ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ՋԵՐՄԱԳԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասությունների եւ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները վերջինիս պաշտոնաթողությունից հետո չեն դադարում: Նման խոսակցությունների վերջին ակտիվացումը տարեսկզբին էր` Տիգրան Սարգսյանի հետ ծավալված հեռակա բանավեճի ընթացքում: Սակայն ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի` ԱՄՆ Պետական դեպարտամենտին ուղարկված զեկուցագրից պարզվում է, որ այդ հակասությունն, ըստ էության, եղել է ի սկզբանե` 2008-ի ամռանից, երբ հիշյալ զեկուցագիրը պատրաստվել է: Այն «Վիկիլիքս»-ի հրապարակայնացրած փաստաթղթերի շարքում է: Դրանում Փենինգտոնն անդրադառնում է ներիշխանական հարաբերություններին եւ այդ ասպարեզում հնարավոր վերադասավորումներին՝ ընդգծելով ԱՄՆ դերը այդ հարցում:

Փաստաթղթում դիվանագետը նախ եւ առաջ արձանագրում է. «Վերջին ամիսներին Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ պարաններ քաշելու անդրկուլիսային մրցակցության մասին տարբեր տեղեկություններ են մեզ հասնում: Հավաստի աղբյուրները, հիմնվելով քոչարյանամերձ գործիչների վրա, մեզ պատմում են, որ թեպետ Քոչարյանի եւ Սարգսյանի անձնական հարաբերությունները մնացել են շատ ջերմ, այնուամենայնիվ, նրանց քաղաքական գծերը խիստ տարբեր են»: Ամերիկյան դեսպանատան այլ աղբյուրներ հաղորդել են, որ մինչեւ 2008թ. վերջը Քոչարյանը վստահաբար նպատակ ուներ վերադառնալ որպես վարչապետ, իսկ Տիգրան Սարգսյանը հեռացվելու էր դրանից առաջ: Փենինգտոնը մեջբերում է Սերժ Սարգսյանի երբեմնի սիրելի օլիգարխներից Միխայիլ Բաղդասարովի խոսքերը, թե Տիգրան Սարգսյանն ապացուցել է սեփական անկարողությունը եւ, հավանաբար, կարճ ժամանակում հեռացվելու է: «Բաղդասարովը տխուր տոնով հավելեց, որ ամենահամապատասխան փոխարինողը կլինի Քոչարյանը՝ չնայած նույն այս օլիգարխը դեռ հույս ունի, որ բրիտանաբնակ Արմեն Սարգսյանի պես մի տեխնոկրատ կհայտնվի եւ կնշանակվի վարչապետ»: Փենինգտոնը հայտնում է, որ իր՝ իշխանական քաջատեղյակ աղբյուրների պնդումների համաձայն՝ «Սարգսյանը ջանք չի խնայի` կանխելու Քոչարյանի վերադարձը վարչապետի տեսքով, բայց եւ միգուցե բավարար ուժեղ չլինի` դիմակայելու Քոչարյանի կողմից ուղղորդվող ճնշումներին»:
Ամերիկացի դիվանագետի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը դանդաղում է կառավարության առանցքային պաշտոններում Քոչարյանի հավատարիմներից ազատվելու եւ նրանց իր համախոհներով փոխարինելու հարցում: Փենինգտոնը գտնում է, որ հարկային ու մաքսային մարմինների հանդեպ սարգսյանական վերահսկողության մեծացումը ամրապնդելու է վերջինիս դիրքերը, քանի որ «այդ մարմինները Հայաստանում համարվում են ծանր պատրոնաժի, կոռուպցիայի եւ քաղաքական ճնշումների լծակներ»:
Այնուհետեւ Փենինգտոնը նշում է, որ քաղաքական շրջանակներում տարածված հիմնավոր լուրերից հերթականը վերաբերել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Դիվանագետը հայտնում է, որ ընդդիմությունն իրենց վստահեցրել է, թե իրենք կարող են եւ բավարարվել խորհրդարանական արտահերթ ընտրություններով: «ՀԱԿ-ը ցանկանում է, որ այդ միտքը իշխանությունների առաջ դնի հենց ԱՄՆ դեսպանատունը, բայց հրապարակայնորեն չհայտարարվի, որ առաջարկը եկել է ընդդիմությունից»: Փենինգտոնը հետաքրքիր ու խիստ կարեւոր է համարում այն, որ խորհրդարանական նոր ընտրությունների թեման ակտիվորեն քննարկվում է կառավարության ներսում, ինչը պատճառաբանվում է խորհրդարանի քոչարյանամետությամբ: «Սերժ Սարգսյանը նոր խորհրդարան ձեւավորելու դեպքում 2 նապաստակ է խփում՝ 1. երկրի ներսում ու դրսում ժողովրդավարական արժեքները վերականգնելու փորձ, 2. կառավարությունում սեփական դիրքերի ամրապնդում: Հաստատապես կարելի է պնդել, որ Սարգսյանը կգնա դրան, եթե վստահ լինի, որ կտապալի ընդդիմությանը եւ մեծապես կթուլացնի Քոչարյանի կլանը»: Փաստենք, որ ելնելով Փենինգտոնի տրամաբանությունից՝ այդ շրջանում Սերժ Սարգսյանն անկարող գտնվեց ոչ միայն ընդդիմությանը հաղթելու, այլեւ Քոչարյանին իր տեղը ցույց տալու հարցում: Թեպետ հնարավոր մեկնաբանություն է եւ այն, որ Սարգսյանը Քոչարյանի գործոնը «կենդանի» է պահում՝ լոկ հասարակությանը մոլորեցնելու ու «ավելի վատի» վերադարձով վախեցնելու նպատակով:
Փաստաթղթի ավարտին դիվանագետը նկատում է. «Սերժ Սարգսյանն ավելի կառուցողական եւ առաջադեմ գործիչ է, քան Քոչարյանը: Վարչապետի պաշտոնում Քոչարյանի վերադարձը զգալի հետընթաց կարձանագրի ժողովրդավարական բարեփոխումներում, հայ-թուրքական եւ ԼՂ հարցերի լուծման ուղղությամբ եւ ընդհանրապես՝ ԱՄՆ քաղաքականության առնչությամբ: Այդ դեպքում կառավարությունը կսկսի ինքն իր մեջ պատերազմ մղել: ԱՄՆ աջակցությունը Սերժ Սարգսյանին, սակայն, բարդ կլինի՝ հաշվի առնելով Մարտի 1-2-ի բռնարարքները, ընտրակեղծիքները, քաղբանտարկյալների խնդիրը, ժողովրդավարական լեգիտիմության եւ ազատ մամուլի բացակայությունը: Բայց եւ այնպես, կարծում ենք, որ հնարավորություն կա աշխատելու Սարգսյանի վարչակազմի հետ, քաջալերելու նրան՝ արագացնել ժողովրդավարական բարեփոխումները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում՝ դրանք փոխարինելով նրա առաջնորդությանն ԱՄՆ աջակցության ջերմ ազդակներով»: Ահավասիկ՝ փաստ է, որ ԱՄՆ-ն, փաստորեն, ոչ միայն Հայաստանում գործարկեց իր այնքան սիրելի երկակի ստանդարտները, այլեւ Սարգսյանի ռեժիմին նվիրաբերեց իր «ջերմագին աջակցությունը»: Իսկ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իրենց համարում են «ռուսամետ», «արեւմտամետ», «չինամետ» եւ այլն՝ չհասկանալով, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է բացառապես իր շահերով, իսկ Արեւմուտքն այդ հարցում ակնհայտորեն մրցակից չունի:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 
ՕԽՏԱՐՈՒՄ ՀԱՑԸ «ՆԻՍՅԱ» ԵՆ ԳՆՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Օխտար համայնքի ղեկավար Վաղարշակ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարությամբ հիշեց, որ գյուղում վերջին անգամ երեխա ծնվել է դեռեւս տասը տարի առաջ:

-Քանի՞սն է բնակիչների թիվը:
-22 ընտանիք են:
-Նվազե՞լ է, թե՞ ավելացել:
-Իհարկե նվազել է: Նախկինում 33 ընտանիք էր:
-Ինչո՞վ են զբաղվում գյուղացիները:
-Անասուն են պահում, ոչխար, խոզ: Այգեգործությամբ են զբաղվում: Այս շրջանում գյուղացու համար դժվար է: Բայց դե յոլա են գնում, էլի…
-Գարի, ցորեն չե՞ն ցանում:
-Չէ, մենք քիչ հողեր ունենք, բացի այդ, չունենք գումար համապատասխան աշխատանքներ անելու համար: Այսինքն՝ վառելիքի, տեխնիկայի գումար չկա:
-Այդ դեպքում հացն ինչպե՞ս են ձեռք բերում մարդիկ, ի՞նչ միջոցներով:
-Մի քանի հացի արտադրամասերի հետ պայմանավորվածություն ունեն, որոնք ամեն օր հաց են բերում գյուղ, իսկ ամսվա վերջին գյուղացիներն իրենց թոշակով վճարում են: Հացը «նիսյա» են գնում:
-Իսկ էլեկտրաէներգիայի թանկացումն ինչպե՞ս անդրադարձավ օխտարեցու գրպանի վրա:
-Էհ, ի՞նչ անեն: Կարող է հացի գումար չունենան, բայց անպայման այդ վարձավճարը ժամանակին վճարում են: Դժգոհում են, բայց ինչ արած:
-Գյուղը դպրոց ունի՞:
-Այո, դպրոց ունենք. հաճախում են մոտ հինգ համայնքի աշակերտներ:
-Ընդհանուր քանի՞ աշակերտ ունի:
-Շատ քիչ է աշակերտների թիվը: Այսօրվա դրությամբ հինգ համայնքների աշակերտների թիվն էլ գումարած կազմում է մոտ 25-27 աշակերտ:
-Իսկ Օխտարը քանի՞ աշակերտ ունի:
-Յոթ: Տարեցտարի նվազում է: Ի՞նչ անենք: Միայն մեզ մոտ չէ այս պատկերը, ընդհանուր գյուղերի վիճակն է վատ:
-Ինչի՞ հետ է կապված:
-Աշխատատեղ չկա, գյուղացին էլ, որ տեսնում է աշխատանք չկա, հեռանում է: Դպրոցն ավարտած երիտասարդը Հայոց բանակում ծառայելուց հետո կամ մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի, կամ էլ՝ քաղաք Կապան՝ այնտեղ աշխատելու:
-Գյուղում երեխա վերջին անգամ ե՞րբ է ծնվել:
-Դե քանի որ գյուղում երիտասարդ չկա, այդ պատճառով էլ ամուսնություն էլ չկա: Վերջին երեխան ծնվել է տասը տարի առաջ:
-Եթե աշակերտների թիվը քիչ է, հնարավո՞ր է, որ դպրոցն առաջիկայում փակվի:
-Իհարկե փակվելու է: Բա որպես ինչ մնա:
-Այսինքն՝ այս տարի Դուք առաջին դասարանի աշակերտ չունեք:
-Չէ, չունենք:
-Այն հինգ համայնքում էլ չկա, որի աշակերտները Ձեր գյուղի դպրոց էին հաճախում:
-Չէ, չէ… չկա: Ցավալի է, բայց ինչ արած:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԴԱՆԱԿԱՎՈՐ «ՄԱՈՒԳԼԻՆ»

armlur.am-ի փոխանցմամբ` մարտի 24-ին՝ գիշերվա կեսին, Կիեւյան փողոցի թիվ 2 շենքի մոտ մի կնոջից դանակի սպառնալիքով հափշտակել են ձեռքի պայուսակը: Կիեւյանի բնակիչները ճանաչել են, որ դանակի սպառնալիքով գողություն կատարողը եղել է «Մաուգլի» մականունով Արաբկիրում հայտնի մի երիտասարդ, ով անմիջապես փախել է դեպքի վայրից: Գողացված պայուսակի մեջ եղել է 50 ԱՄՆ դոլար, 35.000 դրամ, տիկնոջ շպարի պարագաները եւ վարորդական իրավունքի վկայականը:

 

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՉԷ

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը երեկ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Լեւոն Ավետիսյանին: Նա նշել է, որ գործը վարույթ ընդունելուց հետո դատավորն այնպիսի գործողություններ է կատարել, որոնք օբյեկտիվորեն կասկածի տակ են դնում նրա անկողմնակալությունը:

 

ՊԵՏԱԿԱՆ  ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը երեկ կառավարությանը հարց է ուղղել այն մասին, թե ինչու են միջազգային կառույցներից ցածր տոկոսներով ստացվող վարկերը գյուղացուն հատկացվում 27-30 տոկոսով: Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցած էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը փորձել է հերթական խուճուճ ձեւակերպումներով խուսափել կոնկրետ պատասխանից, ինչից պատգամավորը բորբոքվել է եւ ասել. «Գյուղացիների մեծ մասը տները կորցրել է: Փոխկապակցված-կապակցված տարբեր հորինված բաներ, ամբողջ ազգուտակով, գյուղով ընկել են վարկերի տակ: Սա վաշխառություն է: 3-4 տոկոսով վերցնում եք, 25 տոկոսով տալիս, էդ ի՞նչ եք անում: Դիտավորյալ եք անում, որ մարդիկ հանցագո՞րծ դառնան: Մարդ ու կնիկ իրար վրա են գցում պարտքը, բաժանվում իրարից: Արդեն ընտանիք են քայքայում այդ վարկերը»:

 

ԵՐԲ ՈՐ ՄՈԳՈՆԵՆ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին անդրադարձել է Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքին: «Հայաստանի ամբարված ջրամբարների շուրջ 50 տոկոսը՝ 5 հարյուր մլն խորանարդ մետր ծավալ, մեկ որոշմամբ հանձնվեց, Որոտանն էլ տրվեց ուրիշ երկրին եւ կարդում եմ օրենքը, որտեղ ասվում է, որ պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են եւ ենթակա չեն մասնավորեցման: Հիմա ի՞նչ օրենքով, ի՞նչ հիմնավորմամբ են պետական ռազմավարական նշանակության ջրամբարները վերջնական արդյունքում վաճառվել: Մեկ էլ ասեք՝ ինչո՞ւ չեք պատասխանում այս հարցին»: Ի պատասխան` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ պատասխան չի տրվել, քանի որ՝ «հարցը շուտ էիք հնչեցրել, գրավորն էլ ուշ էիք ուղարկել, դրա համար… Կպատասխանենք անպայման»: Հիշեցնենք, որ Որոտանի հէկ-ի վաճառքի գործարքով նաեւ ռազմավարական նշանակության օբյեկտներ համարվող ջրամբարների մասնավորեցման մասին ավելի վաղ ահազանգել էր «Ժողովուրդ»-ը:

 




Լրահոս