ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Այսօր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական եւ լուռ ակցիա: Նախաձեռնության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է. «Հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականացնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների: Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որեւէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, եւ ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ»:

Այնուհետեւ հաղորդագրությունում նշվում է. «Յուրահատուկ ու խորհրդանշական ձեւով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որեւէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան եւ կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշումը: Մարտի 28-ը հետաքրքրության առարկա է տարբեր ուժերի եւ հանրության տարբեր մասերի համար, ուստի, ինչպես տեսնում ենք, տարբեր ուժեր ունեն տարբեր միջոցառումներ մարտի 28-ին: Պարզաբանենք, որ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ունի իր միջոցառումը՝ ժամը 12:30-ին, ՍԴ-ի դիմաց եւ որեւէ այլ միջոցառման, որպես նախաձեռնություն, այդ օրը չի մասնակցելու»:
Տեղեկացնենք, որ այսօր՝ ժամը 17:30-ին, Ազատության հրապարակում նախահանրահավաք է հրավիրել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ ԱԺ 3 խմբակցությունների (ՀԱԿ, ԲՀԿ,ՀՅԴ) եւ հատկապես ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի մոտ քաղաքական «խանդ» է սկսվել: Վերջիններս իրենց կուսակիցներին հրահանգել են Ր. Հովհաննիսյանի հանրահավաքին չմասնակցել, որպեսզի այն ավելի մարդաշատ չլինի, քան ՀԱԿ-ի՝ մարտի 1-ի հանրահավաքը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից պարզել, արդյոք իրենք մասնակցելու են այսօրվա երկու հանրահավաքներին:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-Պարոն Մարգարյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելո՞ւ է «Դեմ եմ» նախաձեռնության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքներին:
-Մենք գնալու ենք մասնակցելու Սահմանադրական դատարանի նիստին, որի ընթացքում կերեւա, թե մենք ինչ ենք անում: Կարող է` պետք լինի, որ ոչ միայն գնանք միանանք «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին, այլ նաեւ պետք լինի հանրահավաք կազմակերպել: Ես այժմ դժվարանում եմ ասել, թե ինչ է լինելու եւ որոնք են լինելու մեր հետագա քայլերը: Շատ բաներ կախված են նրանից, թե գործողություններն ինչ ընթացք կունենան: «Դեմ եմ»-ը ակցիա է անում ու մենք էլ կգնանք կմասնակցենք այդ ակցիային, ես այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքի հետ եւս ես որեւէ խնդիր չեմ տեսնում:
-Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ն իր թիմակիցներին հրահանգել է մեծ թվով մարդկանց «չգործուղել» Ր. Հովհաննիսյանի հանրահավաքին, որպեսզի այն ավելի մարդաշատ չլինի, քան ՀԱԿ-ի կազմակերպած մարտիմեկյան հանրահավաքը:
-Նույնիսկ վիրավորական եմ համարում անդրադառնալ նման հարցին, նման տեղեկություններ ես չունեմ, հետո էլ` այս ընթացքում այնքան տեղեկություններ են տարածվում: Այսինքն` սա փորձ է մտնել քառյակի մեջ եւ փորձել ինչ-որ ձեւով քանդել կամ չգիտեմ` տարաձայնություններ մտցնել, որպեսզի ինչ-որ ձեւով վնասեն քառյակի միասնությունը:
-Այսինքն՝ ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է Ր. Հովհաննիսյանի նախահանրահավաքին:
-Ես ոչինչ չեմ բացառում, մենք այս պահին չունենք քննարկում, գիտենք, որ առավոտյան լինելու ենք Սահմանադրական դատարանում, իսկ մնացածն ընթացքում կերեւա: «Եթե»-ներով չեմ կարող որեւէ բան ասել:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
-Պարոն Զուրաբյան, ՀԱԿ-ն ի՞նչ որոշում ունի այսօր կայանալիք հանրահավաքների վերաբերյալ, մասնակցելու եք Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքի՞ն, թե՞ «Դեմ եմ» նախաձեռնության լուռ ակցիային:
-Նախ՝ մենք գնալու ենք Սահմանադրական դատարանի նիստին:
-Դրսում ակցիա է լինելու,ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է:
-Դե, ես կարծում եմ, որ… որոշել են, որ համատեղ ակցիա գոյություն չունի, ամեն մեկը թող վարվի այնպես, ինչպես ճիշտ է համարում:
-Նշվում է, որ ՀԱԿ-ում քաղաքական խանդ կա` կապված Ր. Հովհաննիսյանի հանրահավաքի հետ, ու այդ պատճառով որոշվել է չմասնակցել այդ հանրահավաքին: Իսկապե՞ս նման որոշում ունեք:
-Լավ էլի, նման մանր հարցեր պետք չի տալ:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարոն Մինասյան, ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է «Դեմ եմ»-ի եւ Ր. Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքներին:
-Մենք չենք քննարկել այդ հարցը: Մենք պատրաստվում ենք Սահմանադրական դատարանի նիստին: Իհարկե, մերոնք կլինեն նաեւ դրսում:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարոն Հակոբյան, տեղեկություններ կան, որ ԱԺ 3 ոչ իշխանական ուժերը քաղաքական խանդով են վերաբերվում Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքին ու անգամ հրահանգ կա չմասնակցել դրան:
-Ես նման ինֆորմացիա չունեմ ու գտնում եմ, որ սա ուղղակի տարածում են, որպեսզի հակասություն մտցնեն 4 ուժերի համագործակցության մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲՈՒԺՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ

 

Արդեն քանի օր է` տեղեկություններ են շրջանառվում, որ Արաբկիր բժշկական կենտրոնում առողջական խնդիրներ ունեցող երեխաների թիվն այնքան է շատացել, որ նրանց ստիպված «տեղավորել» են հիվանդանոցի միջանցքներում:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Արաբկիր բժշկական կենտրոնի սեփականատեր, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ` պարզելու, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել հիվանդանոցում:

-Պարոն Բաբլոյան, ինչո՞ւ են հիվանդ երեխաներին հիվանդանոցի միջանցքներում պահում:
-Նախ՝ կա երկու խնդիր. մեկն այն է, որ գարնանն ու աշնանը սեզոնային բնույթ է կրում վիրուսային եւ վերին շնչուղիների հիվանդությունների աճը: Հիվանդ երեխաների թիվն աճել է ոչ միայն Արաբկիր բժշկական կենտրոնում, այլեւ մանկական կենտրոններում` լինեն հիվանդանոցներ, թե բաժանմունքներ: Երկրորդ խնդիրն այն է, որ Արաբկիրի իմիջը հաշվի առնելով` բնակչության մեծ մասն ուղղակի ինքնուրույն գալիս է այդտեղ: Դրա համար շատ դժվար է լինում, երբ որ տեղ չկա, բայց ստիպված ես այդ երեխաներին ընդունել: Իսկապես միջանցքներում պայմաններ են ստեղծված, արդեն առանձնացված տեղեր ենք հատկացրել, որպեսզի կարողանանք սպասարկել հիվանդներին:
-Եթե հիվանդանոցում տեղ չկա, Դուք կարո՞ղ եք պարզապես չընդունել հիվանդ երեխաներին` նրանց ծնողներին ուղղորդելով այլ բժշկական հաստատություններ, որտեղ պայմաններն ավելի լավ են: Ինչո՞ւ այդպես չեք վարվում:
-Մենք երեխաների ծնողներին, հարազատներին խորհուրդ տալիս ենք, մենք նաեւ մյուս հիվանդանոցների հետ կապ ենք հաստատում ու ճշտում տեղ կա, թե ոչ, բայց կան դեպքեր, երբ ծնողները չեն ցանկանում այլ հիվանդանոց տեղափոխել: Այդ դեպքում արդեն մենք որեւէ բան չենք կարող անել: Եվ այստեղ հիվանդանոցին մեղադրելը, կարծում եմ, ճիշտ չէ: Իրականում սա է պատճառը, որ այսօր երեխաները հիվանդանոցի միջանցքներում են բուժում ստանում:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

 

ՆԻԿՈԼԸ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նիկոլ Փաշինյանից պարզել, արդյոք ինքը մասնակցելու է այսօր կայանալիք «Դեմ եմ» նախաձեռնության եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված հանրահավաքներին: Պատգամավորն ասաց, որ ինքն աշխատանքային այցով լինելու է Գյումրիում եւ չի կարողանալու մասնակցություն ունենալ:

 

ԹՈՒՐԻՆՋՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Արթիկի քաղաքապետարանում շիկացած կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի հարաբերությունները շարունակում են լարվել: Պատճառն այն է, որ ՀՀԿ-ական քաղաքապետին ընտրվելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել ԲՀԿ-ական պատգամավորը եւ հիմա ՀՀԿ-ականը չի ենթարկվում նրան: Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ արդեն որերորդ անգամ Արթիկի ավագանու նիստերը տապալվում են:
Պարզվում է՝ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին քաղաքապետի դեմ կռվում աջակցում է հարազատ հայրը` Թուրինջ Պետոյանը: Թե ինչով կավարտվի այս գզվռտոցը դժվար է կանխատեսել: Պետոյանները սպառնում են գահընկեց անել քաղաքապետին, իսկ ՀՀԿ-ականն էլ իր ամենազոր կրծքանշանով է «վեր-վեր թռնում»:

 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՕԳՆԵԼ

ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն ավելի քան երկու ամիս է, ինչ գազամատակարարման դադարեցման պատճառով չի աշխատում: Երեկ «Ժողովուրդ»-ը գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանից տեղեկացավ, որ այս խնդրի լուծմամբ զբաղվում է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչությունը: Բանն այն է, որ վարչության պետ Արմեն Եգանյանն այս հարցի առնչությամբ նամակ է ուղղել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Սակայն մինչեւ հիմա դեռ նորություն չկա: «Մենք կարծում էինք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ներկայացուցիչներ կգան եւ միասին կքննարկենք, բայց ոչ գալիս են, ոչ էլ՝ երեւում: Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինը փորձում է օգնել, բայց թե ինչքանով արդյունք կստանանք, ես չգիտեմ: Ամեն դեպքում, դեռ պատասխան չկա: Մենք էլ արդեն հաշիվը մոռացել ենք, թե ինչքան դրամի վնաս ենք կրել»,-հուսահատված ասաց գործարանի տնօրենը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են:




Լրահոս