Ո՞Վ Է ՊԱՅԹԵՑՐԵԼ «ԷԼԵԿՏՐՈՆ» ԳՈՐԾԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 14:48-ի սահմաններում, տեղեկություն տարածվեց, որ պայթյուն է տեղի ունեցել Չարբախ թաղամասի Շարուրի 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանում, որի արդյունքում փլվել է շինությունը:
Փլատակների տակից դուրս բերվեց եւ հիվանդանոց տեղափոխվեց մի հոգի, եւս մեկին՝ 64-ամյա Ադիբեկ Բարսամյանին, փրկարարներն ավելի ուշ գտան փլատակների տակից` արդեն մահացած: Ժամեր անց տեղեկացանք, որ «Էրեբունի» բժշկական հիվանդանոց տեղափոխված երկրորդ տուժածը` 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը եւս մահացել է:
Պայթյունի վայր շտապած լրագրողները փորձում էին ամեն կերպ ներս մտնել, սակայն հատկապես նրանց մուտքը գործարանի շենք արգելված էր: Չարբախի բնակիչները, ահաբեկված տեղի ունեցածից, դուրս էին եկել իրենց բնակարաններից, սակայն նրանցից ոչ ոք չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ամալյա տատիկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ միայն երկրաշարժի նման գմփոցներ է լսել. «Աղջի՛կ ջան, մենակ գմփգմփոցներն առա, ասի ա՛յ մարդ, էս ի՞նչ էր, երկրաշարժ եղավ, հետո իմացա, որ պայթյուն է եղել գործարանի ներսում»: Մեր հարցին, թե ումից իմացավ, Ամալյա տատիկը հրաժարվեց պատասխանել:
Նշենք, որ դեպքի վայր էր ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ փորձագետներով, բացի այդ, տեղում աշխատում էին հրշեջ փրկարարական 4 մարտական հաշվարկ եւ շտապօգնության բրիգադ: Ժամանել էին նաեւ Երեւանի փրկարարական ծառայության մեծ թվով փրկարարներ ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ, Երեւանի ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետներ:
Ներկաներից շատերը նշում էին, որ տեղի ունեցածը դիտավորյալ պայթեցում է, սակայն ով է արել կամ ինչու՝ դրա վերջնական պատասխանը կտրվի փորձաքննչական եւ փորձաքրեագիտական աշխատանքներից հետո: Ժամեր շարունակ դրսում անտեղյակության մեջ սպասող լրագրողների բողոքներն ի վերջո տեղ հասան, եւ պարզաբանումներով հանդես եկավ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը. «Ձեր անվտանգությունից ելնելով` թույլ չենք տալիս ներս մտնել, մի փոքր համբերե՛ք»: 2 ժամ սպասեցնելուց հետո վերջապես մեզ թույլ տվեցին մտնել գործարան, որտեղ մեզ հետ հանդիպեց նախարար Արմեն Երիցյանը եւ նշեց, որ դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:
«Պայթյունի հետեւանքով փլատակների տակ են մնացել արտադրամասի վարիչ 64-ամյա Ադիբեկ Բարսամյանը եւ նրա տեղակալ 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը»,- ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ հավելելով, որ գործարանի տնօրենից ճշտել է, որ պայթյունի պահին արտադրամասում երկու հոգի են եղել, այլ վիրավորներ եւ անհետ կորածներ էլ չկան:
 Նշենք, որ դեպքի վայրում էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ փլված շենքը …տնվում է պաշտպանության նախարարության ենթակայության  տակ: ԱԻՆ ղեկավարը  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` դեպքի վայր ժամանելը բացատրեց այն հանգամանքով, որ ՊՆ-ն պայմանագիր ունի գործարանի հետ եւ արտոնագրով որոշակի բաներ է արտադրում:
Ի դեպ, երեկ՝ 18:27-ինմ լուր տարածվեց, որ հրդեհ է բռնկվել նաեւ Երեւանի Իսակովի պողոտայի 18/10 հասցեում՝ ՀՀ ռազմական ոստիկանության շենքում: Սակայն ավելի ուշ ԱԻՆ-ը հերքեց, թե ընդամենը կարճ միացում էր եղել: Բայց տպավորությունն այնպիսին է, որ պաշտոնական աղբյուրները պարզապես խուսափում են հաստատել հրդեհների մասին տեղեկությունները, քանի որ 4 մարտական հաշվարկով «կարոտկի» հանգցնելը, մեղմ ասած, լուրջ չէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս