ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՏԱՍՆՅԱԿ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ

ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային եւ հիգիենիկ տեսչության Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տասնյակ աշխատակիցներ դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին` տեղեկացնելով, որ իրենք ազատված են աշխատանքից: Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գոհար Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում կրճատվել են թոշակառու անձինք: Մինչդեռ, ինչպես պնդում են խմբագրություն ահազանգած քաղաքացիները, աշխատանքից ազատվածների մեջ կան նաեւ ոչ թոշակառուներ: Տեղեկացնենք, որ նույն կրճատման գործընթացն իրականացվել է նաեւ ՀՀ մյուս մարզերում:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն անցյալ տարվա հոկտեմբեր ամսին որոշում կայացրեց պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլման ձեւով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Կառույցն ունի մարզային կենտրոններ եւ նույն գործընթացն իրականացվում է նաեւ այդ կենտրոններում:
«Ժողովուրդ»-ը օրեր առաջ անդրադարձել էր Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ում տիրող խառնաշփոթ ու անորոշ իրավիճակին, ինչի արդյունքում կենտրոնի աշխատակիցները հայտնվել են դժվարին կացության մեջ: Նույնպիսի իրավիճակ է նաեւ մյուս մարզերում: Ու թեեւ ԱՆ-ն վստահեցնում է, որ ազատված աշխատակիցները կտեղավորվեն մեկ այլ աշխատանքի, այնուամենայնիվ նրանք չգիտեն աշխատանք կունենա՞ն, թե՞ ոչ:
Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գոհար Սարգսյանի խոսքով՝ բոլոր կրճատումները եղել են ըստ հաստիքացուցակի, որը հաստատված է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից: «Դա համակարգային հարց է, կառավարության համապատասխան որոշում կա: Ես ոչ կրճատողն եմ, ոչ փող տվողը, ոչ էլ` ընդունողը: Հիմա բոլոր ներկայացուցչություններում` Սեւանում, Ճամբարակում, Գավառում, Վարդենիսում աշխատողները հավասար քանակի են մնացել»,-ասաց տիկին Սարգսյանն` ընդգծելով, որ հիմնականում կրճատվել են այն մարդիկ, ովքեր թոշակառու են:
Օրեր առաջ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հայտարարել էր, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խիստ հանձնարարական է տվել, որպեսզի այս վերակազմավորման փուլում աշխատանքից ազատված քաղաքացիների թիվը նվազագույնի հասցվի: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ են անելու աշխատանքից ազատված քաղաքացիները, Ս. Քրմոյանը պատասխանեց. «Հիմա աշխատանքից ազատվածների գերակշիռ մասը նշանակվել է աշխատանքի: Իսկ մյուսների թիվը, վստահեցնում եմ, որ 7-8 հարյուր չի: Այն մարդիկ, ովքեր դեռեւս չեն տեղավորվել աշխատանքի, կլինեն մոտ 200 հոգի: Փորձում ենք մի մասին տեղավորել եւ այդ պրոցեսը շարունակվում է: Բայց որեւէ մասնագիտական կադր չի ազատվել աշխատանքից` թե՛ բարձրագույն, թե՛ միջին մասնագիտական կրթություն ունեցող: Իսկ ոչ մասնագետների մասով էլ` մենք հիմա փորձում ենք իրենց տեղավորել այլ աշխատանքի»:
Քրմոյանից տեղեկացանք նաեւ, որ Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի Վարդենիսի ներկայացուցչությունից ազատվել է ընդամենը 13 աշխատակից, որից երեքը թոշակառու է: Մյուս տասը մասնագետներ չեն եղել, այսինքն` աշխատել են որպես պահակ, «սանիտարկա»:
«Այդուհանդերձ, մենք այս պահի դրությամբ ուսումնասիրում ենք մյուս կառույցներում իրենց տեղավորելու հնարավորությունը: Քանի որ մեզ համար Վարդենիսն այնպիսի գոտի է, որտեղ մենք ամեն կերպ փորձում ենք մարդկանց աշխատատեղերով ապահովել, թեկուզ մեր մասնագետները չեն: Այսինքն` ինչպես ասել էինք, ոչ մի մասնագետ դուրս չի մնացել»,- ներկայացրեց Քրմոյանը` լրացնելով, որ վերակազմավորման գործընթացն արդեն ավարտվել է, բայց կադրային հարցերով դեռեւս աշխատանքներ կան անելու:
«Ժողովուրդ»-ը հետամուտ կլինի այս խնդրին եւ իր ընթերցողին կտեղեկացնի` նախարարն իր խոստմանը տեր եղա՞վ, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՈՐ ԱՌԱՆՑ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՍ ԳԱՆ

 

Ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականներն ապրիլի 3-ին Իսրայել՝ Եվրոպայի առաջնություն մեկնելուց առաջ այս օրերին Աբովյանում անցկացնում են վերջին ուսումնամարզական հավաքները։

Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, թիմի կազմում, ըստ քաշային կարգերի, ընդգրկված են Սմբատ Մարգարյանը (56), Վանիկ Ավետիսյանը (65), Տիգրան Մարտիրոսյանը եւ Առաքել Միրզոյանը (77), Աղասի Աղասյանը (85), Ռուբեն Ալեքսանյանն ու Հայկ Հակոբյանը (գերծանր)։ Գլխավոր մարզիչը գոհ է կատարված աշխատանքից, ծանրորդների մարզավիճակից եւ համոզված է, որ նրանք կկարողանան նորմալ հանդես գալ Եվրոպայի առաջնությունում։ Նման լավատեսությունը պայմանավորված է նաեւ Հայաստանի առաջնությունում մեր ծանրորդների ցույց տված արդյունքներով:
Իսկ ինչ ակնկալիքներով են մեկնում Իսրայել, մեդալներ կլինե՞ն։ «Իհարկե, եթե հնարավորություն լինի պայքարելու մեդալների համար, անպայման կպայքարենք, բայց նախօրոք որեւէ մարզիչ նման խոստում տալ չի կարող, ես դա աբսուրդ կհամարեմ։ Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Եվրոպայի այս առաջնությունում մեր մարզիկներն առանց վնասվածքների հանդես գան, որպեսզի կարողանան աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունում օլիմպիական բարձր վարկանիշ ձեռք բերել, եւ շատ ծանրորդներով մասնակցենք օլիմպիական խաղերին»,-նշեց մեր զրուցակիցը։
Գլխավոր մարզիչը նպատակահարմար է գտել այս թիմով մասնակցել Եվրոպայի առաջնությանը, սակայն հավաքականի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր բարձր արդյունքներ ցույց կտան. «Պարզապես մեր փորձառու մարզիկները երկար ժամանակ միջազգային ասպարեզում հանդես չեն եկել, իսկ դա մտածելու տեղիք է տալիս։ Պետք է հաճախակի մրցահարթակ բարձրանան հանդիսատեսի ներկայությամբ, զգան մրցակցության մթնոլորտը»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք խթանիչների հետ կապված խնդիրներ չե՞ն ծագի մեր հավաքականում։ «Արդեն մեկ տարի ութ ամիս է, ինչ եռամսյակը մեկ մեզ մոտ դոպինգ ստուգումներ են լինում։ Ընդ որում, ոչ թե 6-7 մարզիկ է ստուգման ենթարկվում, այլ 30-40, այսինքն՝ բոլոր անվանի մարզիկները (նաեւ երիտասարդներ, պատանիներ), ովքեր միջազգային ասպարեզում հանդես են եկել, նախկինում մեդալներ են բերել։ Եվ այդ հարցում խնդիրներ չեն ծագի»,-համոզված նշեց Պ. Պողոսյանը։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՐԶԵՐ

 

ԱՆԵԼԱՆԵԼԻ   ՎԻՃԱԿՈՒՄ Է

2012թ. ապրիլի 25-ին Նոյեմբերյան քաղաքում, խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ, կողբեցի հաշմանդամ ազատամարտիկ, ընկնավորությամբ տառապող Վովա Երկնափեշյանը ցանկանում էր մոտենալ Սերժ Սարգսյանին եւ հայտնել իր ծանր վիճակի մասին: Այդ ընթացքում Ս. Սարգսայնի անվտանգության ծառայության աշխատակիցը հրում էր հաշմանդամ ազատամարտիկին, նրան կարգադրում «հեռու քաշվել»: Սակայն նախընտրական ելույթից հետո Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, կանգ առավ եւ զրուցեց Վովա Երկնափեշյանի հետ: Մի քանի օր առաջ հանդիպեցինք Վովա Երկնափեշյանին եւ հարցրեցինք նրա առողջական վիճակի մասին: Նա ասաց, որ չնայած ինքը հիվանդություն է ձեռք բերել զինվորական ծառայության ընթացքում, մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ, սակայն ոչ թե զինվորական, այլ սովորական թոշակ է ստանում եւ տարիներ շարունակ չի կարողանում լուծել այդ խնդիրը: Հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող Երկնափեշյանն ամսական ստանում է 17 հազար դրամ թոշակ, որն էլ ամբողջությամբ ծախսում է դեղերի վրա: Հաշմանդամ ազատամարտիկը տեղեկացրեց, որ իր կինը ներկայումս ուռուցքով հիվանդ է, սակայն բուժման ծախսերի համար փող չկա, իսկ որդին էլ հայրենիքի հեռավոր սահմանն է պաշտպանում:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

 

 

 

ԳՈՒՅՔԸ ՉԿԱ

 

Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում կառավարության 4-րդ հրատապ ծրագրով եւ 35 մլն դրամ ներդրմամբ կառուցվել է մանկապարտեզ: Այն շահագործման է հանձնվել նախորդ տարեվերջին, սակայն մինչ օրս, գույք չունենալու պատճառով, չի գործում: Կաթնաջուրցի 30-ից ավելի փոքրիկներ կրկին զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից:

Նշենք, որ մանկապարտեզը կառուցվել է պայմանով, որ գույքը ձեռք է բերվելու համայնքապետարանի հաշվին: Սակայն, ինչպես տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Կաթնաջուր համայնքի ունեցած միջոցները կբավականացնեն միայն մանկապարտեզի շրջակա տարածքը ցանկապատելու համար: Գույքի հարցը լուծելու նպատակով Կաթնաջուր համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը ստիպված դիմել է մի շարք կազմակերպությունների: Խնդրին միջամտել է նաեւ Լոռու մարզպետարանը` գույքով համալրելու խնդրանքով դիմելով Հայաստանի սոցներդրումների հիմնադրամին եւ «Շեն» կազմակերպությանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով՝ մանկապարտեզը շահագործման կհանձնվի ամենաուշը 2 ամսից: Եթե բարեգործական հիմունքներով նոր գույք ձեռք չբերվի, մինչեւ հարցին վերջնական լուծում տալը, ստիպված կլինեն ժամանակավոր մեկ այլ մանկապարտեզի հին գույքը տեղափոխել նոր մանկապարտեզ:
Կաթնաջուր համայնքի ղեկավարը նշում է, որ մանկապարտեզում մանկավարժների ու դաստիարակների պակաս չի լինի: Թեեւ մանակապարտեզը դեռ չի գործում, այնուամենայնիվ բնակիչներն ուրախ են. մանկապարտեզ ունենալը վաղեմի երազանք էր:

 

ԱՐՄԻՆԵ  ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 




Լրահոս