15 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում է որոշ գաղտնազերծումներ անել:

Թե ինչու է նման մտադրությունն առաջացել դեպքից 15 տարի անց, ցմահ դատապարտյալը բացատրում է հետեւյալ կերպ. «Ողորմի ինտերնետ հնարողի հորը: Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ մի վարձու լրագրողից կամ լրատվամիջոցից»: Մասնագիտությամբ մանկական օրթոպեդ-տրավմատոլոգը հայտարարել է, որ հանգամանորեն ու փաստարկված ներկայացնելու է իրական պատճառները, դեպքը եւ հետեւանքները, պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»:
«Խոստանում եմ շատ պատասխանատու մոտենալ այս ամենին, որովհետեւ սա միայն իմ անձնական գործը չէ: Մինչեւ հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետեւանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ: Ընդ որում, տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլեւ ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին եւ կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.: Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատեւում էր դրա պատճառներով, դրանից հետո՝ հետեւանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից: «Տուժողների» եւ «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին եւ ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում: Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»,- շարունակելով խոսքը՝ ասել է դատապարտյալը՝ հավելելով, որ առանձին կանդրադառնա Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին: Ըստ դատապարտյալի՝ սա ուրիշ պատմություն է ուրիշ մարդկանց մասին:
Կպարզվեն նաեւ շատերին հուզող ուրիշ հանգամանքներ: Վերջում դատապարտյալը նշում է. «Հոկտեմբերի 27-ը դիտարկելու եմ երկու ասպեկտով՝ իրավական եւ քաղաքական: Այս դեպքում սրանք իրարից առանձնացնելը հեշտ չէ, բայց ես կփորձեմ»:
Իսկ Armlur.am-ի հարցին՝ երբ է պատրաստվում «բարձրաձայնել իրականությունը», դատապարտյալը խոստացավ. «Շուտով, շատ շուտով»:
Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին՝ երեկոյան 17:00-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի դահլիճ են ներխուժել Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանն ու Դերենիկ Բեջանյանը՝ կրակ բացելով պատգամավորների եւ նախարարների ուղղությամբ: Վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաեւ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը սպանվեցին:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից օրեր առաջ խոցված ուղղաթիռի դեպքի առնչությամբ.

«6-րդ օրն է, որ հակառակորդի խոցած հայկական ուղղաթիռի օդաչուների անշնչացած մարմինները գտնվում են մեր աչքի առաջ, սակայն մենք Հայաստանի քաղաքական ղեկավարության արգելքի պատճառով չենք կարողանում վերցնել եւ հողին հանձնել նրանց: Եվ այս փաստն ամեն րոպե տրորում է բոլորիս, այդ թվում՝ բանակում գտնվող սպաների եւ զինվորների արժանապատվությունը: Նման ամոթալի երեւույթը վկայում է հետեւյալի մասին՝ իմ դիտարկմամբ՝ մեր ուղղաթիռներն անցել են շփման գծի հայկական կողմի սահմանը եւ թռիչքը շարունակել չեզոք գոտում: Բացառված է, որ նրանք սխալված լինեին, քանի որ նախ՝ շատ ցածր էին թռչում, ուստի իրենց համար տեսանելի էր ամեն ինչ, եւ բացի այդ՝ երկու ուղղաթիռ միաժամանակ չէին կարող նույն սխալը գործել: Նշանակում է՝ նրանք հրաման են կատարել: Այդ դեպքում ո՞վ է որոշել ուղղաթիռների երթուղին ու առանց պաշտպանիչ ջերմաբալոնների՝ չեզոք գոտով թռչելու հրաման տվել՝ այդպիսով նրանց վերածելով հակառակորդի համար գրեթե 100 տոկոսանոց խոցելի թիրախների:
Արդյո՞ք սա դիտավորություն է, թե՞ միայն հանցավոր անփութություն: Նման կասկած է առաջանում հատկապես այն պատճառով, որ հակառակորդը, կարծես թե, կազմ ու պատրաստ սպասում էր: Օդաչուների մարմինները մեր ուժերով վերցնելու հնարավորության պայմաններում Կարմիր խաչին դիմելու եւ 6 օր անորոշության վիճակում սպասելու երեւույթը ծաղր է Հայաստանի եւ նրա բանակի նկատմամբ:
Այնպիսի տպավորություն է առաջանում, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գործուն կերպով մասնակցում է հայկական բանակն արժեզրկելու եւ բարոյազրկելու նպատակի իրագործմանը: Իսկ ինչո՞ւ ընդունված կարգի համաձայն՝ հակառակորդը մինչ խոցելը չնախազգուշացրեց մեզ: Եվ դա այն դեպքում, երբ ուղղաթիռներն ընդամենը չեզոք գոտում էին եւ չէին անցել հակառակորդի սահմանը: Սա վկայում է այն մասին, որ նա այլեւս չի վախենում հայկական բանակից, ինչի հիմնական պատճառը քաղաքական ղեկավարության զրոյական արտաքին քաղաքականությունն է:
Նա բռնել է ԵՏՄ-ին անդամակցելու միջոցով Արցախը եւ մեր ինքնիշխանությունը հանձնելու ճանապարհը, իսկ այդ գործը գլուխ բերելու համար հարկավոր է բարոյազրկելու միջոցով կամազրկել ու թուլացնել հայկական բանակը, քանի որ նա է Արցախի եւ մեր ինքնիշխանության հանձնման գլխավոր խոչընդոտը:
Կատարվածի համար պետք է պատասխան տան քաղաքական ղեկավարությունը եւ այն բարձրաստիճան հրամանատարը, որն ուղղաթիռներին ուղարկել է չեզոք գոտի՝ այն էլ առանց պաշտպանիչ ջերմաբալոնների»:

Ժիրայր Սեֆիլյան, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի
հրամանատար

 

 

 
ԴԵՊԻ  ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նոյեմբերի 16-ին Իջեւան քաղաքի մշակույթի տան դահլիճում կայացավ հանդիպում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան եւ Ռուսաստանի միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Իջեւանում ռուսական մշակույթի «Հարմոնիա» կենտրոնի տնօրեն Սեդա Զարգարյանի նախաձեռնությամբ եւ նպատակ ուներ պարզաբանելու ՌԴ քաղաքացիություն ստանալու եւ այդ երկրում աշխատանքային միգրացիայի հետ կապված հարցերը:
Իջեւանում շատերին են հետաքրքրում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդիրները: Այդ հետաքրքությունն ավելի է մեծացել Մաքսային միությանը Հայաստանի առաջիկա անդամակցության կապակցությամբ: Սակայն, հավանաբար, հանդիպման մասին քիչ իրազեկվածության պատճառով դահլիճը կիսադատարկ էր: Եվ չնայած դրան` հանդիպման մասնակիցները շատ ակտիվ էին: Ներկաներից մեկին հետաքրքրում էր, թե Ռուսաստանն ինչպե՞ս է վարվում այն քաղաքացիների հետ, ովքեր ունեն երկքաղաքացիություն:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության եւ այդ երկրի միգրացիոն ծառայության աշխատակիցները պարզաբանեցին, որ Ռուսաստանը չի ընդունում երկքաղաքացիություն: Երբ պարզվում է, որ քաղաքացին միաժամանակ երկու երկրի քաղաքացի է, նրան առաջարկում են ընտրություն կատարել երկուսի միջեւ: Հանդիպման մասնակիցներից մի իջեւանցի հարցրեց, թե ինչո՞ւ է արգելվել իր մուտքը Ռուսաստան, երբ ինքը նախկինում Ռուսաստանում չի եղել եւ, բնականաբար, այնտեղ որեւէ իրավախախտում չէր կարող կատարել: Մեկ այլ մասնակից էլ գանգատվեց, որ իր ընտանիքի բոլոր անդամները Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, բնակվում են այնտեղ, սակայն իրեն Ռուսաստանից արտաքսել են: Իջեւանի բնակիչներից մեկն էլ դժգոհեց, որ Ռուսաստանում աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալիս մաքսակետում իր մոտ ուղեբեռի թույլատրելի ծավալի գերազանցում է արձանագրվել, որի պատճառով իրեն որոշ ժամանակ արգելվել է Ռուսաստան մուտք գործել:
Տրված հարցերի մեծ մասին ի պատասխան հնչում էր նույն արտահայտությունը. պետք է դիմել Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայություն: Ռուսաստանի դեսպանատան եւ միգրացիոն ծառայության աշխատողներն իջեւանցիներին հավաստիացրեցին, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել որակյալ աշխատանքային կադրերի: Պատերազմի եւ աշխատանքի վետերանների՝ Իջեւանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Սուրեն Օհանյանը հարցրեց, թե ինչո՞ւ Հայրենական պատերազմի հայաստանցի վետերաններն իրենց ռուս զինակիցների նման սոցիալական լայն արտոնություններից չեն օգտվում, չէ որ նրանք միասին էին կռվում: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության աշխատակիցները Ս. Օհանյանին հիշեցրեցին, որ Խորհրդային Միությունը վաղուց չկա, եւ ամեն երկիր ինքն է հոգում իր վետերանների կարիքները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս