ՀԱՐՑ. Երեխաս անցած տարի մի քանի ամիս շարունակ բուժում ստացավ դիսբակտերիոզի համար: Ճիշտ է, բուժումը երկարատեւ էր (օրական մի 3 տեսակի դեղ ու շատ այլ վիտամիններ էր ընդունում), բայց հետո նրա առողջական վիճակը լավացավ, աղիների հետ կապված որեւէ խնդիր չկար: Հիմա երեխաս կրկին իրեն փոքր-ինչ վատ է զգում (նույն նշաններն եմ նկատում, որոնք կային դիսբակտերիոզի ժամանակ): Արդյոք կարելի է առանց նորից ստուգում անցնելու գնել այն նույն դեղերը, որոնք նա օգտագործում էր, ու փորձել բուժել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դիսբակտերիոզի ժամանակ ինքնաբուժումը վտանգավոր է: Խորհուրդ է տրվում նորից ստուգվել, որից հետո անհրաժեշտության դեպքում անցնել կոմպլեքսային բուժում` դիետա, ֆերմենտային, վիտամինային թերապիա: Դիսբակտերիոզի դեպքում կիրառում են օրգանիզմի պաշտպանական ոչ սպեցիֆիկ գործոնները խթանող դեղամիջոցներ եւ կենսաբանական միջոցներ, որոնք կարգավորում են աղիքային միկրոֆլորան: Աղիների ու աղիքային հիվանդությունների ժամանակ անուշադիր մոտեցումն ու սխալ բուժումն ավելի կբարդացնեն վիճակը, վերականգնվելն ավելի հեշտ է խնդրի սկզբնական հատվածում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մարինե Պետրոսյանն ավելի ճիշտ կաներ ոչ թե խմբագրությանը, այլ մեկ տարի առաջ իր երեխային բուժած բժշկին դիմեր, այլապես ինքնաբուժումն այս պարագայում ավելի շատ ինքնագործունեության է նմանվում` ասվածից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ: Ինչպես բժիշկներն են հաճախ ասում, առանց իրենց խորհրդի օրգանիզմի կենսագործունեությանը միջամտելու հետեւանքների համար իրենք պատասխանատու չեն: