ԱՍՈՒՄ ԷԻՆՔ ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի այն կանխատեսումը, որ իշխանությունները եւ ոչ իշխանական ուժերը շուտով հայտարարելու են բանակցություններ սկսելու մասին, երեկ իրականացավ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հայտարարություն տարածեց` ոչ իշխանական ուժերին հրավիրելով քննարկելու դեռեւս ամռանը հրապարակված «12 կետերը»: Իսկ արդեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ երեկ տեղի է ունեցել ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների, ՀՀԿ խմբակցության ղեկավարի եւ Կառավարության ներկայացուցչի հանդիպումը: Կողմերը, սակայն, բաժանվել են՝ հայտարարելով, թե դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել: Սակայն կասկածից վեր է, որ կողմերի` իրենց դիրքերը չզիջելու կեցվածքն ընդամենը տակտիկական քայլ է, եւ շուտով նրանք ինչ-որ «հանուններ» վկայակոչելով՝ կհայտարարեն գործնական բանակցություններին անցնելու մասին:

 

 

 
Միայն 2014 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը երեք դատական հայցեր է ներկայացրել տարբեր ընկերությունների դեմ՝ պահանջելով այդ ընկերություններից բռնագանձել նախարարության պարտքերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեք հայցադիմումների ընդհանուր չափը կազմել է մոտ 28 միլիոն դրամ: Միայն այն փաստը, որ ինչ-որ ընկերություններ ՀՀ պաշտպանության նախարարությանը կամ որեւէ այլ գերատեսչության կարող են պարտք մնալ, արդեն իսկ տարակուսանքի տեղիք է տալիս: Բանն այն է, որ ՊՆ-ն եւ մյուս գերատեսչությունները սովորաբար վճարում են իրենց մատակարարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար: Իսկ եթե նրանց պարտք են մնում, նշանակում է՝ գերատեսչությունները կանխավճար են կատարել, բայց իրենց պահանջված ապրանքը կամ ծառայությունը չեն ստացել: Արդյունքում՝ ընկել են դատարանների դռները՝ իրենց գումարները ետ ստանալու համար: ՊՆ-ի դեպքում, սակայն, պարզվում է՝ ոչ միայն կանխավճարներ են արվել, այլեւ փոխառություններ են տրվել:

 

 

 
«Ժողովրդական կուսակցության» նախագահ, օրերս ոչ իշխանական եռյակին միացած Տիգրան Կարապետյանը հաճախ է այցելում քրեակատարողական հիմնարկներ եւ կալանավորների համար անհրաժեշտ իրեր փոխանցում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ նա այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը նրան թույլ չի տվել մտնել ներս եւ հանդիպել դատապարտյալների հետ: Կարապետյանը ստիպված է եղել ծանրոցները հանձնել, որպեսզի դրանք փոխանցվեն դատապարտյալներին, իսկ ինքը վերադարձել է Երեւան: Մեզ հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գնացել եմ, բայց վարչության պետի փոփոխության հետ կապված պահն էր, ու ինձ ասացին, որ չեն կարող թույլ տալ: Միշտ էլ այցելում եմ, ծխախոտ, սուրճ եւ գրքեր եմ տանում: Առաջ նման խնդիր չկար, իսկ հիմա խնդիր կա, թույլ չեն տալիս մուտք գործեմ ներս, նորանշանակ վարչության պետն այս ամենի հետ կապ չունի, բայց այդ խնդիրը կա»,- ասաց իրեն արմատական ընդդիմություն համարող Տ. Կարապետյանը:

 

 

 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2014» տեղեկագիրը, որը ուշագրավ տեղեկություններ է պարունակում: Աշխատությունում բերված է աղյուսակ, որը կոչվում է «Աղքատության մակարդակի ցուցանիշների դինամիկան 2004-2013 թթ.-ին»: Ըստ այդմ, պարզվում է, որ պաշտոնապես Հայաստանում աղքատության մակարդակը 2004-ին եղել է 53,5, 2005-ին` 40,1, 2006-ին` 30,2, 2007-ին՝ 26,4, 2008-ին՝ 27,6, 2009-ին՝ 34,1, 2010-ին`35,8, 2011-ին` 35, 2012-ին` 32,4 եւ 2013-ին՝ 32 տոկոս: Այսինքն՝ պարզվում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին աղքատության ցուցանիշը պաշտոնապես 50 տոկոսից ավել է եղել: Ահա Սերժ Սարգսյանի պատասխանն է Չեմբեռլինին: Իսկ թե այսօրվա պաշտոնական վիճակագրության իրական թվերը, մոտ տաս տարի անց, ինչ նոր բացահայտումների կենթարկվեն, պարզ չէ: Միայն արձանագրենք, որ պաշտոնական վիճակագրությունը չափից ավել անկայուն բնագավառ է, եւ այնտեղ մտնելն այնքան էլ լավ հեռանկար չունի:

 

 

 
ԼՈՒԾԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ

Այսօր արդեն յոթերորդ օրն է, ինչ Աղդամում խոցված հայկական ռազմական ուղղաթիռի բեկորները գտնվում են թշնամու անընդմեջ կրակի ներքո: Հայաստանի եւ ԼՂՀ զինուժին այդպես էլ որեւէ կերպ չի հաջողվում մոտենալ ուղղաթիռին եւ մեր զոհված երեք հայ սպաների դիակները տեղափոխել: Կատարվածն աննախադեպ եւ շատ ցավալի ապտակ է մեր երկու հայկական պետությունների զինվորական արժանապատվությանը:
Ինչ խոսք, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարություններն անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել են, դիմել են Կարմիր խաչին, ԵԱՀԿ-ին եւ իրենք եւս ամեն պահ սպասում են նվազագույն իսկ հնարավորության` մեր տղաների դիակներն ադրբեջանական հետմահու գերությունից ազատագրելու համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, առայժմ որեւէ արդյունք չկա, եւ ակնհայտ է, որ ներկայումս մեր զինվորների դիակները հետ բերելու հնարավորությունը ռազմական շրջանակից տեղափոխվել է դիվանագիտական դաշտ: Անվիճելի է, որ հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտած Ադրբեջանին հիմա հնարավոր է եւ պետք է ճնշել նախ եւ առաջ դիվանագիտական, քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքների միջոցով:
Մինչդեռ նոյեմբերի 12-ի կատարվածը դատապարտող միակ հայտարարությունից հետո Հայաստանի արտգործնախարարությունը, ի դեմս Էդվարդ Նալբանդյանի, անհասկանալի պատճառներով, բառիս բուն իմաստով, պապանձվել է: Այնինչ սա այն դեպքն է, երբ Նալբանդյանը պետք է առավոտից երեկո հանդես գար հայտարարություններով, պետք է Հայաստանի Հանրապետության` տարբեր երկրներում պաշտոնավարող դեսպաններին հանձնարարեր տեղի հայ համայնքների հետ բողոքի ակցիաներ կազմակերպել, պետք է բոլոր միջազգային կառույցներում, որոնց Հայաստանն անդամագրված է, գործուղեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, պետք է ամենժամյա հանդիպումներ ունենար Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ եւ այլն, եւ այլն, եւ այլն: Քայլերն ու հնարավորությունները շատ են, սակայն դրանք իրականացնողը, փաստորեն` զրո:
Եվ այսօր պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի լկտի սադրանքի եւ դրան հետեւած հակամարդկային պահվածքի մասին միջազգային հանրությանն իրազեկելու եւ բարոյական ճնշում գործադրելու իմաստով երեկվանից հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը միայնակ շատ ավելին է անում, քան մի ողջ թանկարժեք արտաքին գործերի նախարարություն: Ուստի ժամանակն է, որ ՕԵԿ խմբացկության ղեկավար Հեղինե Բիշարյանը հանդես գա նոր առաջարկությամբ` միավորել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գյուղատնտեսության նախարարության բանջար-բոստանային կուլտուրաների վերահսկողության ենթաբաժնի հետ: Կառավարության կազմի այս բարեփոխումը վաղուց է հասունացել:

 




Լրահոս