Գյումրիում 215 անօթևանի բնակարան կտրամադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում բնակվող 443 անօթեւան ընտանիքներից 215-ը բնակարան կստանան ԲԳՎ ծրագրով: Դրանք այն ընտանիքներն են, որոնք մինչեւ 2008 թվականի նոյեմբերի մեկը ընդգրկված են եղել հերթացուցակում: Ավելի վաղ անդրադառնալով անօթեւանների խնդրին՝ նշել էինք, որ կառավարությունն այդպես էլ չէր հստակեցնում, թե բնակարան գնելու վկայագրերի դիմաց երբ եւ որքան գումար է հատկացնելու:

Այսօր արդեն հստակեցված են տրամադրվող գումարի չափն ու ձեւը: Տեղեկացանք, որ մեկ քառակուսի մետր բնակմակերեսի համար պետությունը հատկացնելու է 109.300դրամ:

Այսպիսով ստացվում է 1 սենյականոց բնակարան գնելու համար անօթեւանին հատկացվելու է 4մլն 900 հազար դրամ, 2 սենյակի համար՝ 6 մլն, 3 սենյականոցին՝ 7մլն 100 հազար դրամ, իսկ ահա 4-ին՝ 8 մլն 200 հազար դրամ: Նշենք, սակայն, որ գումարը բոլորի համար նախատեսված չէ: Վկայագրեր կստանան միայն նրանք, ովքեր Շիրակի մարզպետարանից կծանուցվեն: Իսկ այն ընտանիքները, որոնք չեն ստանա ծանուցում, ստիպված կլինեն սպասել 2015 թվականին: Ինչպես նշեցին պատասխանատուները՝ սա ծրագրի առաջին փուլն է, եւ հատկացված գումարը հազիվ է բավարարում այն իրականացնելու համար:

Ի դեպ, ԲԳՎ ստացած քաղաքացին բնակարան կարող է գնել հանրապետության ցանկացած մարզում, միայն թե պետք է լինի մարզպետարանի համապատասխան թույլտվությունը, թե որքանով է բնակարանը պիտանի շահագործման համար:
Շահառու ընտանիքներին ուրախացրել է այն, որ պետության կողմից չկա սահմանափակում էժան եւ թանկ բնակարան գնելու հարցում, եւ էժան բնակարան գնելու դեպքում պետությունը գումարը ետ չի պահանջելու:

Ճշտեցինք նաեւ, որ պետությունը գումարները փոխանցելու է անօթեւան ընտանիքների հաշվեհամարներին: Ծրագիրն իրականացվելու է մինչեւ 2015 թվականի օգոստոսի 1-ը: 6 ամսվա ընթացքում անօթեւանը պարտավոր է բնակարան գտնել, հակառակ դեպքում պետությունը կհամարի իր պարտավորությունը կատարած, իսկ բնակարան չգտած ընտանիքը կշարունակի անօթեւանի կարգավիճակում մնալ:

Արեւիկ Հակոբյան
Գյումրի

 




Լրահոս