ՔՍԱՆ ՏԱՐԻ Է՝ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆ
Էջմիածնի թաղամասերից մեկի` Մարգարայի խճուղու բնակիչները՝ մոտ 18 ընտանիք, քսան տարուց ավելի է, ինչ ջուր չունեն: Նրանք ջուր ձեռքբերելու համար ստիպված են լինում դույլերով քայլել մոտ 2կմ: Հուսահատված բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նշեցին, որ այս հարցով բոլոր մարմիններին, ընդհուպ մինչեւ երկրի նախագահը, դիմել են: Սակայն մինչ օրս խնդիրը չի լուծվել:
«Նախագահը եկել էր այստեղ` «Բիգա» սնկի արտադրությամբ զբաղվող ընկերություն, մենք էլ առիթից օգտվելով նամակը մի կերպ հանձնեցինք իրեն: Հետո` նամակին պատասխան եկավ, թե 2013-ին ձեր հարցը կլուծվի: Ու այդպես էլ չլուծվեց: Մոտ 2 մլն դրամի ծախս կա անելու, բայց մենք հնարավորություն չունենք»,-նշեց բնակիչներից մեկը:
Ջրի հետ կապված կենցաղային մյուս հոգսերը հոգալու համար մարդիկ հորեր են փորում, սակայն նույնիսկ շատ խորը փորելուց հետո քիչ քանակությամբ են ջուր հանում: Եթե չեն կարողանում ոտքով գնալ ջրի հետեւից, ապա տանը ջուր ունենալու համար օգտվում են տաքսի ծառայությունից, որի համար վճարում են 500 դրամ: Իսկ ձմռանը նույնիսկ դեպքեր են եղել, երբ ջուր բերելու համար սառույցի պատճառով մարդիկ ընկել են եւ կոտրվածքներ ստացել:
Բացի խմելու եւ ոռոգման ջրից, այս թաղամասն ունի նաեւ աղբահանության խնդիր: Այստեղ երբեւէ աղբատար մեքենա չի գալիս եւ չի տանում կուտակված աղբը: Ի դեպ, թաղամասի բոլոր տղամարդիկ ամեն տարի արտագնա աշխատանքի են մեկնում. «Տարվա մեջ մի շրջան կա, որ գաս` տղամարդ չես գտնի: Ինն ամիս տղամարդ չկա: Մի օր, մի տղա եկավ` մեքենան փչացել էր, ճանապարհին էր թողել, տղամարդու օգնության կարիք ուներ: Էդ խեղճը թաղամասի մի ծայրից վազեց դեպի մյուս ծայրը, բայց տղամարդ չգտավ (ծիծաղում է-Ս.Հ.)… ու հուսահատ հեռացավ»,-պատմեց տիկին Լուսիկը:
Բնակիչների հետ զրույցի ընթացքում «Ժողովուրդ»-ի թղթակցին մոտեցավ մի ծեր տղամարդ ու բարձրաձայն հայտարարեց. «Ձեր թերթի մի անկյունում, խնդրում եմ, գրեք, որ Հայաստանի մեջ անապատում ապրող մարդիկ կան: Ո՛չ խանութ ունենք, ո՛չ էլ տերուտիրակալ: Գրեք: Բա մեղքը չե՞նք: Հասարակ ջրի համար երկար ճամփա ենք կտրում: Ալարում են քաշեն: Եթե հրդեհ լինի, ապա բոլորս էլ կայրվենք, որովհետեւ բավարար քանակությամբ ջուր չունենք հրդեհը մարելու համար»:
Նշենք, որ ջրի հարցի հետ կապված բնակիչներին ուղղված նամակում ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից հայտնել են հետեւյալը. «Ջրամատակարարման նպատակով անհրաժեշտ է կառուցել մոտ 1300 մետր երկարությամբ ջրագիծ, որը նախատեսվում է իրականացնել Համաշխարհային բանկի վարկային նոր ծրագրի շրջանակներում` 2012-2013 թվականներին»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Էջմիածնի մասնաճյուղի իրացման գծով բաժնի պետ Արթուր Թումանյանի հետ, ով ասաց. «Մենք խնդրին ծանոթ ենք ու այն ներառել ենք ծրագրի մեջ: Այս տարվա ընթացքում այն կիրագործվի»: Փաստորեն` խնդիրը, որը պետք է լուծված լիներ դեռ 2012-2013թթ., դեռ նոր է մտել ծրագրի մեջ: Հենց այսպես էլ ապրում ենք «ապահով» Հայաստանում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՆՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Վերջերս Ստամբուլում կայացած բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) համաշխարհային համաժողովին 213 անդամ երկրից մասնակցել է 198-ը, այդ թվում՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ կառույցի նախագահ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:
Մեր պատվիրակության անդամներն առանձնազրույց են ունեցել ՖԻԲԱ-ի նախագահ Իվան Մայնինիի եւ գլխավոր քարտուղար Պատրիկ Բաումանի հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել ժամանել Հայաստան, տեղում ծանոթանալ մեր պայմաններին եւ հնարավորություններին: Հանդիպում է եղել նաեւ ՖԻԲԱ-Եվրոպայի գլխավոր քարտուղար Կամիլ Նովակի հետ:
Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանին:
-Պարոն Ռոստոմյան, ի՞նչ հարցեր քննարկվեցին Ստամբուլում։
-ՖԻԲԱ-ն գիտակցում է, որ ներկայիս մեթոդներով բասկետբոլը չի կարող ունենալ ցանկալի մասսայականություն, չի կարող զարգանալ: Ֆինանսական համեստ հնարավորություն ունեցող երկրները կտրված են միջազգային բասկետբոլից, շատերը չեն կարողանում մասնակցել պաշտոնական մրցաշարերին։ Համաժողովում բավականին շատ փոփոխություններ եղան, կարելի է ասել՝ գնում են ֆուտբոլի ճանապարհով, եւ դրան հասնելու համար համապատասխան կանոնադրական փոփոխություններ են հարկավոր։
-Ի՞նչ նկատի ունեք ֆուտբոլի ճանապարհ ասելով։
-Եթե անկեղծ ասեմ, բասկետբոլը նույնպես ցանկանում են սպորտից վերածել մեծ բիզնեսի։ Բայց ինչպես ասում են՝ փայտիկը երկու ծայր ունի. ե՛ւ լավ է, ե՛ւ վատ։ Լավ է նրանով, որ, մի կողմից՝ թույլ ֆեդերացիաները գումար կստանան, մարզաձեւը մասսայականություն կվայելի, բայց մյուս կողմից էլ՝ մեծ, կայացած ֆեդերացիաները բասկետբոլը կվերածեն իսկական բիզնեսի։ Բոլորս լավ գիտենք, որ ֆուտբոլում սպորտից բան չի մնացել, այն վերածվել է բիզնեսի։
-Իսկ դրան հակադրվողներ եղա՞ն։
-Շատ եղան, ու հիմնականում այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում սպանել սպորտը։ Մոտավորապես մի 30-40 երկիր խոսեցին այդ վտանգի մասին։ Հայաստանի, ինչպես նաեւ եվրոպական բոլոր երկրների համար անչափ կարեւոր է մայիսին Գերմանիայում՝ Մյունհենում կայանալիք ՖԻԲԱ-Եվրոպայի համաժողովը, որն անցյալ տարի մահացած նախագահի փոխարեն նոր նախագահ է ընտրելու։ Թեկնածուները երկուսն են՝ Թուրքիայի եւ Մակեդոնիայի բասկետբոլի ֆեդերացիաների նախագահները։ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան ուզում է բոլոր, այդ թվում՝ եվրոպական ֆեդերացիաները, այսպես ասած, ընդհանուր կաթսայում տեղավորել, իսկ եվրոպացիները դրան հակադրվում են։ Նրանք մի քիչ անկախ են, որովհետեւ մեծ փողերը հիմնականում Եվրոպայում են։ Հույս ունենք, որ եվրոպական արժեքները կհաղթեն, եւ կընտրվի արժանավորը։
-Այսինքն՝ միջազգային ֆեդերացիան ուզում է Եվրոպայում իր ուզած մարդո՞ւն ընտրել։ Եվ ո՞վ է նա։
-Իհարկե՛։ Եվ հաստատ դա մակեդոնացին չէ։
Զրուցեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
ՄԱՐԶԵՐ
«ԿՐԱԿՈՒՄ ԵՆ, ՊԱԽԿՎՈՒՄ ԵՆՔ»
Մարտի 26-ի կեսօրի դրությամբ Տավուշի մարզի սահմանագոտում հանգիստ էր, ադրբեջանական զինուժը մարզի սահմանամերձ բնակավայրերի վրա կրակ չի բացել: Սակայն այդ անդորրը շատ հարաբերական ու անկայուն է, քանզի ցանկացած պահի ազերիները կարող են վերսկսել գնդակոծությունը: Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն ասաց, որ մարտի 25-ին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել գյուղի պաշտպանական դիրքերի, այգիներում աշխատող մովսեսցիների վրա: «Կրակում են, պախկվում ենք, կրակի մեջ ենք մնացել»,-ասաց գյուղապետը: Բարեբախտաբար, դաշտում աշխատող մովսեսցիները հասցրել են թաքնվել, տուժող չի եղել: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ ասաց, որ մարտի 26-ին գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, սակայն հեռվից կրակոցների ձայներ են լսվել: Իսկ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի փոխանցմամբ՝ մարտի 26-ին ադրբեջանական զինուժը կրակել է գյուղի պաշտպանական դիրքերի վրա, նաեւ սակավ թվով կրակոցներ են եղել գյուղի ուղղությամբ: Վնասներ չկան: Իսկ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց, որ ինքն այդ պահին գյուղի ընկերների հետ իր այգին էր էտում: «Չինարիում ամեն տեղ էլ սահմանին մոտ վտանգավոր է»,-նշեց գյուղապետը: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը եւս ասաց, որ ներկայումս վիճակը հանգիստ է, Ջողազի ջրամբարի ձախ ափին դիրքավորված ադրբեջանցիները չեն կրակում: Գյուղապետը հայտնեց, որ Բերքաբերի վրա շատ կրակոցներ են եղել մարտի 20-ի գիշերը: Այդկերպ ադրբեջանցիները նշել են Նովրուզ Բայրամի տոնը: Բարեբախտաբար, այդ գնդակոծության հետեւանքով Բերքաբերը էական վնաս չի կրել:
ՈՒՂԵՎԱՐՁԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Դիլիջանում արդեն 4 օր է` ներքաղաքային ավտոբուսների ուղեվարձը թանկացել է: Նախկինում այն չափահասների համար 70, իսկ ուսանողների եւ դպրոցականների համար 35 դրամ էր: Այժմ ուղեվարձը չափահասների համար 100, իսկ ուսանողների եւ դպրոցականների համար 50 դրամ է: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ներքաղաքային երթուղիները սպասարկող «Էմիլ Մարգարյան» անհատ ձեռներեցը ձեռք է բերել 3 հատ նոր ավտոբուս. ««ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները ֆիզիկապես եւ բարոյապես մաշված էին: Դրանց վրա դրված էին գազի բալոններ, որոնց ծանրության տակ ավտոբուսների ծածկն ավերվել էր: Երբ անձրեւում էր, ավտոբուսների մեջ բոլորը զոնտիկները բացում էին»: Քաղաքապետի համոզմամբ՝ ուղեվարձի բարձրացումն անհրաժեշտություն էր, այլապես միակ ուղեւորափոխադրողը կհրաժարվեր ներքաղաքային երթուղիները սպասարկելուց:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ