ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԻՄԱ ԷԼ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ն Է ՄԻԱՑՅԱԼ ՀԱՐԹԱԿ ՍՏԵՂԾՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում կայացավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած նախահավաքը: Այն բավականին սակավամարդ էր, իսկ ԱԺ 3 ոչ իշխանական ուժերն այդպես էլ չմասնակցեցին հանրահավաքին:

Նախահանրահավաքի մասնակիցները հիմնականում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն էին: Հավաքին մասնակցեցին եւ ելույթ ունեցան նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ ասելով, որ ընդդիմությունը պետք է լինի միասնական եւ իրական: Իսկ «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանն իր 40-50 հետեւորդների հետ հրապարակ եկավ եւ մի քանի վայրկյան զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ, ապա տեղավորվեց շարքերում:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ էր նախահավաքը ոչ մարդաշատ:
-Պարոն Մարտիրոսյան, քաղաքական ուժերի մոտ, հատկապես Հայ ազգային կոնգրեսի, հանրահավաքների հետ կապված քաղաքական խանդ կա: Անգամ տեղեկություններ կան, որ ԱԺ 3 ոչ իշխանական ուժերն իրենց թիմակիցներին հորդորել են չմասնակցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հրավիրած նախահանրահավաքին: Ի՞նչ եք կարծում նախահանրահավաքի սակավամարդությունը դրա հետ կապվա՞ծ է:
-Ես ուրիշի խանդերի մասին ոչինչ չեմ կարող ասել, ես միայն մեր լայնասրտության մասին կարող եմ խոսել: «Ժառանգություն» կուսակցությունը ցանկացած պայքարի հարթակում եղել է ու եղել է ՀՀ քաղաքացիների հետ, եւ ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Ուստիեւ մեզ համար եղել եւ մնում է իրական պայքարը: Թե ով է խանդում, ում է խանդում, ինչպես է խանդում, եւ ինչ չափով, կարծում եմ՝ դա արդեն երկրորդական հարց է մեզ համար: Ու դա ապացուցվել է մեր այս տարիների գործունեության արդյունքում:
-Իսկ ովքե՞ր պետք է միանային Ձեր պայքարին, որ չեն միացել: Կա՞ն կոնկրետ քաղաքական ուժեր, որոնք պետք է մասնակցեին Ձեր հրավիրած նախահավաքին:
-Նախ՝ սա միայն մեր պայքարը չէ, սա մեր բոլորի պայքարն է, եթե ուշադրություն եք դարձրել, այն թերթիկը, որը բաժանվել է, միացյալ հարթակի մասին էր խոսում, մենք փորձում ենք այդ միացյալ հարթակը ստեղծել, սա մեր առանցքի շուրջ միավորում չէ: Սա այն միացյալ, համատեղ պայքարի տեսլականի՝ կյանքի կոչմանն ուղղված հերթական նախահավաքն է:
-Քաղաքական այլ ուժերի նախահավաքին մասնակցելու հրավերներ ուղարկե՞լ եք:
-Սա բաց հարթակ է ու ցանկացողները կարող են մասնակցել:
-Այսօր այնպիսի տպավորություն է, որ քաղաքական ուժերը փորձում են ամեն մեկն իր հերթին ցույց տալ, թե Ազատության հրապարակում որքան մարդ կարող են հավաքել: Բայց այդ հավաքները, կարծես թե, հիմնավոր նպատակ չեն հետապնդում:
-Մենք հաստատ այդ մրցակցության մեջ չենք մտնում, որովհետեւ մեր հանդիպումների ժամանակ անգամ 20 հոգի մարդ է եղել: Մենք հանրահավաքային թվերով չէ, որ պետք է զարմացնենք ժողովրդին, կարծում եմ՝ ցանկացած պարագայում մեր յուրահատկությունը կայանում է հենց դրանում, մեր գլխավոր նպատակը մեր աշխատանքի ծավալի մեջ է:
-Բայց, ըստ Ձեզ, ժողովուրդը հավատո՞ւմ է Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի հավաքվի նրա շուրջ:
-Նորից եմ կրկնում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հավաքվելու խնդիր չկա, սա միասնական է, միասնական ճակատով երկիրն այս իրավիճակից դուրս բերելու խնդիրն է:
-Նման մի միասնական «ճակատ» էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է ստեղծել ու բոլոր կուսակցությունների առաջնորդներին հրավիրել մասնակցության: Կարծես թե «Ժառանգություն»-ը եւս այդ ամենի կողմնակից է, ինչո՞ւ եք այժմ էլ առանձին միասնականության կոչեր անում:
-Այս պահին, որեւէ առանցք գոյություն չունի, միակ առանցքը դա ժողովրդի ցավն է ու խնդիրները: Հիմա մենք խորհրդարանում տեսնում ենք քառյակի գործունեությունը: Այժմ քառյակը ցանկանում է ՀՀ կառավարության հրաժարականը, իսկ դրանից հետո, կարծում եմ, ավելի հստակ կլինի, թե ինչ տեղի կունենա քաղաքական դաշտում:
-Կարծես թե ընդդիմությունը միասնության խնդիր ունի, քանի որ ամեն մեկն իր օրակարգն ու պահանջներն է թելադրում: Չե՞ք կարծում, որ նման հանրահավաքները պառակտում կմտցնեն ընդդիմության մեջ:
-Կարծում եմ՝ հաղթանակի դեպքում կհաղթեն բոլորը, իսկ պարտության դեպքում` կրկին կլինի բոլորի պարտությունը, անկախ նրանից, թե ամեն մեկը որքանով է կարողացել հրապարակում մարդ հավաքել: Առավել եւս, որ հրապարակ լցնելով խնդիր չի լուծվելու, պետք է լինի նաեւ ժողովրդի վստահությունը:
-Անգամ ՀՀԿ-ականներն են հայտարարում, որ շուտով Հայաստանում ընդդիմություն չի լինելու, լավագույն դեպքում կմնա այլընտրանքը: Նման մտավախություն չունե՞ք:
-Ինչպես որ մնացած բոլոր իրենց ասածները, այս անգամ եւս դա իրականություն չի դառնա: Հանրապետականները բազմաթիվ հարցեր են բարձրացրել ու սխալվել են, դա կյանքի չի կոչվել, այս անգամ եւս իրենց հայտարարություններն իրականություն չեն դառնալու:

 

 

 

 

 

 

 

 

 
ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՐԻԿԱԴՆԵՐ ՈՒ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

 

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջեւ «փոխհրաձգությունը» շարունակվեց: Անգամ ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, թե առաջիկայում ցնցումներ են սպասվում:

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը զգուշացնում է իշխանություններին՝ ապրիլի 28-ին ընդունել ՀՀ կառավարության հրաժարականը, չօգտագործել կոճակային պատգամավորների առավելությունը՝ հակառակ դեպքում խոստանում ենք բարիկադներ եւ ցնցումներ»,-հայտարարեց պատգամավորը: Վ. Բաբայանը նշեց, թե իրենք չունեն որեւէ գաղտնի պայմանավորվածություն եւ գաղտնի պլան, եւ առաջնորդվում են բաց, թափանցիկ ծրագրեր մշակելով: «Գործող կառավարությունը տապալվել է բազմաթիվ ոլորտներում կենսական կարեւորություն ուենցող գործերում, եւ այլ տարբերակ չունենք, անվստահության մեկամսյակն այսօրվանից սկսում է: Կառավարությունը ոչ թե վարչապետի տեսքով պետք է հեռանա, այլ՝ ամբողջովին, այսինքն` չենք բարձրացնում վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հարցը, այլ՝ բոլոր նախարարների: Մենք պայքարելու ենք արմատական փոփոխությունների հասնելու համար: Հաջորդ կառավարությունը պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն: Մենք գտնում ենք, անկախ ամեն ինչից, որ կա հնարավորություն՝ գնալու խաղաղ, անցնցում փոփոխությունների, եւ պետք է իշխանությունը հետեւություններ անի»,-ասաց ԲՀԿ- ական պատգամավորը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ աչքի ընկավ իր «կսմիթային» խոսելաոճով: Անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարությանը՝ երկրում սպասվող ցնցումերի մասին, Գրիգորիչը հեգնեց. «Ընկճվեցի… վատ զգացի…կմտածեմ, կպատասխանեմ…»
Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խոսելով ոչ իշխանական 4 ուժերի ներկայացրած արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի մասին, ասաց. «Անշուշտ, բոլորս էլ կողմ ենք քաղաքակիրթ, նորմալ ավտոկայանատեղիների ստեղծմանը: Բոլորս կողմ ենք, որպեսզի ունենանք նորմալ, անվտանգ ճանապարհային երթեւեկություն: Հիմնական մեխն այն էր, թե ինչ մեխանիզմներով են փորձում իրականացնել դա: Որեւէ մեկը չկարողացավ փաստարկ կամ հակափաստարկ ներկայացնել, թե ինչ իրավունքով է տրված, որ մասնավորը պետք է մաս կազմի այս գործարքին եւ կարողանա 70 տոկոս շահույթ վերցնել: Իշխանությունը կարողացավ օգտագործել վաղուց արդեն քաղաքական պոտենցիան կորցրած եւ պրոֆեսիոնալ, օգտագործվող դարձած որոշ գործիչների եւ փորձեցին ցեխ շպրտել ընդդիմության վրա, որ ընդդիմությունն ամբողջությամբ սեւացնում է այն, ինչ կատարվում է պետության մեջ»:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԻՆՔՆԱԿԱՄ   ԿՀԵՌԱՆԱ 

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հայտարարել է պաշտոնաթող լինելու պատրաստակամության մասին: Նշենք, որ ազգությամբ հայ Ավագովի պաշտոնաթողությունը պահանջում է արմատական «Աջ հատվածը»՝ Արեւմտյան Ուկրաինայում իր համակարգողի՝ Ալեքսանդր Մուզիչկոյի զոհվելու կապակցությամբ:

Մուզիչկոն սպանվել Է Ռովնոյի մարզում մարտի լույս 25-ի գիշերը՝ ՆԳ նախարարության կողմից նրա ձերբակալման հատուկ գործողության ժամանակ: Այս առիթով «Աջ սեկտոր»-ի ծայրահեղականները շրջապատել էին Գերագույն ռադայի շենքը եւ սպառնացել գրավել այն: Ծայրահեղականները կասկածում են, որ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բելի) սպանությունը ՆԳՆ ղեկավար Արսեն Ավագովն է պատվիրել, դրա համար պահանջել էին դատի տալ նրան:
Ինչպե՞ս է արձագանքում տեղի ունեցածին Ուկրաինայի հայ համայնքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավարի տեղակալ Մերի Հակոբյանն ասաց, որ իրենք քաղաքական որեւէ հարցի չեն խառնվում եւ այս հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեն կարող տալ:

 

 

ՀՀԿ-Ի ՆԵՐՔԻՆ ՄՐՑԱՎԱԶՔԸ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին հեռացրել են աշխատանքից: Մեզ հասած տեղեկություններով՝ արդեն հայտնի է նաեւ ապագա տնօրենի անունը: Ամենահավանական թեկնածուն Վարդենիսի Ակունք գյուղում ծնված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ հորեղբորորդին է` Արմեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս 2012թ. հոկտեմբերի 12-ին գրել էր, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ջանում է իր հարազատին տուն- ինտերնատի տնօրեն «կարգել»:
Իսկ ո՞վ է Ավագյանի «կադրը»: Արմեն Ավագյանը բարձրագույն կրթություն չունի, նախկինում տուն-ինտերնատի գանձապահն էր եւ գրեթե բոլոր աշխատակիցներից 10-հազարական դրամ պահումներ էր արել: Այս խայտառակությունը բացահայտվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, սակայն ընթացք չէր տրվել, քանի որ Ավագյանի համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր միջամտել՝ խոստանալով, որ նման բան այլեւս չի կրկնվելու: Ու փոխարենը, Արմեն Ավագյանին ներելուց բացի, նաեւ «առաջ են տանում»՝ ձգտելով նշանակել տուն-ինտերնատի փոխտնօրեն:
Ի դեպ, հեռացված տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի ազգականն է: Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ը փորձեց Նվեր Հովհաննիսյանից պարզել՝ ինչո՞ւ են իրեն աշխատանքից հեռացրել: Վերջինս հուսահատ ձայնով ասաց, որ ինքը ոչինչ չգիտի:
Այսպիսով, երիտՀՀԿ-ական Կարեն Ավագյանը երկու տարի անց հասավ իր նպատակին եւ հաղթեց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանին:




Լրահոս