ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է Կոմիտասի պողոտայում

Հումորի զգացո՞ւմը, թե՞ մեքենան դյուրահավատ գողերից հեռու պահելու ձգտումն է այս բեռնատարի տիրոջը յուրօրինակ քայլի մղել: «Տարածքը հսկվում է տեսախցիկներով» գրությունը երեւի երբեք չլքի այս մեքենան, քանի որ այն արդեն հասցրել է ամբողջ Երեւանում մեծ ճանաչում գտնել:

 

 

 

 

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ պահեստազորում հաշվառված երիտասարդներն ընդհանրապես ի՞նչ ժամկետներում կարող են բժշկական փորձաքննություն անցնել ՀՀ զինված ուժերում:

Գայանե Մարգարյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 4 մասի պահանջների համաձայն, ՀՀ զինված ուժերից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված եւ պահեստազորում հաշվառված անձինք հինգ տարին մեկ անգամ ենթակա են վերափորձաքննության: Մինչեւ 27 տարին լրանալը վերափորձաքննության արդյունքում պիտանի ճանաչվածները ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` չծառայած ժամկետի մասով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկախ բանակում տիրող բարքերից, ցանկալի է յուրաքանչյուր զինակոչիկ գիտակցի հայրենիքի առջեւ իր պարտքի լրջությունն ու չխուսափի պարտադիր զինծառայությունից՝ իհարկե առողջական լուրջ խնդիրների բացակայության դեպքում:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում հաշմանդամ երեխաների տնային ուսուցումը:

Մարիամ Հայրապետյան (34 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առողջական վիճակի պատճառով ուսհաստատություններ հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ նրա ծնողների միջեւ պայմանագրի հիման վրա:
Այս անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ-շիզոֆրենիա, տրամադրության խանգարումներ, նյարդայնական խանգարումներ, վարքային համախտանիշներ՝ կապված ֆիզիոլոգիական խանգարումների հետ, մտավոր հետամնացություն, հոգեբանական եւ լեզվի զարգացման խանգարում, սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ,
բ) նյարդային համակարգի հիվանդություններ-սիստեմային ատրոֆիաներ, արտաբրգային եւ այլ շարժողական խանգարումներ, նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ, էպիլեպսիա, նյարդամկանային սինապսի, մանկական ուղեղային պարալիզ, ողնուղեղի ախտահարումներ,
գ) բնածին շեղումներ-ողնուղեղային ճողվածք, բնածին արատներ, ողնաշարի բնածին այլ անկանոնություններ, ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ եւ ձեւափոխումներ,
դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ-ռեւմատիզմ՝ ակտիվ փուլում՝ շարունակական ռեցիդիվող ընթացքով, պանկարդիտ, սրտի բնածին արատներ, քրոնիկ թոքաբորբ, նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ, մուկովիսցեդոզի ծանր ձեւեր, քրոնիկ հեպատիտ եւ լյարդի ցիրոզ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, արյան մակարդելիության խանգարում` տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում:
Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ այս կարգավիճակի երեխաների համար գործում են տնային ուսուցման որոշակի պայմաններ, բայց միանշանակ է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի այս երեխաների` հասարակությանը լիարժեք ինտեգրմանը:

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ գոյություն ունեն պահքի տեսակներ: Հետաքրքիր է իմանալ, թե որոնք են դրանք:

Լիդա Մարտիրոսյան (30 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պահքը մարմնի «մեռելություն» է, եւ որքան արտաքին մարդը տկարանա, այնքան ներքինն օրըստօրե կնորոգվի: Առանց կերակրի մնալով՝ մարդը ցամաքեցնում է իր մարմինը պիղծ ախտերից, որով հաճելի է լինում Աստծուն եւ դառնում Աստծո տուն: Այս է պահքի պատվականությունը: Եվ այս պահքը ոմանք ամեն օր են պահում՝ իրենց մեջ ցույց տալով Դրախտային կյանքը, ինչպես նրանք, ովքեր անապատում են կամ ճգնության մեջ միայնակ: Ոմանք էլ պահում են միայն որոշակի օրերի համար հրամայված պահքը, որն ավանդվեց առաքյալներից ու հայրապետներից, ինչպես ասում է առաքյալը. «Մեկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ մյուսը՝ բոլոր օրերը՝ հավասար»: Եվ հրամայված պահքերը երեքն են: Առաջինը քառասնօրյա պահքն է, երկրորդը՝ շաբաթապահքը, եւ երրորդը՝ օրապահքը:
Տարվա մեջ երեք քառասնօրյա պահք կա: Առաջինը Քրիստոսի Ծննդյան տոնի կապակցությամբ է պահվում, երկրորդը՝ Հարության եւ կոչվում է Աղուհաց, իսկ երրորդը՝ Այլակերպության: Սա առաքելադիր կանոն է: Աղուհացը տարեկան պահք է, որը տարին մեկ անգամ պահում ենք առհասարակ բոլոր քրիստոնյաներս, թեպետեւ հոգեւորականները երեք քառասունքն էլ պահում են, իսկ աշխարհականները միայն մեկը՝ Աղուհացը: Շաբաթապահքն ամսական պահք է, որը հայրապետները կարգեցին պահել ամսական մի շաբաթ: Օրապահքը՝ շաբաթը երկու անգամ ենք պահում՝ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին:
Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անխոս, յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է տեղյակ լինել հոգեւորական ծեսերից եւ արարողություններից: Բայց այս ամենից զատ, պետք է լինել հավատով լի եւ զերծ մեղավոր արարքներից:




Լրահոս