ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԳՆԱ ՆՐԱ ՀԵՏԵՎԻՑ

Գուսան Հայկազունին հանդիպեցինք Գառնիի տաճարում՝ Վահագնի ծննդյան օրը։ Եվ հենց տաճարի մոտակայքում ընկած քարերին նստած էլ զրուցեցինք։ Նախ հարցրեցինք, թե պատահակա՞ն էր նրա՝ հենց այդ օրը տաճարում գտնվելը:

-Պատահական չէր. արդեն երեւի մի տասնհինգ տարի մասնակցում եմ մեր բոլոր ազգային տոներին. Վահագնի ծնունդին, որը նաեւ որպես Նոր տարի նշում ենք Գառնիում, Զատկին՝ Մեծամորում, Տրընդեզին՝ Կարմիր Բլուրում։ Եվ շատ ուրախ եմ, որ արորդիների եւ մասնակիցների թիվն է շատացել։
-Դուք արորդի՞ եք։
-Այո։ Որպես Գուսան Հայկազուն՝ ես Հայկի ժառանգն եմ ու համարում եմ, որ իմ ու բոլոր հայերիս մեջ Հայկի արյունն է հոսում։ Մեր ժողովուրդը շատ է հեռացել իր արմատներից, եւ մեզ նման տոնախմբություններ, միջոցառումներ շատ են պետք։ Մեր ազգին ամենաշատը ոգին է պակասում. տեսեք՝ ցեղասպանություն ենք ասում, ասում, ասում, բայց դրա պատճառը միայն մեր ազգային ոգու պակասն էր, չկար, կորել էր այդ ոգին։ Հակառակ դեպքում այդքան ժողովուրդը քարով ու փայտով կպաշտպանվեր. ինչն էր շատ՝ քարն ու փայտը մեր երկրում։ Եվ նման միջոցառումները տանում են մեզ դեպի մեր արմատները, վերադարձնում ազգային ոգին։
-Եղե՞լ է, որ նման միջոցառման ազդեցության տակ անմիջապես ստեղծագործել եք։
-Եթե անձի մասին է լինում իմ երգը, կերպարը պետք է ինձ մոտ լավ ստեղծվի, եթե հայրենասիրության թեմայի շուրջ է, ուրեմն պետք է այդ թեման հասունանա իմ մեջ։ Իսկ դրան, իհարկե, նպաստում են նման միջոցառումները։ Հենց այս միջոցառման ժամանակ պահանջատիրության հետ կապված շատ հետաքրքիր բաներ մտքովս անցան, որոնք վաղը երգի մեջ անպայման օգտագործելու եմ։
-Շատ լարված միջազգային իրավիճակ է, մենք պատրա՞ստ ենք դիմակայել հնարավոր մարտահրավերներին, մեր իշխանություններն ինչ-որ քայլեր անո՞ւմ են ազգային, հայրենասիրական ոգին արթնացնելու ուղղությամբ։
-Իշխանության կողմից, ցավոք, որեւէ քայլ չի արվում։ Անհրաժեշտ է ազգային մտածելակերպ ներարկել ժողովրդին։ Ազգային մտածելակերպ, նպատակ, ծրագիր պետք է ունենան մեր ամենամեծը՝ երկրի ղեկավարը, նրա ստորադասները եւ ամբողջ ժողովուրդը։ Կան ժողովուրդներ, որոնք երկիր էլ չեն ունեցել ու չունեն, բայց չեն կորչում, պահպանում են իրենց լեզուն, ավանդույթները։ Օրինակ՝ որտեղ եզդիներն ապրում են, ունենում են իրենց կրոնատեղը, խոսում են իրենց լեզվով, պահպանում ավանդույթները։ Սարի վրա էլ տանես-գցես, եզդին մնալու է եզդի, այսինքն՝ ժողովուրդը չի կորչում, եւ նրանք մի օր համախմբվելու են, հայրենիք էլ են ունենալու, պետություն էլ։ Մենք ինչքան շատացել, հետո տասնյակ անգամ փոքրացել, փոքրացել ենք։ Մի քանի ամիս առաջ համերգներով Եվրոպայում էի եւ նկատեցի, որ սփյուռքահայերի երկրորդ սերունդն արդեն հայերեն չգիտի, տանը երեխաների հետ հայերեն չեն խոսում։ Շատ մեծ խնդիր են խառն ամուսնությունները։ Նախկինում հայը պարտադիր հայի հետ էր ամուսնանում, հետո եկավ մի պահ, երբ ասում էին՝ ոչինչ, թող հայ չլինի, կարեւորը քրիստոնյա լինելն է։ Այսինքն՝ հայը կարող է ամուսնանալ եւ ամուսնանում է քրիստոնյա արաբի կամ մեկ այլ ազգի ներկայացուցչի հետ։ Դա արդեն ընդունելի, սովորական երեւույթ է դարձել, ինչը շատ ահավոր է։ Մենք ունեցել ենք Արտաշես թագավոր, Տիգրան Մեծ, Պապ թագավոր, նվիրյալներ ենք ունեցել, ովքեր զոհվել են հանուն երկրի, հանուն ժողովրդի, զորքի առաջից են գնացել։ Այսօր մեզ այդպիսի ղեկավար է պետք:
-Այսինքն՝ ոչ թե Սասունցի Դավիթ, որ ամեն ինչ մենակ անի (ինչին սպասում են շատերը), այլ ղեկավար, որի հետեւից կգնա՞ն։
-Այո։ Լավ ղեկավար, ով ձեռքը կխփի ու կասի՝ ժողովուրդ, այսպես է պետք։ Ու ժողովուրդը կգնա նրա հետեւից։
-Ասացիք, որ եզդիները դարեր շարունակ պահպանում են իրենց լեզուն, ավանդույթները, բայց մենք էլ ենք դարեր շարունակ պահպանել այդ ամենը։ Ընդ որում, միշտ էլ դրանում կարեւորվել է հայ եկեղեցու դերը։
-Դրսում ազգը պահպանող երկու կառույց կա՝ կուսակցությունները եւ եկեղեցին։ Առաջիններն այսօր թուլացել են, պառակտվել, եւ մնացել է միայն եկեղեցին, որի պատերից գոնե հայրենիքի հոտ են առել ու հավաքվել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՀԱՅԻ ԱՐՁԱՆԸ

Բեմանկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանը համոզված է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համահայկական կամ երեւանյան նոր արձան կառուցելու կարիք չկա։

«Մենք ունենք Եղեռնին նվիրված մի ամբողջ համալիր` Ծիծեռնակաբերդը։ Եվ նորը կառուցելով, անընդհատ ամեն տեղ խաչքար կամ ինչ-որ հուշաքար դնելով՝ բան չես ասի։ Այդ եղածը պահպանելու, ինչպես նաեւ ագիտացիայի խնդիր կա, որը կարելի է անել 21-րդ դարին համապատասխան միջոցներով։ Այսինքն՝ միգուցե Եղեռնի, մեր պահանջների, մեկուկես միլիոն զոհերի խնդիրը կարելի է ներկայացնել կայքէջի կամ այլ ձեւերով ու մեթոդներով։ Այլ դաշտում պետք է հիմա աշխատանք գնա»։ Ըստ մեր զրուցակցի՝ այսօր ուրիշ արձան՝ հայի արձան դնելու կարիքը կա, ինչի մասին ինքը բազմիցս ասել է. «Ես նման գաղափար ունեմ, ունեմ մշակած համապատասխան նախագիծ, այդ մասին բարձրաձայնել եմ հեռուստատեսությամբ, դիմել եմ տարբեր ատյաններ։ Անհրաժեշտ է ունենալ 1915 թվականից հետո՝ մինչեւ 2015 թվականի հայի արձանը, որում պետք է արտացոլվի այն ամենը, ինչ մեր ազգը ստեղծել է, տվել աշխարհին, այսինքն՝ Եղեռնը հայ ազգին չի կոտրել։ Դա շատ ավելի լուրջ գործ կլինի, որով միջազգային հանրությունը կհասկանա, որ այս ազգի հետ պետք է հաշվի նստել։ Իսկ նորից Եղեռնի արձան պետք չէ. Ծիծեռնակաբերդի համալիրը հիանալի ստեղծագործություն է իր խորհրդով, մոնումենտալիզմով»։
Ինչ վերաբերում է ընդհանրապես մնայուն, մոնումենտալ աշխատանքներին, ապա անցած 20-25 տարիների ընթացքում, ըստ մեր զրուցակցի, ե՛ւ շատ լավ աշխատանքներ են տեղադրվել, ե՛ւ շատ վատ։ Քանդակագործը չի ուզում անուններ տալ, բայց համոզված է, որ վատերը վերանալու են, մնալու են լավերը։ Իսկ այդ վատ աշխատանքներն արվում են տարբեր նպատակներով. «5-րդ շարասյուն հասկացողություն կա, մեկը հատուկ դրսի պատվերով է դա անում, մյուսը՝ անկախ իրենից, երրորդը՝ իր տկարությամբ, տգիտությամբ կամ գումարի հետեւից վազելու մոլուցքով։ Դրանք ոչ միայն ապամշակութային են, այլ նաեւ ավելի բացասական դեր են կատարում. դրվում են շատ հայտնի կերպարների՝ քաղաքական գործիչների, դերասանների, երաժիշտների արձաններ, որոնցով երեխան պետք է հիանա, տատիկին, պապիկին հարցնի՝ սա ով է։ Մեծերը պետք է ասեն, որ դա այսինչ գեներալն է, հերոսը, պոետը, դերասանը, եւ երեխայի մեջ պետք է ցանկություն առաջանա, որ ինքը մեծանա, նմանվի նրան։ Բայց վատ լուծում տված, բոլոր առումներով տգետ արձանի պատճառով այդ երեխայի մոտ ցանկություն է արթնանում, որ երբեք, ասենք, դերասան չդառնա, որպեսզի իրեն այդպես այլանդակ չքանդակեն»։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՆՈՐ ՍԵՐԻԱԼ

Դերասան Սամվել Թոփալյանը շուտով հանդես կգա նոր բազմասերիանոց ֆիլմում, որը կոչվում է «Փրկագին»: Այն բաղկացած է 16 մասից: Դերասանը մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին՝ Տիգրանին, ում սիրած աղջկան փախցնում են: Ինչպես ինքն է նշում` ֆիլմում տվայտանքների եւ փնտրտուքի մեջ է: «Փրկագնի» նկարահանումներն արդեն ավարտվել են, եւ այն եթերում կլինի ապրիլին:

 

ՃԱՆԱՉՎԵԼ Է  ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

2014 թվականի Բեռլինի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում հայ ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» (THE CLAY MAN) ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի՝ ճանաչվելով լավագույնը Արեւելաեվրոպական ֆիլմերի անվանակարգում:

 

ՈՒՆԵՑՎԱԾՔԸ` ՍԻՐԵԿԱՆԻՆ

Անգլիացի հայտնի երգիչ, երգահան Միք Ջագերի ընկերուհին՝ Լորեն Սքոթը, ով վերջերս էր ինքնասպանություն գործել, իր ամբողջ կարողությունը կտակել է ռոքերին: Միք Ջագերին են փոխանցվում Լորեն Սքոթի բնակարանը Նյու Յորքում, որը գնահատվում է 8 մլն դոլար, ոսկերչական զարդերը, հագուստը, կահույքը, մեքենաները եւ մնացած անձնական այլ իրերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլն դոլար է: Իր կտակում Սքոթը հատուկ նշել է, որ ոչինչ չի թողնում իր հարազատ քրոջն ու եղբորը:
Հիշեցնենք, որ 49-ամյա դիզայներ Լորեն Սքոթին մահացած էին գտել մարտի 17-ին` Նյու Յորքի իր բնակարանում: Նրա ինքնասպանության պատճառները հայտնի չեն:

 

ՄԱԴՈՆՆԱՅԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ

Երգչուհի Մադոննան որոշել է կրկին զբաղվել ռեժիսուրայով, չնայած նրա նախկին 2 աշխատանքները՝ («Կեղտն ու իմաստությունը», «ՄԵՆՔ. Հավատում ենք սիրուն») քննադատության էին արժանացել: Երգչուհու 3-րդ ֆիլմը կդառնա Ռեբեկա Ուոքերի «Ադե. Սիրո պատմություն» վեպի էկրանավորումը: Վեպը մասամբ հիմնված է հեղինակի անձնական ապրումների վրա: Նախագիծը դեռեւս չունի սցենարիստ: Որպես պրոդյուսեր հանդես կգա օսկարակիր Բրյուս Քոենը:

 




Լրահոս