«ԿՓՈՐՁԵՄ ՓՈՔՐԻԿ ԴՈՒՌ ԲԱՑԵԼ ԴԵՊԻ ՀՈԼԻՎՈՒԴ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերիալներից եւ ֆիլմերից հայտնի դարձած դերասանուհի Լիա Զախարյանին հնարավոր է՝ ապագայում տեսնենք դեսպանի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմել է Հոլիվուդ մուտք գործելու նպատակի, ինչպես նաեւ՝ իրեն վերագրվող սիրավեպերի եւ ապագա ընտանիքի մասին:

-Կարելի՞ է ասել՝ «Կյանքից առավել» ֆիլմում հանդես գալով՝ փորձեցիք ապացուցել, որ միայն գլամուրային դերերի համար չեք:
-Այո՛, ես այս ֆիլմում կերպարանափոխվելու հնարավորություն ունեցա, հանդես եմ եկել դրամատիկ դերում, շուտով կպարզվի, որ իմ կերպարը նաեւ մարդասպան է. ակնհայտ են անցումները բացասական դերից դրականին եւ հակառակը:
-Շուտով կկայանա «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի պրեմիերան, այնտեղ Դուք մարմնավորել եք մի աղջկա, ով շատ է սիրում կենդանիների, եւ հենց կենդանին էլ փոխում է նրա ճակատագիրը: Առհասարակ, պատահականությունների հավատո՞ւմ եք:
-Այո՛, ես հավատում եմ պատահականությունների, ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն բան ունի իր նշանակությունն ու իմաստը:
-Ունեք նաեւ դիվանագետի մասնագիտություն, նույնիսկ ասել եք, որ հնարավոր է՝ ապագայում Ձեզ տեսնենք դեսպանի պաշտոնում: Դերասանուհուց դեսպան դառնալու ուղին ինչպե՞ս եք պատկերացնում:
-Կարծում եմ՝ դիվանագետին դերասանական ձիրք է պետք, իսկ դերասանն էլ պետք է լավ դիվանագետ լինի, որ առաջ գնա: Ինձ համար դրանք համատեղելը դժվար չէ: Մեր շոու-բիզնեսում էլ կան մարդիկ, ովքեր քաղաքականության ոլորտում իրենց դիրքն են գրավել:
-Նաեւ Հոլիվուդ մուտք գործելու հեռահար մտադրություն ունեք. սա ռոմանտիկ աղջկա երազա՞նք է, թե՞ կոնկրետ նպատակ:
-Չէ՛, ես ռոմանտիկայով չեմ ապրում, եթե ունես նպատակասլացություն եւ տաղանդ, ամեն ինչի էլ կհասնես: Եթե հաջողվի՝ ԱՄՆ-ում կշարունակեմ ուսումս որպես ասպիրանտ, այդպիսով զուգահեռաբար կփորձեմ փոքրիկ դուռ բացել դեպի Հոլիվուդ, դերասանական ոլորտում առաջ գնալ:
-Ձեր ոլորտում գործնական հարաբերությունները կարող են թեժանալ իրարից դեր «փախցնելու», միմյանց ստվերում թողնելու հողի վրա: Ինքներդ նման խնդիրների բախվե՞լ եք:
-Ես նման վճռորոշ պահերին միշտ առաջնորդվում եմ երկարատեւ լռություն պահպանելու սկզբունքով: Իմ կյանքում եղել է նման մի բան. ես պետք է մի նախագծի շրջանակներում խաղայի, հետո իմացա, որ ուրիշն է կերտելու իմ դերը: Ես համբերատար գտնվեցի, սպասեցի, ու ամեն բան իր տեղն ընկավ. ավելի լավ դեր ստացա:
-Դուք այն մարդկանցից եք, ովքեր հանրությունից չեն թաքցնում իրենց անձնական կյանքի մանրամասները, հրապարակում եք տեղեկություններ, սկսած Ձեր ծնողների բաժանված լինելու փաստից մինչեւ տատիկի մահը. չե՞ք վախենում, որ այդ կերպ կնպաստեք Ձեր մասին ավելորդ բամբասանքների տարածմանը:
-Եթե ոչինչ էլ չասեմ հանրությանը, միեւնույն է՝ իմ անվան շուրջ կպտտվեն ամենատարբեր խոսակցություններ՝ թե՛ իրական, թե՛ սուտ: Իսկ երբ մարդիկ քո մասին ոչինչ չգիտեն, հավանականությունը մեծ է, որ կտարածեն սուտը:
-Հանրությունը Ձեզ «ներքաշեց» նաեւ սիրավեպերի մեջ, նախ՝ Ձեր անունը կապվեց երգահան Արման Անտոնյանի, ապա՝ դերասան Արթուր Սահակյանի հետ. գուցե տղաների հետ հարաբերություններում բարդույթներ չունեք, եւ այդ պատճառո՞վ են տարածվում նման խոսակցություններ:
-Ինձ թվում է՝ երբ հանրությանն անձնական կյանքիդ մասին տեղեկություն չես տալիս, մարդիկ փորձում են օգտագործել ամեն առիթ: Իրականում երկուսի հետ էլ գործնական հարաբերություններ եմ ունեցել, պարզապես Արթուրի հետ սիրային զույգ ենք խաղացել, իսկ տարածում գտած ջերմ լուսանկարներն էլ, ինչու ոչ, փիար են արել մեզ: Ես դեռ իրական սիրավեպի վերաբերյալ նորությունների տարածման առիթ չեմ տվել:
-Ձեր կողքի տղամարդուն ո՞ր ոլորտից եք պատկերացնում, եւ ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ապագա ընտանիքը:
-Իմ կողքի տղամարդը պետք է դերասանական ոլորտից դուրս լինի: Ըստ իս, զուգընկերները պետք է իրենց հետաքրքրություններով լրացնեն միմյանց: Բացի այդ՝ լինելով այս ասպարեզում, գիտեմ, թե ինչպես են այստեղ հարաբերություններ ստեղծվում: Եթե ես աղջիկ եմ եւ գիտեմ իմ չափն ու սահմանը, ապա ոչ մի երաշխիք չեմ կարող ունենալ իմ զուգընկերոջ դեպքում, իսկ ես հարմարվող ու ներողամիտ չեմ: Առհասարակ, պատկերացնում եմ, որ ընտանիքս լինելու է արկածախնդիր եւ միահամուռ: Պետք է այնպես անենք, որ մեր ընտանիքներում չկրկնենք ծնողների սխալները:

 

 

 
ՀԱՅՏՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀՈՒԶՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ուսանողը պետք է լինի կիսաքաղց եւ կիսաքուն. այսպես է ընդունված ընկալել ուսանողի կերպարն աշխարհի ամենատարբեր երկրներում, միեւնույն ժամանակ, ինչ-որ պարադոքսալ մեկնաբանմամբ, ուսանողական տարիները համարվում են ամենաերջանիկն ու անհոգը: 1946 թվականին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ՝ աշխարհի մի շարք երկրներում նոյեմբերի 17-ին նշվում է ուսանողների միջազգային օրը: Տոնի առթիվ «Ժողովուրդը» զրուցել է արվեստի ոլորտի հայտնիների հետ, ովքեր նաեւ ուսանողներ են, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին եւ ոչ միայն:

«Պրեմիերա» նախագծի հաղթող, երգչուհի Լենա Ղազարյանը, ով այժմ սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի 4-րդ կուրսում, նշում է, որ կուզենար՝ ուսումնական ծրագրում գործնական աշխատանքը շատ լիներ, քանի որ դրա շնորհիվ է, որ երգչուհին կարողանում է իր ոլորտում վստահ կերպով քայլեր անել: Նա, առիթն օգտագործելով, դիմեց նաեւ պատկան մարմիններին՝ լսարանների վերանորոգման հարցը լուծելու խնդրանքով: Անդրադառնալով ուսանողուհու իր կերպարին՝ Լենան խոստովանեց, որ շատ է բացակայել դասերից. «Սուտ կլիներ, եթե ասեի, որ պարտաճանաչ ուսանողուհի եմ, ժամանակի սղության պատճառով հաճախ չի ստացվել կարիերան համատեղել ուսման հետ»,-ասաց նա:
Ժամանակի սղության խնդիր ունի նաեւ Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գուրգեն Բավեյանը, ով արդեն մեկ տարի է, ինչ սովորում է Ֆրանկֆուրտի երաժշտական բարձրագույն դպրոցում: «Ինձ պարտաճանաչ ուսանող չի կարելի համարել, քանի որ ուսմանը զուգահեռ նաեւ աշխատում եմ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում, բայց, իհարկե, չեմ չարաշահում արտոնություններս»,-անկեղծացավ երգիչը:
Նրա խոսքով՝ թեեւ իրենց մոտ դասերը բավական հետաքրքիր են անցնում, միեւնույն ժամանակ ինքը գոհ է Երեւանի պետական կոնսերվատորիայում ստացած կրթությունից: «Դասավանդման այն դպրոցը, որ ունենք, շատ քիչ պետություններում կարելի է հանդիպել»,-նկատեց նա:
Իր ստացած կրթությունից գոհ է նաեւ սերիալներից հայտնի դարձած դերասանուհի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողուհի Արեւիկ Գեւորգյանը, սակայն նրան չի գոհացնում հանրության գնահատականը իր մասնագիտությանը, աշխատանքին. «Ամեն սխալ գնահատական այնքան է կոտրում քեզ, որ եթե ուժեղ չլինես, այս մասնագիտությամբ երբեք չես սովորի եւ երկար չես մնա այս ասպարեզում»,-անկեղծացավ դերասանուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՈՐԴԵԳՐԵԼ
Օրեր առաջ Հայաստանում լույս աշխարհ է եկել երկու փոքրիկ՝ Ռաֆայելը, որը ծնվել է առանց ձեռքերի եւ մեկ ոտքի, եւ Ժասմինան, որն ունի «Պիեր Ռոբին»-ի սինդրոմ՝ ծնոտի թերզարգացման խնդիր: Ֆիզիկական արատների պատճառով ծնողները լքել են երեխաներին. նրանք պետք է տեղափոխվեն մանկատուն: Այս առիթով սոցիալական ցանցերում մի քանի երիտասարդ մայրիկներ ստեղծել են «Բարի մամա» կամավորների խումբը, որն անցկացնում է բարեգործական ֆլեշմոբ-ակցիա: Խմբի անդամների շնորհիվ երեխաներին արդեն փոխանցվել են հագուստ եւ խնամքի պարագաներ: Խումբը նպատակ ունի գտնել հոգատար ընտանիքների, որոնք կխնամեն նորածիններին:
Ակցիայի շրջանակներում «Need Mommy», «Need Family», «Need Love» գրությամբ շապիկներով ֆոտոսեսիային են միացել մի շարք հայտնի անձինք՝ Մկրտիչ Արզումանյանը, Շուշաննա Թովմասյանը, Սոնա Շահգելդյանը, Արմեն Պետրոսյանը, Ելենա Բորիսենկոն եւ այլք՝ կոչ անելով որդեգրել Ժասմինային եւ Ռաֆայելին:

 

ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԼԵԳՈ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Նախորդ շաբաթ ողջ համացանցը հեղեղել էին ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարները՝ արված «Paper» ամսագրի համար: Նկարներում Քիմն ի ցույց է դնում իր բարեմասնությունները: Neatorama-ի փոխանցմամբ՝ դրանից հետո Քիմ Քարդաշյանի գայթակղությանը չի դիմացել անգամ լեգո նկարիչ Ochre Jelly-ն. նա ներկայացրել է Քարդաշյանի հետույքի լեգո տարբերակը: Գուցե լեգոները որոշ տեղերում պակասել են, սակայն այս տարբերակն առավել բնական տեսք ունի:

 

ԹԱՅՍՈՆԸ` ՕԹԵԼԼՈՅԻ ԴԵՐՈՒՄ
Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկություն է հայտնել խաղալ Շեքսպիրի «Օթելլո» պիեսում: Նա այդ մասին հայտարարել է Լաս Վեգասում կայացած «Soul Train Awards» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: The Mirror-ի փոխանցմամբ՝ Թայսոնը նշել է, որ դեռեւս պատրաստ չէ աշխատել թատրոնում, սակայն կցանկանար ուժերը փորձել հեռուստատեսությունում:
«Օթելլո խաղալը բարդ հանձնարարական կլինի ինձ համար, բավական դժվար դեր, որի համար անհրաժեշտ կլինի նաեւ աշխատել խոսքիս վրա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թայսոնը խաղացել է ավելի քան 55 ֆիլմերում, սերիալներում եւ հեռուստաշոուներում՝ մարմնավորելով ինքն իրեն:

 




Լրահոս