ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում
Երեկ Հանրապետության 33, Տիգրան Մեծի եւ Խանջյան փողոցների բնակիչները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նրանք բողոքում էին, որ արդեն 100 ընտանիք հայտնվել է փողոցում: Վարչապետի փոխարեն ներկայացավ ՀՀ կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն ու հավաստիացրեց, որ քաղաքացիների բնակարանները կառուցվում են, արվում է ամեն ինչ: Սակայն բնակիչները, կրկին իրենց խաբված զգալով, հեռացան։
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնի նշանակումն ինչպես է կատարվում: Եվ խնդրում եմ ասել` արդյոք կարելի է զբաղեցնել քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն առանց հավաստագիր ունենալու:
Ալբերտ Հունանյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարության սահմանված ժամկետի ավարտից հետո քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի, երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի ղեկավարը նշանակում է դիմում ներկայացրած եւ գործող հավաստագիր ունեցող այն քաղաքացիներից մեկին, ով բավարարում է տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները:
Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել միայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ Օրենքի 12.2-րդ հոդվածով եւ 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից կարելի է ենթադրել, որ հավաստագրի առկայությունն, իհարկե, անհրաժեշտ է, բայց օրենքի սահմաններում գործում են որոշ բացառություններ: Չնայած` ավելորդ ձգձգումից խուսափելու համար հավաստագրի առկայությունը ցանկալի է:
ՀԱՐՑ. Սփյուռքահայ դիմորդներն ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, եւ կցանկանայի տեղեկանալ, հնարավո՞ր է սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը ՀՀ բուհեր կազմակերպել անվճար հիմունքներով:
Տիրուհի Սիմոնյան (26 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սփյուռքահայ դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
ա) դիմում ՀՀ ԿԳ նախարարի անունով, որում պետք է նշված լինի ընտրած բուհը եւ մասնագիտությունը,
բ) անձնագրի պատճեն,
գ) ծննդյան վկայականի պատճեն՝ հայերեն (ռուսերեն) թարգմանությամբ եւ նոտարի կողմից հաստատված,
դ) կրթության վկայականի պատճեն՝ հայերեն (ռուսերեն) թարգմանությամբ եւ նոտարի կողմից հաստատված՝ նշելով ուսումնասիրած առարկաները եւ հանձնած քննությունները,
ե) տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին,
զ) տեղեկանք ՁԻԱՀ-ի (ՍՊԻԴ) վերաբերյալ,
ե) լուսանկար (4×5սմ չափսի՝ 6 հատ):
Ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների ցանկը՝ նշելով հրատարակման ամսաթիվը եւ վայրը, 2-3 հրապարակումների պատճեն:
Սփյուռքահայ դիմորդը կարող է ընդունվել պետական պատվերով (անվճար).
ա) ընդհանուր հիմունքներով ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ հավաքելու դեպքում,
բ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի շրջանակներում ընդունելության հանձնաժողովի որոշմամբ բաշխվող պետպատվերային տեղ ստանալու դեպքում: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար դիմորդները:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարությունը պետք է հատուկ պայմաններ ստեղծի սփյուռքահայ մեր հայրենակիցների համար, քանզի հայրենիքում ուսում ստանալու նրանց ցանկությունը պետք է մեծապես ողջունվի եւ խթանվի` որպես հետագայում այդ երիտասարդներին Հայաստանի հետ անվերապահորեն կապելու միջոց: Ի վերջո, միայն երկշաբաթյա «Արի տուն» ծրագրով ոչ մի խնդիր չի լուծվում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ՀՀ մաքսային սահմանով ներմուծված ապրանքների համար մաքսային վճարներն ի՞նչ ժամկետում պետք է վճարել:
Տիգրան Հարությունյան (42 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ մաքսային օրենսգրքի 97Ա հոդվածի դրույթներով, համաձայն որի` մաքսային վճարները վճարվում են ՀՀ մաքսային օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը: Մասնավորապես` մաքսատուրքի եւ մաքսավճարի վճարման ժամկետները սահմանված են ՀՀ մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը սահմանված է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, ակցիզային հարկի վճարման ժամկետը սահմանված է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով, բնապահպանական վճարների վճարման ժամկետը՝ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով, ճանապարհային վճարների վճարման ժամկետը` «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքով, իսկ ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի վճարման ժամկետը սահմանված է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ մաքսային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ յուրաքանչյուր ապրանքի համար որոշակի ժամկետ ու գին է սահմանված: Մնում է՝ մեր ընթերցողը դիմի մաքսային մարմին, ներկայացնի ներմուծած ապրանքի տեսակն ու ըստ դրա որոշվի մաքսազերծման գումարի ժամկետը: