Մայիսի 29-ին Իջեւանում` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կայացավ 2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբ» զորամասի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում հարցաքննվեց գործով առանցքային վկա Արթուր Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստերի ժամանակ ոստիկանության Սիսիանի բաժանմունքից գրություն էր ստացվել, որ Արթուր Մկրտչյանը դատարան չի ներկայանում, որովհետեւ բանջար հավաքելու է գնացել Լեռնային Ղարաբաղ: Նիստի սկզբում դատարանում ներկայացվեց գրություն այն մասին, որ գործով առանցքային մյուս վկա Արման Մնացականյանն անառողջ է, ստացիոնար բուժման կարիք ունի: Արթուր Մկրտչյանի մայրն էլ դատարան գրություն էր ուղարկել, որ իր որդու վրա ամբաստանյալ զինվորների ծնողները ճնշումներ են գործադրում, ուստի դատարանը պետք է նրա նկատմամբ պաշտպանական միջոցառումներ կիրառի:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել, որպեսզի սույն գործով դատական նիստերը տեղափոխվեն Երեւան, այնուհետեւ դատավոր Սամվել Մարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Սակայն այս միջնորդությունները դատարանի կողմից չընդունվեցին:
Արթուր Մկրտչյանին հարցեր տվեցին մեղադրողներ Հայկ Հարոյանը, Հարություն Հարությունյանը, տուժողի իրավահաջորդ, Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանը եւ վերջինիս ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Վկան հարցերին պատասխանելիս շատ կաշկանդված էր, չէր համարձակվում նայել տուժողի իրավահաջորդի, վերջինիս ներկայացուցչի, ամբաստանյալների կողմը: Գործով ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանն այս առթիվ «ռեպլիկ» հնչեցրեց, թե Արթուր Մկրտչյանն ամաչում է իրենց նայել:
Վկան չէր կարողանում հիմնավորել, թե ինչու էր անցյալ տարվա աշնանը գրություն գրել, որտեղ նշել էր, թե իր կողմից ամբաստանյալ 3 զինծառայողների վերաբերյալ մեղադրական բնույթի ցուցմունքները գրվել են քննիչների ծեծի եւ ճնշման տակ: Դատարանում Արթուր Մկրտչյանը հայտարարեց, թե այդ գրությունը գրել է ամբաստանյալ 3 զինվորների ծնողների ճնշման տակ: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն էլ նրան հարցրեց՝ արդյոք «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նաիրա Բուլղադարյանին Արթուր Մկրտչյանի տված նույնաբովանդակ հարցազրույցն էլ է ճնշման տակ տրվել: Վկան ոչ համոզիչ կերպով նշեց, որ Երեւանի այգիներից մեկում տեղի ունեցած այդ հարցազրույցի ժամանակ իր դիմաց գտնվել են ամբաստանյալ զինծառայողների ծնողները, եւ դա ճնշում էր իր հանդեպ:
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ այդ հարցազրույցի վերաբերյալ կա տեսագրություն, եւ միջնորդեց դա կցել քրեական գործին: Դատավոր Մարդանյանն ասաց, որ դրան կանդրադառնան դատական հետագա փուլում: Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը մի քանի հարց ուղղեց վկային, որոնց ի պատասխան՝ վերջինս ասաց, որ ինքը շուրջ 25 օր գտնվել է Բերդի ռազմական ոստիկանության կալանատանը՝ «գուբախտում»: 10 օրից հետո նրա մոտ են բերել եղբորը՝ նույնպես զինծառայող Վարդան Մկրտչյանին: Վերջինիս ՌՈ տանելն անհասկանալի է, քանի որ նա չի եղել դեպքի վայրում, ծանոթ չի եղել Արտակ Նազարյանի մահվան հանգամանքներին: Վկա Արթուր Մկրտչյանի խոսքերով՝ ռազմական ոստիկանությունում գտնվելու առաջին 10 օրվա ընթացքում իրեն օրական մի քանի անգամ հարցաքննել են: Սակայն քրեական գործում առկա է միայն 8 հարցաքննության արձանագրություն:
Նշենք, որ դատական նիստը շատ լարված էր ընթանում, հաճախ վիճաբանություններ էին տեղի ունենում իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի եւ դատավոր Սամվել Մարդանյանի, Ռուբեն Մարտիրոսյանի եւ մեղադրող Հարություն Հարությունյանի միջեւ: Իրավապաշտպանն այս դատն անվանեց աբսուրդի թատրոն, խեղկատակություն: Դատական հաջորդ նիստին, որը կկայանա մայիսի 30-ին, կշարունակվի վկա Արթուր Մկրտչյանի հարցաքննությունը:
Տավուշ