ԱՂՋԿԱՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՈՒ ՆԵՏԵԼ ՔԱՐԵՐԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ապրիլի 18-ին Կիեւյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանին իրականում սպանել են: Մեզ հետ զրույցում դա հաստատեց նաեւ նրա հայրը՝ Սլավիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ընտանիքը բնակվում է Վայոց ձորի Շատին համայնքում:
«Դա ինքնասպանություն չի եղել, աղջի՛կ ջան: Մենք դեռ չենք սթափվել տեղի ունեցածից: Բայց որոշակի բաներ կան, որոնք դեռ պետք է ճշտվեն»,-ասաց Սլավիկ Սարգսյանը: Վերջինս չի հավատում, որ իր աղջիկն այդ տարիքում հասցրել է թշնամի ունենալ. «Նա շատ խելացի աղջիկ էր: Նման քայլի ընդունակ չէր: Նույնիսկ Կիեւյան կամրջի տեղը չի իմացել: Ո՞ւմ ձեռագիրն է սա, դեռ պարզ չէ: Ես սպասում եմ քննիչի եւ դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերջնական պատասխանին: Դա պետք է մեզ հավատացնի, որ իմ կասկածները ճիշտ են»:
Հոր պատմելով՝ Սուսաննան մեկ տարուց ավել է, ինչ գյուղի թխվածքաբլիթի արտադրամասում սովորական մարդկանց նման աշխատել է եւ ոչ մի անգամ չի բացակայել աշխատանքից: «Երբեմն աշխատանքից հետո գնում էր մյուս քրոջ տուն: Իր գնացած տեղը միայն այդտեղ է եղել»,-ավելացրեց հայրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հերքեց տեղեկությունը, թե իբր Սուսաննան պատրաստվում էր ամուսնանալ: «Դա սուտ է: Նա ոչ ոքի հետ չէր պատրաստվում ո՛չ նշանվել, ո՛չ էլ ամուսնանալ: Դրանք դատարկ տեղեկություններ են եղել: Ընդհակառակը, երբ նրա մոտ փորձում էինք ամուսնությունից խոսել, վրդովվում էր»,-մանրամասնեց աղջկա հայրը՝ հավատալով, որ ճշմարտությունն անպայման կբացահայտվի:  
Հոր կարծիքով, եթե Սուսաննան 80 մետր բարձրությունից իրեն նետած լիներ, «մարմնի մեծ կտորը ականջը կմնար»: Նրա համոզմամբ՝ իր աղջկան սպանել են ու գցել քարերի վրա, որովհետեւ անձնագիրը պատռված է եղել, իսկ դրամապանակը դատարկ կախված է եղել ծառից: «Ինքը չէր կարող իր անձնագրի առաջին էջը պատռել: Բացի այդ, դրամապանակից հանել էին ամբողջ գումարը: 23 հազար դրամ է եղել եւ 1000 ռուբլի: Մարդ ու կին նստած՝ ամեն օր մեր աչքերից արցունք ենք թափում: Չենք կարողանում համակերպվել այդ մտքի հետ: Եթե ավտովթար լիներ, ես դա հեշտ կընդունեի, բայց սա անհարգալից է»,-լացակումած պատմեց Սլավիկ Սարգսյանը:
Հոր բնութագրմամբ՝ Սուսաննան փոքրամարմին, բարակիրան, նուրբ աղջիկ էր, ուներ երեք քույր եւ մեկ եղբայր: Նրա քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում իրավաբանություն է ուսումնասիրում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս