ՑԱՎՈՔ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԸ ԴԵՌԵՎՍ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ փաստաբանական համայնքի վստահությունը դատական համակարգի նկատմամբ բարձր չէ, որի պատասխանատուն ՀՀ Վճռաբեկ դատարան է:

-Պարո՛ն Զոհրաբյան, հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ բարձր չէ, ինչպիսի՞ն է փաստաբանների պալատի վերաբերմունքը:
-Փաստաբանությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտ է եւ հասարակության կարծիքի ձեւավորման հարցում մեծ մասնակցություն ունի: Փաստաբանական համայնքի վստահությունը դատական համակարգի նկատմամբ նույնպես բարձր չէ:
-Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, եւ ինչպե՞ս կարելի է դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնել:
-Պատճառներից մեկի վերացման համար պետք է դատավորների աշխատավարձերը բարձրացնել: Որպես հակափաստարկ, իհարկե, կարելի է ասել բյուջեի սղությունը, բայց վստահ եմ՝ արդար դատական համակարգ ունենալու դեպքում մեր երկրում ներդրումները կավելանան, եւ բյուջեն կլցվի: Պատկերացրեք թեկուզ հարկային համակարգում, եթե քաղաքացին վստահ լինի, որ հարկային ծառայողի անօրինական գործողություններից կարող է դատարանում պաշտպանվել, ապա մեծ սիրով հարկ կվճարի, քան կաշառք կտա հարկային ծառայողին: Իսկ երբ հարկային ծառայողի պահանջած կաշառքը չի տալիս, ու իր նկատմամբ մեծ ակտ է կազմվում, որն էլ քաղաքացին դատարանում չի կարողանում վերացնել, քանի որ որոշ պաշտոնյաների տրամաբանությամբ բյուջեն բարձր է Հայաստանի Սահմանադրությունից, ապա մեր քաղաքացին փորձելու է հարկ չվճարել նույն բյուջե եւ իր հարցը կարգավորել հարկային ծառայողի հետ:
Կոռուպցիոն խոսակցությունները եւ գործարքներն այս ոլորտից չեն վերացել: Ցավոք, որոշ փաստաբաններ այդ գործարքների մեջ ներքաշված են, իսկ կոռուպցիայից պաշտպանվելու օրենսդրական վերջին փոփոխությունն ուղղակիորեն նպաստում է կոռուպցիոն գործարքների ծածկմանը:
-Ի՞նչ օրենսդրական փոփոխության մասին է խոսքը:
-Նախկինում կաշառք տվող անձն ազատվում էր քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր հայտնում էր կաշառք տալու մասին, իսկ մոտ 2 տարի առաջ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, եւ այդ անձը կաշառք տալուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է իրավապահ մարմիններին: Այս փոփոխությունն ուղղակիորեն նվեր էր կաշառակեր պաշտոնյաների համար, քանի որ կաշառք տալուց հետո 4-րդ օրը հայտնելու դեպքում արդեն պատասխանատվության է ենթարկվում կաշառք տվող անձը: Սա նշանակում է, որ այլեւս անձինք հաղորդում չեն ներկայացնի:
Դատական համակարգի ներկայացուցիչները հաճախ են մատնանշում խարդախությամբ դատապարտված փաստաբանների առկայությունը՝ ցույց տալու համար, թե հենց այդ փաստաբաններն են վարկաբեկում դատարաններին եւ նրանց անունից կաշառքներ են շորթում: Բայց եկեք իրականությունից չկտրվենք, կաշառքի մեջ ներքաշված փաստաբանը լավ գիտակցում է, որ խարդախության դեպքում ավելի քիչ պատիժ կստանա, քան կաշառք տալու դեպքում եւ արդեն իսկ ներկայացնում է իր լեգենդը, որ վստահորդից վերցված գումարը չի փոխանցել դատավորին, այլ խաբելով՝ յուրացրել է: Իհարկե, ես նկատի չունեմ, որ դատապարտված փաստաբանների հետ կապված բոլոր դեպքերը հենց այս սխեմայի մեջ են տեղավորվում:
-Եւ ո՞վ է պատասխանատու այս իրավիճակում:
-Այս արատները կարող է վերացնել Վճռաբեկ դատարանը, հետեւաբար պատասխանատուն Վճռաբեկ դատարանն է:
Իհարկե, սա չի նշանակում, որ ստորադաս դատական ատյանը՝ վերաքննիչ դատարանը, շատ լավ է աշխատում, իսկ Վճռաբեկը՝ վատ: Հակառակը՝ վերաքննիչ ատյանից շատ դժգոհ են մեր փաստաբանները, սակայն Վճռաբեկ դատարանը ի վիճակի է ստորադաս ատյանի սխալները վերացնել, ինչը չանելով՝ ուղղակիորեն դառնում է հասարակության քննադատություններ թիրախը:
Հանուն արդարության պետք է նշեմ, որ Վճռաբեկ դատարանի երկու պալատներն էլ լավ նախադեպային որոշումներ ունեն, եւ բացառությամբ մի քանի որոշումների՝ մնացած որոշումների որակի մասին շատ քննադատություն չեք գտնի: Փաստաբանների համեստ ակնկալիքը հենց այդ նախադեպային որոշումները կիրառելու հետ է կապված, որոնք հաճախ նույն Վճռաբեկ դատարանի կողմից անտեսվում են:
Վերջին շրջանում անհագստացնում է նաեւ որոշ դատավորների ոչ պարկեշտ վարքագիծը, երբ նրանք նիստերի ժամանակ դատավորին ոչ վայել արտահայտություններ են թույլ տալիս ու մնում անպատիժ: Դատավորը պետք է զսպվածության բարձր որակ ունենա, իսկ արդարադատության խորհուրդն էլ պետք է անզուսպ դատավորներին պատասխանատվության ենթարկի:
-«Ժողովուրդ»-ը փետրվարի 26-ին գրել էր, որ Դուք «Գեղամա» ռեստորանային համալիրում հանդիպել եք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ: Այդ ընթացքում Արման Մկրտումյանի հետ չե՞ք քննարկել խնդիրները:
-Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ զրույցներ եղել են դատական համակարգի բարելավման ուղղությամբ: Դրա հետ էր կապված նաեւ մեր փոխադարձ աշխատանքային խմբի ստեղծումը: Հարցերի հարցն այն է, թե արդյո՞ք Վճռաբեկ դատարանը պետք է շարունակի ընտրել, թե որ բողոքները վարույթ ընդունի, թե պետք է բոլոր բողոքները վարույթ ընդունի: Վերջին դեպքում կստացվի, որ տառացի կրկնօրինակում է վերաքննիչ ատյանին: Ես կարծում եմ, որ միայն Վճռաբեկ դատարանի նախագահը, անկախ անձից, չի կարող դատական համակարգը ոտքի կանգնեցնել:
Թեեւ հույս ունեինք, որ վերջին փոփոխություններով Վճռաբեկ ատյանը կպատճառաբանի իր որոշումները, եւ կանխատեսելի կլինի, բայց, ցավոք, Վճռաբեկ ատյանը դեռեւս անկանխատեսելի է:
-Ի՞նչ կանխատեսելիության մասին է խոսքը:
-Ոչ բոլոր բողոքներն է վարույթ ընդունում: Օրենքով տրված որոշ չափանիշներին համապատասխանող բողոքներն է ընտրում եւ ընդունում վարույթ: Մենք այս զտիչների դեմ, ըստ էության, բողոք չունենք, բայց մեզ համար հասկանալի եւ կանխատեսելի չէ, թե ինչու է Վճռաբեկ դատարանը 100 բողոքից հենց այս 5-ը ընդունել վարույթ եւ ոչ թե մյուս 5-ը: Վճռաբեկ դատարանն իր որոշումներով չի բացահայտում այդ չափանիշները, այլ կերպ ասած՝ չի սահմանում խաղի կանոնները: Իսկ սա նշանակում է՝ մենք ունենք կոռուպցիոն ռիսկ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ՔՆՆԻՉՆԵՐԻՆ ՉՊԱՏԺԵՑԻՆ

ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների միջեւ սկսված հակամարտության առաջին իրավական փուլն ավատրվել է հօգուտ քննիչների: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քննվող ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կարեւոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էին քրեական գործեր եւ ուղարկվել էին ՀՔԾ:
Բնականաբար նորաստեղծ քննչական կոմիտեն չէր ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են եղել ընդամենն առանձին դատավարական ժամկետների բացթողման հանգամանքները: Ասել է թե՝ մի քանի ժամով քննության ժամկետները խախտած քննիչներին չի կարելի հանցագործ համարել:
Հատուկ քննչական ծառայությունն էլ երեք շաբաթ գործը քննելուց հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, որոշել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճել:
Սա նշանակում է, որ հատուկ քննչական ծառայության քննիչները, քննելով քննչական կոմիտեի իրենց գործընկերների արարքը, հանգել են այն եզրակացության, որ դատավարական ժամկետների բացթողում չի եղել, եւ քննիչները ճիշտ են:
Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչին, դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել նաեւ ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաեւ՝ քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այս գործն էլ գտնվում է ազգային անվտանգության ծառայությունում:
Տեսնենք, թե նրանք ինչ որակում կտան Աղվան Հովսեփյանի ենթակա քննիչների արարքներին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ
Երեկ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցերը: ԼՂՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի` միջդիրքային գոտում կործանված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը վերջնականապես պարզելու եւ դրանից բխող մյուս գործընթացներն իրականացնելու համար:

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես եւ ամեն տարի, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից անվանական կրթաթոշակներ է հատկացրել: Պարգեւատրված ուսանողները երեկ նշել են, որ ի դեմս ԲՀԿ նախագահի՝ ունեն հուսալի հենարան, եւ ստացած կրթաթոշակն առավել պարտավորեցնող է:

 

ԳՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՈՒ
Նոյեմբերի 21-22-ին Բաքվում տեղի կունենա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ վարչության պետ Վաղինակ Գալստյանը: Ուշագրավ է, որ նրանք մեկնում են Բաքու նոյեմբերի12-ին հայկական ուղղաթիռի խոցման դեպքից հետո:

 




Լրահոս