ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ` ՂՐԻՄԻ ՄԱՍԻՆ

Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը հստակ չի կարող ասել, որ Ղրիմի բոլոր հայերը քվեարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին: Ավելին, ըստ նրա՝ իրենք Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջեւ հնարավոր պառակտման վտանգ չեն տեսնում:

-Տիկին Հակոբյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղրիմի հայ համայնքը հանրաքվեի արդյունքում որոշեց Ռուսաստանի կազմի մեջ մտնել, արդյոք դա Ուկրաինայի այլ հայ համայնքների միջեւ պառակտում չի՞ առաջացնի:
-Մենք չենք կարող հստակ ասել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ», թե «դեմ» են քվեարկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար: Ամեն մարդ ունի իր անձնական կարծիքն այդ հարցի վերաբերյալ: Իսկ Ղրիմի հայ համայնքի ղեկավարությունը իր ներքին որոշումը կայացրեց՝ համարելով դա ճիշտ քայլ եւ կոչ արեց ողջ հայությանը քվեարկել հօգուտ Ռուսաստանի: Այսինքն՝ Ղրիմի համայնքն այդ որոշումը կայացրեց իրավիճակից ելնելով, որ այնտեղի հայերը կարողանան հանգիստ ապրել: Իսկ ինչ վերաբերում է մյուս հայ համայնքների միջեւ հնարավոր պառակտմանը, ապա մենք նման վտանգ չենք տեսնում: Մնացած համայնքները շարունակում են աշխատել Ուկրաինայի հայ համայնքի կազմում: Մենք աշխատում ենք միասնաբար, եւ քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք եւ ապրում ենք այս երկրում, դարեր շարունակ մեր քայլերն ուղղված են Ուկրաինայի շահերը պաշտպանելուն:
-Ղրիմի անկախացումը բավականին մեծ շուքով տոնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին:
– Այդ թեման արդեն մի քանի օր է, ինչ շոշափվում է, եւ ես չէի ցանկանա խորանալ դրա մեջ, քանի որ Ղրիմը եւ Ղարաբաղը տարբեր քաղաքական հարթությունում են: Որպես Ուկրաինայի քաղաքացի, իմ անձնական կարծիքն այն է, որ մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային աջակցելու համար:
-Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, ինչպես նաեւ Սփյուռքի նախարարությունը, ի՞նչ աշխատանքներ են Ձեզ հետ տարել, առհասարակ, հետաքրքրվե՞լ են ձեզանով, աջակցե՞լ են:
-Վերջին երկու տարվա ընթացքում մշակութային մի շարք ծրագրեր ենք իրականացրել եւ համագործակցել նաեւ դեսպանատան հետ: Մենք հասարակական կազմակերպություն ենք ու, ընդհանրապես, քաղաքական կյանքում դեր չենք խաղում ու չենք ձգտում խառնվել: Նշեմ, որ մենք ներգրավված եղանք այդ գործընթացներին միայն այն ժամանակ, երբ մեր հայերի հետ դեպք պատահեց եւ որոշեցինք հայերի շահերը պաշտպանել: Ոչ ավելին: Ոչ մի կուսակցության շահ մենք չենք ներկայացնում:
-Իսկ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը փորձե՞լ է հանդիպել հայ համայնքի հետ, խորհուրդներ տալ Ձեզ:
-Պաշտոնապես հանդիպում չի եղել: Առհասարակ, կապի մեջ եղել ենք: Շաբաթվա վերջ լինելու է մեր հերթական ժողովը, հրավիրել ենք նաեւ Անդրանիկ Մանուկյանին եւ հույսով ենք, որ նա ներկա կլինի:
-Ինչպես եք վերաբերվում խնդրի ռազմական զարգացմանը: Այսօր կարծես թե դրա վտանգը կա: Օրինակ՝ Խարկովում բախումներ են եղել, կան զոհեր:
-Այն մարդիկ են այդ հարցը բարձրացնում, որոնց, կարծես թե, շահեկան է այդ մասին խոսել: Մարդիկ այսօր այդ վտանգը չեն տեսնում կամ, ասենք, փողոցում անկարգություններ չկան: Այդ խոսակցությունները հիմնականում կան կուսակցությունների եւ հեռուստատեսությունների մակարդակով, իսկ մենք սովորական կյանքով ապրում ենք:
-Կապ ունե՞ք Ուկրաինայի մյուս քաղաքների հայ համայնքների հետ: Նրանք կարողանո՞ւմ են համակարգված աշխատել, որ բոլորն էլ իրենց չեզոք պահեն:
-Իկարկե կա: Կրկնում եմ՝ այս շաբաթվա վերջ մենք նախատեսում ենք կոնֆերանս հրավիրել եւ հանդիպել ենք բոլոր հայ համայնքների նախագահների հետ: Այն մարդիկ, ովքեր այլ հայ համայնքների նախագահներ են, որեւէ կուսակցության քաղաքականության մեջ ներգրավված չեն: Իսկ դրանից դուրս, եթե որեւէ մեկը կապ ունի ինչ-որ քաղաքական ուժի հետ, ապա դա իր իրավունքն է եւ հայ համայնքն այդ ամենի հետ որեւէ առնչություն ունենալ չի կարող:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԳՈՆԵ ԱՂՈԹԵՆ

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապ տեղեկություն տարածեց, որ մարտի 31-ին Արարատյան դաշտավայրում ցրտահարություն է սպասվում: Ըստ այս հայտարարության՝ դաշտավայրում եւ նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչեւ 2 աստիճան, հողի մակերեւույթին` 5 աստիճան ցուրտ: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հետաքրքրվեց, թե այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում:
ԳՆ մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ նախարարությունն առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա:
Այսպիսով, մինչեւ գյուղնախարարությունը հարցն ուսումնասիրի, ծրագիր մշակի, միջոցառումներ ձեռնարկի, ցրտահարությունը կսկսվի ու կավարտվի եւ մարդիկ աշնանն էլի կմնան առանց բերքի:
Հիշո՞ւմ եք՝ ապրիլի 23-ին հանրապետությունում ցրտահարություն եղավ, Արմավիրի եւ Արարատի մարզերի ցանքատարածքների սեփականատերերը խոշոր չափերի վնասներ կրեցին: Այդ ժամանակ էլ գյուղնախարարությունը ցրտահարության հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, քաղաքացիներին հաղորդագրություններ ուղարկելով տեղեկացրեց, որ ցրտահարություն է սպասվելու: Բայց արդեն «բանը բանից անցել էր»:

 

ԿՊԱՅՔԱՐԻ

Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, չնայած որդու նկատմամբ հրապարակված դատավճռի առկայությանը, մինչեւ վերջ պայքարելու է՝ Կարենի սպանությունն ամբողջությամբ բացահայտելու համար: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Անահիտ Իսկանդարյանը: Նշենք, որ Մանյա Ղուկասյանի փեսացուի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը: «Հաստատ Հարություն Սարգսյանն է դա արել, բայց նա մենակ չի եղել, ու ես անկախ հրապարակված վճռից, մինչեւ վերջ գնալու եմ եւ պարզելու, թե ովքեր են եղել նրա հետ»,- ասաց տիկին Անահիտը՝ հավելելով, որ իր որդու սպանությունից հետո էլ իր եւ ղուկասյանների շփումը շարունակվում է:

 

ԿՈՊԵԿՆԵՐՈՎ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ հուլիսի մեկից ուժի մեջ է մտնելու նոր օրենք, եւ հանրային բոլոր ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են. «Հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամից կդառնա 50.000 դրամ: Քաղծառայության համակարգում միջինը քառասուն տոկոսով աշխատավարձերի բարձրացում կլինի»,- մանրամասնել է նախարարը` հավելելով, որ հուլիսի մեկից նախատեսվում է նաեւ զինծառայության համար կենսաթոշակների բարձրացում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Ես
միշտ լավ եմ ըլնըմ, միիիշտ, ինձ ինչ ա եղե՞լ որ»:

Առաքել Մովսիսյան «Հրապարակ»
Եթե մարդը ՀՀԿ-ական է, պատգամավոր եւ Շմայս մականունն էլ կրում է, բնականաբար, պետք է լավ լինի, քանի որ մեր երկրում նման մարդկանց լավ լինելու համար ստեղծված են բոլոր պայմանները.ժողովուրդը պետք է աշխատի, որ նման մարդիկ միշտ լավ լինեն, նրանց կողմից հնչեցվող հայհոյանքներն էլ՝ անպակաս: Ի դեպ, նախորդ քառօրյային Առաքել Մովսիսյանը կարծես թե բացակայում էր, եւ պատճառը, իր իսկ փոխանցմամբ, Գերմանիայում բուժվելն էր: Դե եթե քառօրյայի ժամանակ Գերմանիա էլ է գնում- գալիս, ուրեմն իսկապես որ ամեն ինչ լավ է, միշտ լավ է «ըլնըմ»:

 

 
«Էդպես պարզ ձեւակերպել չի լինում՝ «պարտադիր» բառը հանել: Եթե կա առաջարկություն, պետք է առաջարկությունը կոմպլեքսի մեջ լինի: Չի կարելի զուտ մեկ բառ վերցնել եւ մեկ բառը քննարկման առարկա դարձնել»:

Արտեմ Ասատրյան 1in.am
Ի՞նչ կոմպլեքս, ի՞նչ արհեստական բարդություններ: Ախր կուտակայինի դեպքում խնդիրը պարզից էլ պարզ է, պահանջը՝ հստակ ձեւակերպված, պետք է հանել «պարտադիր» բաղադրիչը: Սակայն մեր պաշտոնյաները շատ են սիրում բարդացնել ամեն ինչ այն աստիճան, որ լսողին անհասկանալի դառնա, նյարդերի վրա ազդի եւ, հետեւաբար, այլեւս լսելու ցանկություն չառաջացնի: Դա էլ նախարարը երեւի Գալուստ Սահակյանից է սովորել՝ «խուճուճ» եւ իրականում ոչինչ չասող մտքեր արտահայտել, այդ միջոցով էլ խուսափել բուն հարցին պատասխանելուց: Այնինչ, անհրաժեշտ էր քննարկման առարկա դարձնել հենց մեկ բառը:

 

 
«Մնա չափիդ մեջ եւ մի խառնվի մեծերի գործերին»։

Ստեփան Մարգարյան
Պարզվում է՝ ԲՀԿ-ին չափից դուրս շատ է վրդովեցրել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի դիտարկումը Գագիկ Ծառուկյանի կազինոյի շահույթի մասին։ Այն աստիճան է վրդովեցրել, որ նույնիսկ ԲՀԿ-ական պատգամավորները վերհիշում են քրեաօլիգարխիկ ծագում ունեցող իրենց կուսակցության արմատները՝ կիրառելով կոպիտ եւ «քուչի» մակարդակի բառապաշար։ Այսինքն՝ ԲՀԿ-ական պատգամավորի այս պոռթկումն իր մեջ պարունակում է դարի 2 բացահայտում. 1-ին՝ ԲՀԿ-ն չափեր սահմանող է՝ նույնիսկ նախարարների համար, եւ 2-րդ՝ «մեծերն» իրենք են, իսկ ամենամեծը Գագիկ Ծառուկյանն է, ում մասին չի կարելի խոսել։

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս