Կփորձեմ փոքրիկ դուռ բացել դեպի Հոլիվուդ. Լիա Զախարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերիալներից եւ ֆիլմերից հայտնի դարձած դերասանուհի Լիա Զախարյանին հնարավոր է՝ ապագայում տեսնենք դեսպանի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմել է Հոլիվուդ մուտք գործելու նպատակի, ինչպես նաեւ՝ իրեն վերագրվող սիրավեպերի եւ ապագա ընտանիքի մասին:

-Կարելի՞ է ասել՝ «Կյանքից առավել» ֆիլմում հանդես գալով՝ փորձեցիք ապացուցել, որ միայն գլամուրային դերերի համար չեք:

-Այո՛, ես այս ֆիլմում կերպարանափոխվելու հնարավորություն ունեցա, հանդես եմ եկել դրամատիկ դերում, շուտով կպարզվի, որ իմ կերպարը նաեւ մարդասպան է. ակնհայտ են անցումները բացասական դերից դրականին եւ հակառակը:

1

-Շուտով կկայանա «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի պրեմիերան, այնտեղ Դուք մարմնավորել եք մի աղջկա, ով շատ է սիրում կենդանիների, եւ հենց կենդանին էլ փոխում է նրա ճակատագիրը: Առհասարակ, պատահականությունների հավատո՞ւմ եք:

-Այո՛, ես հավատում եմ պատահականությունների, ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն բան ունի իր նշանակությունն ու իմաստը:

-Ունեք նաեւ դիվանագետի մասնագիտություն, նույնիսկ ասել եք, որ հնարավոր է՝ ապագայում Ձեզ տեսնենք դեսպանի պաշտոնում: Դերասանուհուց դեսպան դառնալու ուղին ինչպե՞ս եք պատկերացնում:

-Կարծում եմ՝ դիվանագետին դերասանական ձիրք է պետք, իսկ դերասանն էլ պետք է լավ դիվանագետ լինի, որ առաջ գնա: Ինձ համար դրանք համատեղելը դժվար չէ: Մեր շոու-բիզնեսում էլ կան մարդիկ, ովքեր քաղաքականության ոլորտում իրենց դիրքն են գրավել:

-Նաեւ Հոլիվուդ մուտք գործելու հեռահար մտադրություն ունեք. սա ռոմանտիկ աղջկա երազա՞նք է, թե՞ կոնկրետ նպատակ:

-Չէ՛, ես ռոմանտիկայով չեմ ապրում, եթե ունես նպատակասլացություն եւ տաղանդ, ամեն ինչի էլ կհասնես: Եթե հաջողվի՝ ԱՄՆ-ում կշարունակեմ ուսումս որպես ասպիրանտ, այդպիսով զուգահեռաբար կփորձեմ փոքրիկ դուռ բացել դեպի Հոլիվուդ, դերասանական ոլորտում առաջ գնալ:

2

-Ձեր ոլորտում գործնական հարաբերությունները կարող են թեժանալ իրարից դեր «փախցնելու», միմյանց ստվերում թողնելու հողի վրա: Ինքներդ նման խնդիրների բախվե՞լ եք:

-Ես նման վճռորոշ պահերին միշտ առաջնորդվում եմ երկարատեւ լռություն պահպանելու սկզբունքով: Իմ կյանքում եղել է նման մի բան. ես պետք է մի նախագծի շրջանակներում խաղայի, հետո իմացա, որ ուրիշն է կերտելու իմ դերը: Ես համբերատար գտնվեցի, սպասեցի, ու ամեն բան իր տեղն ընկավ. ավելի լավ դեր ստացա:

-Դուք այն մարդկանցից եք, ովքեր հանրությունից չեն թաքցնում իրենց անձնական կյանքի մանրամասները, հրապարակում եք տեղեկություններ, սկսած Ձեր ծնողների բաժանված լինելու փաստից մինչեւ տատիկի մահը. չե՞ք վախենում, որ այդ կերպ կնպաստեք Ձեր մասին ավելորդ բամբասանքների տարածմանը:

-Եթե ոչինչ էլ չասեմ հանրությանը, միեւնույն է՝ իմ անվան շուրջ կպտտվեն ամենատարբեր խոսակցություններ՝ թե՛ իրական, թե՛ սուտ: Իսկ երբ մարդիկ քո մասին ոչինչ չգիտեն, հավանականությունը մեծ է, որ կտարածեն սուտը:

-Հանրությունը Ձեզ «ներքաշեց» նաեւ սիրավեպերի մեջ, նախ՝ Ձեր անունը կապվեց երգահան Արման Անտոնյանի, ապա՝ դերասան Արթուր Սահակյանի հետ. գուցե տղաների հետ հարաբերություններում բարդույթներ չունեք, եւ այդ պատճառո՞վ են տարածվում նման խոսակցություններ:

-Ինձ թվում է՝ երբ հանրությանն անձնական կյանքիդ մասին տեղեկություն չես տալիս, մարդիկ փորձում են օգտագործել ամեն առիթ: Իրականում երկուսի հետ էլ գործնական հարաբերություններ եմ ունեցել, պարզապես Արթուրի հետ սիրային զույգ ենք խաղացել, իսկ տարածում գտած ջերմ լուսանկարներն էլ, ինչու ոչ, փիար են արել մեզ: Ես դեռ իրական սիրավեպի վերաբերյալ նորությունների տարածման առիթ չեմ տվել:

3

-Ձեր կողքի տղամարդուն ո՞ր ոլորտից եք պատկերացնում, եւ ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ապագա ընտանիքը:

-Իմ կողքի տղամարդը պետք է դերասանական ոլորտից դուրս լինի: Ըստ իս, զուգընկերները պետք է իրենց հետաքրքրություններով լրացնեն միմյանց: Բացի այդ՝ լինելով այս ասպարեզում, գիտեմ, թե ինչպես են այստեղ հարաբերություններ ստեղծվում: Եթե ես աղջիկ եմ եւ գիտեմ իմ չափն ու սահմանը, ապա ոչ մի երաշխիք չեմ կարող ունենալ իմ զուգընկերոջ դեպքում, իսկ ես հարմարվող ու ներողամիտ չեմ: Առհասարակ, պատկերացնում եմ, որ ընտանիքս լինելու է արկածախնդիր եւ միահամուռ: Պետք է այնպես անենք, որ մեր ընտանիքներում չկրկնենք ծնողների սխալները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս