ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ՉԷ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՃԻՆ

«Վիկիլիքսյան» հրապարակումների շարքը շարունակում է բացահայտել հերթական փաստաթուղթը, որը պատմում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի եւ ԱՄՆ Պետական դեպարտամենտի Կովկասի եւ տարածաշրջանի հակամարտությունների հարցերով գրասենյակի նախկին ղեկավար Էթհան Գոլդրիչի դիվանագիտական հանդիպման մասին: Այն կայացել է 2009թ. դեկտեմբերի 1-ին, որին մասնակցել է նաեւ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ով էլ հեղինակել է սույն զեկուցագիրը: Հանդիպման գլխավոր թեմաներն են եղել տարածաշրջանային երկու կնճիռները՝ հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Հատկանշական է, որ հայաստանցի պաշտոնյայի խոսքերից ակնհայտորեն երեւում է, թե ՀՀ իշխանությունները որքան անպատրաստ են եղել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին ընդառաջ:

Հանդիպման ընթացքում Վ. Սարգսյանը վստահորեն պատմել է, որ Թուրքիայի նախագահը Հայաստան այցելելու հրավերին դրական է պատասխանել միայն ռուս-վրացական պատերազմից հետո, ինչն էլ թույլ է տալիս համոզված պնդել, որ Թուրքիան վերաիմաստավորել է իր տարածաշրջանային քաղաքականությունը: Վ. Սարգսյանի համոզմամբ՝ թուրքերը հասկացել են, որ ռազմական վերոնշյալ հակամարտությունից հետո Հայաստանի հետ բաց սահմանը խիստ կարեւոր ու անհրաժեշտ է: Դեսպանը մեկնաբանության մեջ նկատում է, որ չնայած Սարգսյանը մանրամասներ չի նշել, բայց, հավանաբար, նկատի է առել այն հանգամանքը, որ Թուրքիայի տարածաշրջանային էներգետիկ, տրանսպորտային եւ անվտանգության քաղաքականությունները կարծես խաթարվել են Վրաստանում տեղի ունեցածով եւ ապացուցում են Ռուսաստանի պատրաստակամությունը տարածաշրջան ներխուժելու հարցում: Ըստ Վ. Սարգսյանի՝ թուրքերը ՀՀ-ի հետ հարաբերություններ են հաստատում՝ տարածաշրջանում մեծ դերակատար դառնալու համար: Ուշագրավ է, որ օրումեջ թուրքերի վրա լուտանքներ թափող ՀՀ իշխանությունը նորմալ էր վերաբերվում, ավելին` ըստ էության, պատրաստ էր աջակցել, որպեսզի Թուրքիան ՀՀ-ի միջոցով տարածաշրջանային դերակատար դառնար:
Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի վստահեցմամբ՝ իրենք հասկանում են, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը քաղաքական եւ ոչ թե իրավական գործընթաց է: Սարգսյանն առաջարկել է, որ Թուրքիայի կառավարող կուսակցությունը համարձակություն դրսեւորի եւ վավերացնի դրանք: Վ. Սարգսյանի կարծիքով՝ արձանագրությունների վավերացումը ոչ միայն Հայաստանի, այլեւ հենց Թուրքիայի շահերից բխող խնդիր է: Այստեղ էլ բախվում ենք «զորիբալայանական» գաղափարախոսությանը, երբ ՀՀ իշխանությունն օտար երկրներին բացատրում է իրենց իսկ շահերը:
Վ. Սարգսյանը հաջորդիվ հստակեցրել է. «Մենք միամիտ չենք եւ հասկանում ենք երկարաժամկետ կտրվածքով տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի նոր դերակատարության նշանակությունը, հատկապես՝ Ղարաբաղի հարցով»: Վ.Սարգսյանը նկատում է, որ Թուրքիայի փորձերը՝ կարճ ժամանակում կապել երկու գործընթացները, վնասակար են եւ կարող են տապալել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Սարգսյանը հայտնում է, որ Հայաստանն ամբողջ սրտով ցանկանում է հասնել ԼՂ հարցի լուծմանը. «Ներքին ընդդիմությունն ու անհանգստությունը՝ կապված Մինսկի խմբի հետ, ծանր են, բայց Ս. Սարգսյանը պատրաստ է քաղաքական ռիսկի գնալ ԼՂ հարցի լուծման գործում՝ միայն հավասարակշիռ եղանակով: Մենք կարիք ունենք կենսական լուծման, դուք չեք կարող այն բարդել միայն մի կողմի վրա»: Վ. Սարգսյանը Թուրքիայի կողմից սահմանի փակումը համարում է անօրինական եւ գտնում, որ այն բացելու դիմաց զիջումներ ստանալ հնարավոր չէ: «Հայաստանը շանտաժի չի ենթարկվի: Եթե այս գործընթացը տապալվի, դա կլինի դրամատիկ նահանջ քայլ ողջ տարածաշրջանի համար»: Այդուամենայնիվ, հայաստանցի պաշտոնյայի խոսքերից ակնհայտ է դառնում, որ իրենք հասկացել են որոշ ժամանակ անց Թուրքիայի՝ ԼՂ հարցում դերակատար դառնալու հանգամանքը, ինչից, սակայն, բնավ չեն անհանգստացել: Ավելին՝ ըստ էության, այս մարդիկ հստակորեն դեմ են եղել դրան միայն սկզբնական շրջանում, քանի որ, հավանաբար, իշխանությունը կորցնելու վտանգ են զգացել:
Խոսելով ԼՂ հարցի հնարավոր լուծումից՝ Սարգսյանը նկատել է, որ հայկական «օկուպացված» տարածքները ԼՂ անվտանգության կրիտիկական բաղադրիչն են եւ դրանց վերադարձը կարող է տեղի ունենալ միայն փաթեթային եղանակով, որը կլուծի նաեւ ԼՂ անվտանգության հարցը՝ զուգորդված միջազգային երաշխիքներով: Փաստաթղթի ավարտին դեսպանն արձանագրում է. «Վ. Սարգսյանը թեպետ Ս. Սարգսյանի խորհրդատուն է, սակայն ավելի հավանական է, որ արտահայտում է իր շեֆի կարծիքը, քան ազդում դրա վրա: Մենք վստահ ենք, որ Վիգենը հավատարմորեն ներկայացնում է Ս. Սարգսյանի մոտեցումները»:
Այս տրամաբանությունից ելնելով՝ կարող ենք փաստել, որ Ս. Սարգսյանը մոլորեցրել է իր ընտրողներին: Նա 2008թ. նախագահական ընտրություններում «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ 2013թ.-ին էլ հայտարարում, թե ԼՂ մասին իրենից շատ ոչ մի թեկնածու չի մտածում՝ Ր. Հովհաննիսյանին դիմելով, թե՝ «պռոշդ ճաքո՞ւմ է Ղարաբաղի համար»: Արդ, այս փաստաթղթով փաստվում է, որ իշխանություններն իրականում ոչ միայն դեմ չեն, այլեւ հարցի լուծումը տեսնում են հենց ազատագրված տարածքները վերադարձնելու միջոցով:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆԸ

 

Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապ տեղեկություն էր տարածել, որ մարտի 31-ին Արարատյան դաշտավայրում ցրտահարություն է սպասվում: Ըստ այդ հայտարարության՝ դաշտավայրի եւ նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչեւ 2 աստիճան, հողի մակերեւույթին` 5 աստիճան ցուրտ: Իսկ երեկ էլ այս թեմայի շուրջ մի հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Այս անգամ գյուղնախարար Սերգո Կարապետյանը գյուղացիներին կոչ արեց դիմել ավանդական միջոցներին՝ այգիների հարակից ճանապարհների վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր եւ գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին, այրել (ծխեցնել) նշված կույտերը՝ ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: «Ժողովուրդ»-ը սպասվելիք ցրտահարության մասով զրուցեց անցած տարի ցրտահարությունից ամենաշատը տուժած ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, գյուղի բնակիչները տեղյա՞կ են, որ ցրտահարություն է լինելու:
-Ո՞նց տեղյակ չեն, հայտարարությունը գրել-կպցրել եմ:
-Որտե՞ղ եք կպցրել:
-Գյուղապետարանում: Գյուղում մի տասը տեղ կպցրել եմ, որ բոլորի համար տեսանելի լինի:
-Ինչ եք գրել, որ ցրտահարություն է լինելո՞ւ, թե՞ պայքարի միջոցներն էլ են գրված:
-Պայքարի լրիվ միջոցներին տեղյակ են մեր գյուղացիները: Արդեն նախապատրաստվում են: Աթար են հավաքել, սալոմ: Դրանք վառելու ենք:
-Սրա հետ կապված ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հրահանգներ, օգնություն կա՞ն:
-Չէ, ինչ օգնություն, այ ցավդ տանեմ: Ամեն մեկն իր գլխի տերն է:
-Այսօր էլ գյուղնախարարը եւս հայտարարություն է տարածել եւ կոչ արել գյուղացիներին դիմել ավանդական միջոցներին:
-Դե, մենք դա վաղուց գիտեինք: Ու նման դեպքերում մենք ծխեցնում ենք: Դա նորություն չէ:
-Անցյալ տարի ապրիլին էլ ցրտահարություն եղավ: Ձեր գյուղն էլ վնաս կրեց, այդպես չէ՞:
-Կրեց, այն էլ ինչքան: 36 հա ցրտահարվեց: Նաեւ՝ մայիսի 12-ին ուժգին կարկտահարությունից հետո մեր գյուղը ցրտահարվեց:
-Իսկ կառավարությունը օգնե՞ց ինչ-որ բանով:
-Իհարկե ոչ: Կարկտահարված գյուղերին օգնեցին, իսկ մեզ` ոչ: Բայց չէ որ մենք էլ մեծ վնասներ կրեցինք:
-Իսկ անցյալ տարի նախապես տեղյա՞կ էիք, որ ցրտահարություն է լինելու:
-Հա, տեղյակ էինք, բայց ափսոս չկարողացանք փրկել:
-Ու աշնանն էլ բերք չունեցաք:
-Չունեցանք: Իսկ գյուղացիներն էլ ընկան վարկերի տակ:
-Գյուղի քանի՞ տոկոսն է բանկերից, վարկային կազմակերպություններից օգտվում:
-100 տոկոսն էլ: Դրանք էլ վճարելու համար ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում: Թե չէ, բերքով ինչ վարկ մարեն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԱՂԱՎԱՂԵԼ ԵՆ

Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում հառնում է հռչակավոր Բարձրյալ Խաչ հուշարձանը: Այն նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է: Միջնադարում կոթողը «քրիստոնեական է դարձել». լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում, որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, եւ դամբարանը վերածվել է մատուռի: Սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է կառույցի հեթանոսական ծագումը: Դրա վկայությունն է այն, որ դամբարանի կողքի ծառին մարդիկ, ի նշան հեթանոսական հավատքի, այժմ էլ տարբեր գույնի կտորների ծվեններ են կապում: 

2004թ. պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել հուշարձանի հիմնանորոգման համար: Այն իրականացրել է Ալավերդուց շինարարական մի կազմակերպություն: 2004-ի դեկտեմբերին կոթողի նորոգումն ավարտվել է, սակայն տանիքը նախկինի պես բաց է մնում: Եվ չնայած դրան` 2005թ. ՀՀ վարչապետի աշխատակազմը ստուգելով պարզել է, որ շինարարները «նորոգման գումարը նպատակային են ծախսել»: Նշենք, որ կոթողի տարբեր կողմերում թափված են Բարձյալ Խաչի պատերի քարերը, բայց դրանց փոխարեն կլոր պատի մեջ Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտից 3 նոր շար են կառուցել: Նոր տեղադրված քարերն ուրիշ տեսակի եւ գույնի են: Մինչդեռ կառույցի մաս կազմած եւ նորոգման ընթացքում այդպես էլ չօգտագործած քարերն այնքան շատ են, որ դամբարանի առաջ դրանցից մեծ կույտ, պատնեշ է գոյացել: 1990թ. վերանորոգման նպատակով կառույցը քանդել են, սակայն սահմանագոտում ծավալված կռիվները խանգարել են վերանորոգումը սկսելուն: Հազարամյակների պատմություն ունեցող կառույցի պատերին տեսանելի են ադրբեջանցիների բարբարոսությունների հետքերը:
1990թ-ին ադրբեջանցիները բազմիցս եկել, քեֆ են արել Բարեկամավանի այդ տարածքում, Գոլի աղբյուրի մոտ եւ գինովցած կրակել հայկական սրբավայրի վրա: Սակայն սրբավայրն ավելի շատ վնասել են նորոգումն իրականացրած շինարարները: Նրանք, ասես, ոչ թե նշանավոր հուշարձանի,այլ գոմի ծուռումուռ պատեր են շարել: Նոր շարերը մի տեղում պատից ակնհայտորեն դուրս են ընկել, ուրիշ տեղերում` մեծ չափով ներս ընկել: Շինարարները ձեւափոխել են նաեւ կլոր դամբարանի մուտքը. նախկինում դռան բացվածքը դեպի արեւմուտք թեք է եղել, հիմա ուղիղ բացվածք է: Բացի այդ, շինարարները կառույցի հիմքը բազալտով շրջանաձեւ սալապատել են` նորից աղավաղելով դամբարանի սկզբնական տեսքը: Այս հուշարձանը եւս ապացուցում է, որ մեր ազգը սահմանամերձ տարածքում, Քուռ գետից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա, ապրել է հնուց ի վեր եւ ստեղծել մեծարժեք կոթողներ: Եվ մինչ հարեւան ադրբեջանցիներն իրենց համար պատմություն են հորինում, քանդում հայկական հուշարձանները, Հայաստանի տարածքում հազարամյակների հնություն ունեցող սրբավայրը բյուջեի փողերով աղավաղվում է:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ  Տավուշ




Լրահոս