ՓՐԿԵՆՔ ԿԱՐԱԲԱԼԱՅԻ ԱՐՁԱՆԸ. ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակ առ ժամանակ «Ֆեյսբուք»-ում կյանքի են կոչվում տարբեր հասարակական նախաձեռնություններ, որոնց մի մասը ստանում է լայն արձագանք եւ ունենում որոշակի հաջողություններ:
Արդեն մի քանի օր է, ինչ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ծնունդ է առել մի նոր նախաձեռնություն, որի նպատակն է Կարաբալայի արձանը տեղադրել իր իսկական տեղում: Հիշեցնենք, որ այժմ այն գտնվում է Հյուսիսային պողոտայի տարածքում տեղակայված «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմաց: Իսկ այդ սուպերմարկետի սեփականատերը ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսիկ Նազարյանն է (պաշտոնապես՝ նրա որդին):
Նախաձեռնության հեղինակ Արամազդ Իսկանդարյանն այդ կապակցությամբ բացված ֆեյսբուքյան իրադարձության պատին գրում է. «Սիրելի՛ երեւանցիներ, ամեն օր տեսնելով Կարաբալայի արձանը ԾՏրՍՉՌփՍՈ սուպերմարկետի դիմացը լքված կանգնած, ափսոսում եմ, որ իբր թե արձանի լինելիությամբ հարգանք ենք մատուցում իրեն… եկեք փորձենք նրան տեղափոխել Աբովյան փողոցի իր նախկին տեղը, որտեղ նա անցորդներին իրոք կբաժանի իր վարդերը… այս փոքր քայլով փորձենք մի փոքրիկ դետալ մեր հին քաղաքից ետ բերել… հրավիրեք ձեր ընկերներին եւ տարածեք EVENT-ի լինկը, որ ավելի լայն շերտերին հասանելի դառնա այս միջոցառումը: Նախաձեռնությունը ՉԻ պատկանում ոչ մի ՀԿ-ի եւ չի հարում ոչ մի քաղաքական ուժ, սա ուղղակի քաղաքացիական նախաձեռնություն է…»:
Նախաձեռնությանը երեկվա դրությամբ արդեն միացել էին շուրջ 300 օգտատերեր, եւ նրանց թիվն անընդհատ աճում է: Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում այս պահանջին, օրինակ՝ Վերա Մարտիրոսյանը գրում է. «Այն, որ արձանը կանգնած է Մոսկվիչկայի դեմը, նշանակում է, որ Երեւանի ղեկավարները թքած ունեն այս քաղաքի վրա: Մաշտոցի պուրակ, փակ շուկա, որի դեմ պայքարես??»:
Գայանե Նազարյանն էլ ավելացնում է. «Չեմ հասկանում՝ մոտավորապես ինչո՞վ են մտածում մարդիկ, երբ արձանը մի տեղից մյուսն են տեղափոխում: Իմ կարճ խելքով՝ Կարաբալան հին Երեւանի սիմվոլն է ու պիտի որ գոնե հին Երեւանի շենքերի հետ «խոսեր», ոչ թե խիստ ժամանակակից Հյուսիսային պողոտայի ու առավել եւս՝ ինչ-որ սուպերմարկետի մոտ անճաշակության գագաթնակետ թվար», իսկ Ինգա Իսախանյանն արձագանքում է. «Փրկենք Կարաբալայի արձանը, պահպանենք մեր Երեւանի կոլորիտը: Ես երեւանցի եմ, Կարաբալայի արձանն իմ մանկության խորհրդանիշներից մեկն է, ուզում եմ իմ երեխաներն էլ տեսնեն այն»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս