Առաջին դեպքը չէ, երբ հայտնիների զավակներն ընտրում են ծնողներից որեւէ մեկի ճանապարհը: 20-ամյա ՍԵՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ` Թովմաս Պողոսյանի դուստրը, որոշեց իրեն փորձել երգի ասպարեզում: Ուսանելով ազգային ու աշուղական երգ` վերջերս Սերինեն ներկայացրեց նաեւ բացարձակապես այլ ոճի կատարում` «Սառը քամի» դուետն Անդրեի հետ:
-Ժողովրդական երգն այլեւս Ձեր սրտո՞վ չէ, ինչի՞ հետ էր կապված ոճի փոփոխութունը:
-Ոճս չեմ փոխել, պարզապես ժողովրդականի հետ զուգընթաց ցանկացա ինձ փորձել մեկ այլ ոճում, ընդամենը դա: Ես հիմա էլ եմ երգում ու երգելու եմ ժողովրդական, սակայն չի բացառվում, որ հանդես գամ նաեւ տարբեր ոճի տեսահոլովակներով ու կատարումներով: Այնուամենայնիվ, հիմնական ոճս ժողովրդականն է լինելու: Ժամանակի ընթացքում կգա մի պահ, երբ ես կկայանամ ժողովրդական երգի մեջ: Պարզապես ժողովրդականն այնքան պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում, որ դա տարիների ընթացքում ես ձեռք բերում ու հասունանում այդ ասպարեզում:
-Ասում են` ժողովրդական երգն այդքան էլ հեշտ ժանր չէ ու նաեւ ոչ այդքան զանգվածային: Մտավախություն չունե՞ք, որ միայն ժողովրդականով շատ մեծ լսարան միգուցե չունենաք, չկարողանաք, օրինակ, մարզահամերգային համալիր լցնել:
-Ինձ համար այդքան էլ կարեւոր չէ համալիր լցնելու փաստը, կարեւորը` ես իմ նախընտրած ճանապարհով գնամ, որտեղ ինձ լավ կզգամ: Դա ոչ միայն իմ որոշումն է, այլեւ ընտանիքիս: Դուք էլ լավ գիտեք, որ հայրս իր խորհուրդներով միշտ կողքիս է: Կփորձեմ առավելագույն որակով ներկայանալ, ինչպես հանդիսատեսն է ուզում: Չնայած հանդիսատեսն էլ շատ տարբեր մակարդակ ու նախասիրություններ ունի:
-Այսօրվա հանդիսատեսը շատ ավելի թեթեւ ժանրի երգեր է սիրում, հնարավո՞ր է` մի քիչ պահանջարկին հետեւեք:
-Հնարավոր է, քանի որ ես էլ ժամանակակից մարդ եմ, 21-րդ դարում եմ ապրում, շատ չեմ տարբերվում իմ հասակակիցներից: Իմ շրջապատը վատ երաժշտություն չի լսում, կարծում եմ` հիմա ավելի շատ են ժողովրդական լսում, քան երբ ես փոքր էի: Իմ հասակակիցները շատ ջերմ են ընդունում իմ կատարումները:
-Երբ ասում են, դե հասկանալի է, որ Ձեզ Ձեր հայրը` Թովմաս Պողոսյանն է օգնում, ինչպե՞ս եք արձագանքում այդ փաստին, եւ արդյո՞ք նա օգնում է:
-Ճիշտ են ասում, պարզ է, որ հայրս օգնում է: Վատն է այն ծնողը, որ հնարավորություն ունի իր երեխային օգնելու եւ չի օգնում: Իմ հոր ներդրումն իմ ստեղծագործական կյանքում անհերքելի է, բացառիկ եմ համարում, քանի որ այդպիսի մարդն իմ կողքին է, որն ինձ ճիշտ ուղղորդում է: Չեմ կարծում, թե վատ բան է, որ հայրս ինձ օգնում է: Շատ մարդիկ հենց այդ օգնության պակասն ունեն:
-Եթե նա չլիներ Ձեր կողքին, կկարողանայի՞ք որոշակի քայլեր ինքնուրույն անել:
-Երեւի կանեի, բայց եթե հայրս չլիներ, միգուցե եւ երաժշտական ընդունակություններ էլ չունենայի:
-Ի՞նչ խորհուրդներ է տալիս պարոն Պողոսյանը:
-Դեռ չի եղել այնպիսի բան, որ իր խորհրդով չանեմ: Ինքը` որպես երաժիշտ, շատ խիստ է իմ նկատմամբ, որ հետո քննադատությունների չարժանանանք, ո՛չ ինքը նեղվի, ո՛չ ես:
-Իսկ ինչո՞ւ որոշեցիք զուգերգ կատարել հենց Անդրեի հետ:
-Անդրեին համարում եմ ճաշակով կատարող, երգիչ: Երբ երգը լսեցինք, զգացինք, որ ավելի լավ է դուետով հանդես գալ: Սկզբում տատանվում էինք` որ երգչի հետ համագործակցենք, հետո ե՛ւ հայրս, ե՛ւ ես մտածեցինք, որ Անդրեն շատ ավելի լավ կկարողանա հասցնել երգը հանդիսատեսին: Դիմեցինք նրան, նա էլ համաձայնեց: Առաջարկն իմ կողմից էր:
-Հետաքրքիր է, իսկ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ինչպե՞ս դիմավորեցին նոր կատարողին: Ի՞նչ արձագանքներ եք լսել:
-Դե առաջինն Անդրեի հետ շփվեցի, ու մտերմացանք, ինչպես հայրս ինձ կօգներ, այդպես էլ նա ինձ աջակցեց իր խորհուրդներով: Անդրեն ինձ նաեւ ասել է, որ հանկարծ հիասթափություններից չկոտրվեմ: Իսկ շոու բիզնեսի մնացած ներկայացուցիչների հետ շատ առիթներ չեմ ունեցել շփվելու: Չեմ մտածում, որ նրանք կարող է նախանձով լցվեն այն մարդկանց նկատմամբ, որոնք նոր են գալիս, խոսքս պրոֆեսիոնալ կատարողների մասին է:
-Ի՞նչ նախագծեր ունեք հետագայի համար:
-Հիմա ավելի շատ կենտրոնացած եմ ուսմանս վրա: Սովորում եմ Կոնսերվատորիայի ժողերգեցողության բաժնի երրորդ կուրսում, պատրաստվում եմ դիմել նաեւ երաժշտագիտական բաժին:
-Սովորելուց բացի, ուրիշ ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Շատ չէ, բայց ինձ սպորտային մարդ եմ համարում, պարի, լողի եմ հաճախում: Փորձում եմ հասցնել ամեն ինչ, ինչն ինձ հետաքրքիր է այս կյանքում: Հասցնում եմ նաեւ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել: Ուսման առումով էլ փորձում եմ ոչինչ բաց չթողնել, քանի որ ծնողներս էլ ասում են, որ հետո շատ ավելի բարդ կլինի հիշել ու սովորել:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան 10 տարի հետո:
-Դասախոս Կոնսերվատորիայում, ես երեւի ավելի կմասնագիտանամ ֆոլկլորագիտության մեջ: 10 տարի հետո կլինեմ ընտանիքի մայր: Մեծ բաներ չեմ ուզում, ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ կունենամ:
ՎԱՏ ԲԱՆ ՉԷ, ԵՐԲ ՀԱՅՐՆ ՕԳՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ