ԱՆԼՈ՞ՒՐՋ Է, ԹԵ՞ ԼՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի` ՀԱԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ ՀԱԿ-ի Գյումրու կառույցը նախ կպառակտվի, ապա կդադարեցնի իր գործունեությունը: Պատճառն այն է, որ Զաքարյանն այստեղ ուներ իր թիմակիցների շարքը, որոնց նաեւ համախմբում էր իր ներկայությամբ: Զաքարյանը նաեւ ասաց, որ իր քայլից հետո էլի կլինեն մարդիկ, որոնք հանդես կգան նման հայտարարությամբ, պարզապես խուսափեց ժամանակից շուտ կոնկրետ անուններ հրապարակել:
Փորձեցինք ճշտել, թե Զաքարյանի հեռանալուց հետո ինչպես է աշխատում ՀԱԿ Գյումրու կառույցը, արդյոք ՀԱԿ շարքերը չեն նոսրացել: Նշենք, որ համակարգողի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է ՀՀՇ Գյումրիու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը: Նա մեզ փոխանցեց, որ դեռեւս քաղխորհրդի նիստ չի գումարվել, եւ մինչ այդ հենց ինքը կզբաղեցնի պաշտոնը: Մուրադ Գրիգորյանի խոսքերով՝ Զաքարյանի հեռանալուց հետո տեղի ՀԱԿ համակիրներից դեռեւս որեւէ մեկը չի հետեւել նրա օրինակին. «Դեռեւս ոչ ոք հայտարարություն չի արել, մասնավոր զրույց էլ չի եղել: Ո՛չ հրապարակային, ո՛չ մասնավոր»:
Թեեւ լուրեր են շրջանառվում, որ ՀԱԿ Գյումրու կառույցում իրավիճակը բավականին լարված է, եւ ՀԱԿ-ի վարած քաղաքականությունից, ընտրություններից հետո որդեգրած կեցվածքից մեծ է հուսալքվածների թիվը, սակայն Մուրադ Գրիգորյանը համառորեն պնդեց, որ Կոնգրեսի տեղի գրասենյակում եթե մթնոլորտի փոփոխություն է եղել, ապա միայն դրական իմաստով, շարքերն ավելի համախմբված են, եւ ճաք անգամ չկա: «Այսինքն՝ Զաքարյանի հեռանալն ավելի՞ համախմբեց Կոնգրեսին»,-հարցրինք ՀԱԿ տեղի համակարգողին: «Դա Դուք այդպես ասացիք, բայց հաստատապես ասում եմ` իրավիճակ չի փոխվել»,-եզրափակեց Մ. Գրիգորյանը:
Ինքը` Աշոտ Զաքարյանը, «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ հայտարարությունից հետո բացարձակապես չի առնչվել գրասենյակի աշխատանքներին: Կոնգրեսի տեղի կառույցում տիրող իրավիճակն էլ չցանկացավ մեկնաբանել. «Գուցե շատ սուբյեկտիվ ընկալվի, դրա համար զերծ կմնամ կարծիք հայտնելուց»: Սակայն պնդեց, որ իր հեռանալուց հետո եղել են մարդիկ, որոնք դուրս են եկել Կոնգրեսից, մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ եւ իր ազատամարտիկ ընկերներից ոմանք: Գուցե դա չի հրապարակվել, սակայն կան այդպիսիք` պնդեց Զարքարյանը` հավելելով. «Պարզապես անլուրջ կլիներ, եթե նման մարդիկ չլինեին»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս