում նոր ներկայացում է բեմադրում: Չալդրանյանը պատրաստվում է հայ հանդիսատեսին ներկայացնել Վիլյամ Շեքսպիրի անմահ ստեղծագործության` «Համլետ»-ի նոր բեմական տարբերակը: Հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն կունենա այս տարվա ապրիլի վերջին կամ մայիսին: Վ. Չալդրանյանն այժմ աշխատում է նաեւ հագուստների եւ դեկորացիաների պատրաստման վրա: Նա նաեւ նախագծի նկարիչն է: Նշենք, որ Համլետի դերը մարմնավորում է դերասան Վարդան Մկրտչյանը: Բացի պրոֆեսիոնալ դերասաններից, նոր բեմադրությունում աչքի կընկնեն նաեւ Չալդրանյանի ուսանողները:
ՀԱՄԵՐԳԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան ապրիլին պետք է համերգով հանդես գար «Ուկրաինա» համերգային սրահում: Սակայն այն, կարծես, վտանգված է: Ուկրաինացի հանդիսատեսը պատրաստվում է բոյոկտել երգչուհու համերգը: Ըստ ակտիվիստների՝ սա համարժեք քայլ է, քանի որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ռուսներն այդ ձեւով են վարվում ուկրաինացի երգիչների հետ: Համերգը բոյկոտելու ակտիվ կոչեր են հնչում հատկապես սոցիալական ցանցերում, ինչի համար այս դեպքում առիթ է ծառայել նաեւ այն, որ վերջերս Վալերիան իր անձնական էջերից մեկում լուսանկար է տեղադրել եւ գովեստի խոսքեր ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին` կապված Ղրիմի հարցում նրա վարած քաղաքականության հետ:
ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Իտալացի տենոր Անդրեա Բոչելին ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ 30-ամյա Վերոնիկա Բերտիի հետ, ում հետ միասին էին արդեն 12 տարի: Ամուսնությունը տեղի է ունեցել Տոսկանայում, ներկա են եղել զույգի հարազատները: Ավելացնենք, որ սա Բոչելիի երկրորդ ամուսնությունն էր, առաջին ամուսնությունից նա ունի երկու որդի: