ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հաճախ ստիպված եմ լինում ավտոմեքենաս թողնել տարբեր ավտոկայանատեղերում:  Կան տեղեր (Գարեգին Նժդեհի 23), որտեղ նախ գրված է վճարովի կանգառ, եւ բացի այդ, վճարման դիմաց տրված ՀԴՄ-ի վրա էլ է գրված վճարովի: Սակայն կան տեղեր (Դավիթ-Բեկի 71, Զաքյան 2) որտեղ ո՛չ կանգառում է գրված վճարովի, ո՛չ աշխատողի տված ՀԴՄ-ի վրա: Ուզում եմ հասկանալ, թե ինչու  մի տեղում գրված է վճարովի, մյուս տեղում՝ ոչ: Եթե գրված չէ, ապա ես արդյոք պետք է վճարեմ: Խնդրում եմ բացատրել՝ որն է այդ կանգառների տարբերությունը:

Մարտին Հովսեփյան, 45 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցող Մ. Հովսեփյանի կողմից մայրաքաղաքի կայանատեղերի վերաբերյալ արված հարցադրումների կապակցությամբ հայտնում եմ, որ ինքնաշեն ցուցանակներով կահավորված կամ չկահավորված կայանատեղերի միջեւ, ըստ էության, տարբերություն չկա:
Մայրաքաղաքում ներկայում շահագործվող վճարովի կայանատեղերը գործում են վարչական շրջանների ղեկավարների ու տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված ժամանակավոր պայմանագրերի հիման վրա: Համապատասխան ճանապարհային նշաններով, գծանշումներով ու միասնական նմուշի ցուցանակներով դրանց համատարած կահավորվածության նկատմամբ հսկողությունը ցանկալի արդյունքներ չի կարող տալ, քանի դեռ որոշակի նորմատիվ իրավական ակտերի («Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի) ընդունմամբ վերջնականապես չի հստակեցվել ոլորտը:
Վերոհիշյալ պայմանագրային հիմքով կայանատեղերի ժամանակավոր շահագործման նպատակն է մինչ ոլորտի վերջնական կարգավորումը ապահովել հավաքագրվող գումարներից մուտքերը համայնքային, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեությունից ծագող հարկային պարտավորությունների միջոցով՝ նաեւ պետական բյուջե:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի
վարչության պետ Հ. Նավասարդյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամբողջ մայրաքաղաքը ավտոկայանատեղերի է վերածվել, ու եթե ցուցանակներ փակցվեն, ապա ամեն սյունի վրա երեւի թե կանգառի վճարովի լինելը ազդարարող ցուցանակ պետք է հայտնվի:




Լրահոս