ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԵՏՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց հոկտեմբերի 10-ին Մինսկում Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի մասին» որոշումը: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ն իր որոշմամբ ազդարարում է, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Այսպիսով մեր այն կանխատեսումը, որ ՍԴ որոշումը միայն հոկտեմբերի 10-ի պայմանագրին է վերաբերում եւ չի վերաբերում 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին եւ նրան կից 33 հավելվածներին, իրականացվեց պաշտոնական փաստաթղթի տեսքով:
ՍԴ-ի՝ վերը նշված որոշման հիման վրա արդեն ՀՀ ԱԺ-ն կարող է վավերացնել միայն հոկտեմբերի 10-ի պայմանագիրը, որը Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու մասին է: Բայց մյուս կողմից դա չի կարող իրավունք տալ, որ մայիսի 29-ին Աստանայում ստորագրված պայմանագիրը (ԵՏՄ պայմանագիրը) Հայաստանի մասով իրավական ուժ ստանա: ԵՏՄ պայմանագիրը խորհրդարանում վավերացնելու համար ՍԴ-ն ուղղակի որոշմամբ պետք է ազդարարի, որ այդ փաստաթղթով եւ նրա 33 հավելվածներով առանձին-առանին սահմանած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Մինչ այս Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում նման բազմաշերտ միջազգային փաստաթուղթ մեկ անգամ էլ վավերացվել է 2002 թվականին: Խոսքը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի եւ կից արձանագրությունների մասին է: Կոնվենցիայի կից արձանագրությունները տվյալ դեպքում նույն են թե ԵՏՄ պայմանագրի 33 հավելվածները: 2002-ի փետրվարի 22-ին ՀՀ ՍԴ-ն մեկ վարույթով քննել է կոնվենցիան եւ նրան կից թիվ 1, 4 եւ 7 արձանագրությունները: Բնականաբար որոշման վերնագրում եւ տեքստում հենց այդ փաստաթղթերին է անդրադարձ արվում: Իսկ որ ամենակարեւորն է՝ ՍԴ-ն իր որոշման մեջ «որոշեց»-ից հետո ամրագրել է, որ «1950 թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում…ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Այսինքն՝ ՍԴ-ն ոչ միայն կոնվենցիան է հիշատակել, այլեւ մեկ առ մեկ թվարկել է այն արձանագրությունները, որոնք ինքը քննարկել է, եւ որոնք, ըստ իրեն, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Կոնվենցիայի մյուս արձանագրությունները հետագա տարիներին քննարկվել եւ վավերացվել են առանձին-առանձին: Այսինքն՝ որպեսզի ՍԴ որոշումը վերաբերեր ԵՏՄ պայմանագրին, այդ փաստաթղթում պետք է այդ փաստն արձանագրվեր, եւ վերջում էլ ՍԴ-ն պետք է արձանագրեր, որ այս-այս պայմանագրերով, այս-այս հավելվածներով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Սակայն նման բան չի արել Գագիկ Հարությունյանի ղեկավարած մարմինը:
Արդյոք նախագահականում կամ ՍԴ-ում այս պրիմիտիվ իրավական նրբությանը չեն տիրապետում: Իհարկե, տիրապետում են եւ շատ լավ գիտակցել են, թե ինչ են արել: Ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը կարող էր ԵՏՄ պայմանագիրը եւ հավելվածները ներկայացնել ՍԴ, որպեսզի վերջինս իր որոշմամբ ազդարարեր Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Բայց այդ դեպքում այս գործընթացում ներգրավված բոլոր պաշտոնյաները խոցելի վիճակում կհայտնվեին: Ապագայում (1, 10 կամ 20 տարի հետո, էական չէ) նրանք կարող են պետական դավաճանության, սահմանադրական կարգը տապալելու եւ այլ պետական հանցագործությունների մեջ մեղադրվել, քանի որ նպաստել են, որ կիրառության մեջ դրվի Հայաստանը, որպես անկախ պետություն, վերացնելու վերջնական նպատակ ունեցող փաստաթուղթ:
Ինչո՞ւ, բացատրենք: Ինչպե՞ս կարող է ՍԴ-ն քննել ԵՏՄ պայմանագրի 2-րդ հավելվածը եւ ազդարարել, որ ԵՏՄ դատարանի ստեղծումը, ինչը նախատեսված է այդ փաստաթղթով, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Չէ՞ որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են դատարանները՝ երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան: ՀՀ տնտեսվարողների, օտարերկրյա եւ ՀՀ տնտեսվարողների միջեւ վեճերն այլ կերպ, քան ՀՀ դատարաններում չեն կարող լուծվել: Սակայն ԵՏՄ փաստաթղթերով նախատեսվում է ստեղծել դատարան, որը պետք է քննի միության կանոնների խախտման վերաբերյալ վեճերը, դատարան կարող են դիմել ինչպես ԵՏՄ անդամ պետությունները, այնպես էլ՝ նրանց տարածքում գրանցված տնտեսվարողները: Ավելի լավ նվեր Ադրբեջանին՝ հնարավոր չէ պատկերացնել: Այդ երկիրը Հայաստանի դեմ լայնամասշտաբ դատական արշավ սկսելու համար Ղազախստանում մի քանի ընկերություններ կարող է բացել (որ ամեն անգամ Ղազախստանի նախագահը ստիպված չլինի անձամբ Ադրբեջանի շահերը ներկայացնել) եւ սկսել ՀՀ-ի կամ ՀՀ տնտեսվարողների, այդ թվում նաեւ՝ Արցախում արտադրված ապրանքն արտահանողների դեմ դիմումներ ներկայացնել:
Սա նշանակում է, որ թույլատրվում է ՀՀ ողջ տնտեսական քաղաքականությունը փաստաթղթի հիման վրա որոշեն Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում: Ու դժվար է հավատալ այն պատճառաբանությանը, թե մենք էլ իրենցն ենք որոշելու:
Նկատենք, որ Հայաստանը մի քանի տասնյակ միջազգային կառույցների է անդամակցում, բայց դրանք բոլորը միասին վերցրած Հայաստանի ինքնիշխանությանը այն վնասը չեն տալիս, ինչի հնարավորությունները պարունակում են ԵՏՄ պայմանագիրը եւ նրան կից հավելվածները: ՀՀ գործող իշխանությունը իր աթոռը պահպանելու համար հանձնում է ողջ երկիրը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՆՑ ԿԱՆԱՆՑ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է նոյեմբերի 23-ին Փարիզ մեկնել առանց կին պատգամավորների ուղեկցության: Շաբաթ օրը գրել էինք, որ Փարիզ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմը դեռեւս հստակեցվում է: Իսկ մինչ այդ ՀՀԿ խմբակցության կանանց միջեւ «անողոք» մրցակցություն է ծավալվել` նորաձեւության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իհարկե, պատվիրակության վերջնական «ցուցակը» դեռեւս պատրաստ չէ, բայց ԱԺ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գալուստ Սահակյանը որոշել է «փորձանքից հեռու մնալու համար» կին պատգամավոր չտանել հետը:

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՏՄ-ԻՆ
Մինչեւ այս չորեքշաբթի ՀՀ Սահմանադրական դատարանից Ազգային ժողովին «կփոխանցվի» Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պատգամավորներից պարզել նրանց տեսակետը ՍԴ-ի որոշման վերաբերյալ, սակայն բոլոր հարցվածները միաբերան հայտարարում էին, թե պայմանագիրը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո նոր միայն կարող են տեսակետ հայտնել:
 

ԱՄՈՒՍՆՈՒ ՀԵՏ
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում, նա մասնակցում է ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Ֆրանսիա է մեկնել ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի հետ: Հիշեցնենք, որ Դավիթ Բեգլարյանը «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործով անցնում էր: Դավիթ Բեգլարյանը, Հերմինե Նաղդալյանը եւ նրանց մի քանի ազգականներ 13 հատ բնակարան ունեն Գեւորգ Չաուշի 14/3 շենքում, որոնք ուրիշների սեփականությունն են: Դրանց մի մասը՝ 7-8 բնակարան, դեռեւս շարունակում են մնալ Նաղդալյանի եւ նրա ամուսնու տիրապետության տակ, իսկ բնակարանների առաջին սեփականատերերը շարունակում են պայքարել իրենց սեփականությունը ետ ստանալու համար:
Ի դեպ, ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից փորձեցինք պարզել, թե ինչու է Նաղդալյանը մեկնել Ֆրանսիա ու ինչ նիստերի է մասնակցում, նա կրկին հայտարարեց, թե ինքը միայն գրավոր հարցերին կպատասխանի: Էլեկտրոնային գրավոր հարցումներին եւս Բաբայանը չի պատասխանում, գրավոր հարցում ասելով՝ նա հասկանում է միայն թղթային` ստորագրված տարբերակը: Ու մինչ հարցումը տեղ հասնի, եւ մինչ պատասխանը ստանանք, Նաղդալյանը կհասցնի մի երկու-երեք շրջագայության էլ մեկնել, վերադառնալ:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ
«Սա քաղաքական պայքար է, որը հմտություն է պահանջում եւ իշխանությունները, բնականաբար, մանեւրելու են: Նույն քառյակն էլ ձեւավորվեց հենց այդ պատճառով, որովհետեւ իշխանությունները կոշտ պահվածք էին որդեգրել, ինչը ստիպեց մոբիլիզացվել մյուս կողմին: Ոչ իշխանական քաղաքական ուժերը եթե նույն տրամաբանությամբ շարունակեն, ես կարծում եմ, այդ պատրանքները կցրվեն»,- անդրադառնալով 12 կետերը վերանայելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը` երեկ ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Խոսելով եռյակի գործունեության մասին` Ռուստամյանն ասել է. «Այսօր հասարակությանը հուզող բոլոր հարցերը ես չեմ տեսնում, որ ամսի 24-ից հետո բավարարված են: Բայց ես չեմ համարում, որ սա ձախողում է կամ փակուղի մտած վիճակ: Հասարակությունը պետք է սովորի երկարատեւ պայքարի, բայց նաեւ պետք է հասկանա՝ այդ պայքարի քայլերն իրակա՞ն են, ո՞ւր են տանում»:

 

ՀԱՑԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը երեկվանից հացադուլ է սկսել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի առջեւ` ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման: «Սա միայն ՊՆ-ի անելիքը չէ: Ժողովո՛ւրդ, երբ մենք տաք-տաք ֆեյսբուքներում ստատուս ենք գրում, կամ մեր ամեն օրը վայելում, դա մեր զինվորների շնորհիվ է, դա նրանց օրուգիշեր սառելու, խիզախության շնորհիվ է, իսկ մենք ի՞նչ ենք անում, երբ մեր 3 զոհված տղերքի դիերը դեռ կենդանիների հոշոտման վտանգի տակ են…»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Սանասարյանը:

 

ՊԱՏԱՍԽԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Եթե հայկական կողմը ձեռնարկի ռազմական որեւէ գործողություն, ապա ադրբեջանական բանակը հակառակորդին կհասցնի աննախադեպ ու կործանիչ հարված, որը կհանգեցնի զանգվածային կորուստների ու ավերածությունների: Այդպիսի հարվածի հետեւանքները նրանք կհիշեն դեռ երկար ժամանակ: Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ եւ ունակ են՝ կանխելու համար յուրաքանչյուր սադրանք»: Ի պատասխան ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դասեր է տվել ադրբեջանական կողմին՝ հիշեցնելով մարդասիրական արժեքների մասին:

 




Լրահոս