ՀԱՇՄԱՆԴԱՄ ՈՐԴՈՒ ԹՈՇԱԿՈՎ ԵՆ ԱՊՐՈՒՄ
Ինչպես ՀՀ շատ համայնքներում, այնպես էլ Կոտայքի մարզի Արտավազ գյուղում սոցիալապես անապահով ընտանիքների թիվը մեծ է: Այդպիսին է նաեւ Չիլինգարյանների հինգհոգանոց ընտանիքը, որոնց խոնավ տունը զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից:
Անդրանիկ Չիլինգարյանի կինը` Արփինեն, ամաչելով պատմեց, որ մի սենյակում ե՛ւ քնում են, ե՛ւ ճաշ եփում: Նրանց 18-ամյա դուստրը՝ Գոհարիկը, գումար չունենալու պատճառով կիսատ է թողել ուսումը: «Գնաց դիզայներություն սովորելու, ամսական 3000 դրամ էր վարձը, բայց ճանապարհածախսը եւ մյուս ընթացիկ ծախսերը չէի հասցնում: Դրա համար էլ կիսատ թողեց: Ցանկություն ունի, բայց չենք կարող: Ի՞նչ անեմ: Բարձրագույնի ընդունակ երեխա է, բայց դե որ չկա, չկա»,- ներկայացրեց Գոհարիկի հայրը` Անդրանիկը:
Նրանց մյուս երկու որդիները հաշմանդամ են: Եվ ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հաշմանդամ որդիներից մեկի թոշակն է, որը կազմում է 26 հազար դրամ: «Աշխատանք չունենք, էդ թոշակով ենք յոլա գնում, ու մի կով ունենք: Դրանով մի կերպ կարողանում ենք ապրել: Այն էլ քիչ քանակությամբ կաթ է տալիս, հազիվ մեզ է հասցնում, չենք էլ կարող գոնե վաճառել»,- ներկայացրեց Արփինեն: Իսկ նրանց մյուս հաշմանդամ որդին դեռեւս թոշակ չի ստանում: Ծնողներն այդ հարցով զբաղվելու հնարավորություն չունեն, քանի որ որոշակի փաստաթղթեր ձեռք բերելու համար գումար է անհրաժեշտ:
Չնայած տունը գազաֆիկացված է, սակայն ընտանիքը գրեթե չի օգտվում երկնագույն վառելիքից` սպառած գազի վարձը վճարելու գումար չունենալու պատճառով: «Փայտի վառարանով ենք ճաշը եփում, իսկ գազով միայն տաքացնում ենք: Նույնիսկ դրա գումարն էլ չենք կարողանում տալ: 26 հազար դրամ ենք ստանում, բայց հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում»,- ամաչելով ասաց Արփինեն:
Ընտանիքի հայրը` Անդրանիկը, չի աշխատում, քանի որ ունի առողջական բազմաթիվ խնդիրներ. «Լյարդի, ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեմ, արգելել են ֆիզիկական ծանր աշխատանք կատարել: Երբ ֆիզիկական ծանր աշխատանք եմ անում, հետո սուր ցավեր եմ ունենում»: Այս ամենից բացի` Չիլինգարյանների ընտանիքը պարտք է ոչ միայն գյուղի խանութին, այլեւ բանկերից մեկին: «Ե՛վ խանութին պարտք ունենք, ե՛ւ բանկին: Համայնքապետին ինչքան դիմել ենք, օգնել է, բայց հո ամեն անգամ չենք դիմելու»,- ամաչելով նշեց Անդրանիկը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻ «ՄԻՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ»
ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր 54 ֆեդերացիաները կողմ են քվեարկել 2018թ.-ից «Ազգերի լիգա» նոր մրցաշար ստեղծելու օգտին: Մրցաշարի ճշգրիտ ձեւաչափը դեռ չի հաստատվել, բայց արդեն հայտնի է, որ այն կփոխարինի ազգային հավաքականների ընկերական հանդիպումներին:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է մարզական հայտնի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ:
-«Ազգերի լիգան», կարծում եմ, շատ ճիշտ գաղափար է, որին շատ վաղուց պետք է անցնեին։ Միշել Պլատինին այն պահից, երբ դարձել է ՈՒԵՖԱ-ի նախագահ, միշտ հետաքրքիր գաղափարներ է առաջ քաշում եւ ձգտում է այնպես անել, որ նաեւ ազգային հավաքականները միշտ գործունեության մեջ լինեն, չանտեսվեն։ Իսկ եվրոպական առաջատար գրանդ ակումբները միշտ ընդդիմանում են ազգային հավաքականներին, դժկամությամբ են ֆուտբոլիստներ տրամադրում ընկերական խաղերին մասնակցելու համար։ Փաստորեն դա, կարելի է ասել, կլինի Եվրոպայի մինի առաջնություն, ու բոլոր հավաքականներն արդեն մրցակից գտնելու խնդիր չեն ունենա։ Ճիշտ է, ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն միշտ օրեր են ընտրել ընկերական հանդիպումների համար, բայց եթե գրանդ թիմերը կարողացել են ըստ ցանկության լավ մրցակիցներ գտնել ու նաեւ գումարներ են աշխատել, ապա մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականը մրցակից գտնելու խնդիր է ունեցել։ Հավաքականները բաժանվելու են չորս դիվիզիոնների, եւ տեսնենք, թե Հայաստանի հավաքականն ինչ վարկանիշ կունենա մինչեւ 2018 թվականը։ Ինչպես արդեն նշեցի, գրանդ ակումբներն ընդդիմանալու են, եւ, օրինակ, Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ է արտահայտվել՝ նշելով, որ ՈՒԵՖԱ-ն հաշվի չի առնում ակումբների շահերը, իսկ ֆուտբոլիստներն ընկնելու են մեծ ծանրաբեռնվածության տակ։ Բայց ի՞նչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը, երբ հավաքականները, միեւնույն է, անցկացնում են ընկերական հանդիպումներ։ Օրինակ՝ Էստոնիայի հավաքականն ամբողջ տարվա ընթացքում հսկայական թվով ընկերական հանդիպումներ է անցկացնում։
-Ըստ Ձեզ, ՖԻՖԱ-ն ինչպե՞ս կարձագանքի այդ փոփոխությանը։
-ՖԻՖԱ-ին երեւի դա դուր չի գա. այդ կառույցին ավելի ձեռնտու է, որ առաջին տեղում լինեն աշխարհի առաջնությունները, եւ իրենք ավելի շատ փող աշխատեն։ Բայց ՈՒԵՖԱ-Ն էլ մտածում է իր մասին. նախ՝ ֆուտբոլի մասսայականությունը կմեծանա, եւ երկրորդ՝ այդ մրցաշարերի շնորհիվ ՈՒԵՖԱ-ն էլ փող կաշխատի։ Կարծում եմ՝ ազգային ֆեդերացիաներն էլ ֆինանսապես կշահեն։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
ԱՅԼԵՎՍ ԱՅԳԻ ՉԻ ԻՋՆԻ
Հրազդան քաղաքի յոթանասունամյա բնակիչ Պետրոսն իր շենքի մերձակայքում գտնվող հողամասի խնձորի ծառերն իր ձեռքերով հատ-հատ մշակել ու պտղատու այգի է դարձրել: 90-ականներին տեղական իշխանությունները բնակիչներին ներքին կարգով թույլ տվեցին մշակել հողերը` իրենց գոյությունը պահելու համար. նրանցից մեկն էլ Պետրոսն էր: Սակայն 20 տարի անց Պետրոսի համառ կամքով բերրիության հասցրած հողը խլում են ձեռքից եւ արմատախիլ անում պտղատու ծառերը: Քաղաքապետարանը որոշել է հողը տալ ուրիշին: Պետրոսի խոսքերով՝ հարեւանն ասաց, որ այն հատկացրել են նրան՝ դեպի գլխավոր փողոց ճանապարհ բացելու նպատակով, քանի որ եղած ճանապարհը երկար է: Եվ հենց այստեղ մեկ օրվա մեջ խախտվեց ոչ միայն Պետրոսի անդորրը, այլեւ ոչնչացվեցին կանաչ տարածքները: Պետրոսը դիմել է քաղաքապետարան, իրեն 3մ տարածք զիջելու համար, որպեսզի խնձորենիները չոչնչացվեն: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը միջնորդել էր. հանձնարարել էր քաղաքի ճարտարապետին, որ խնդրով զբաղվի: Պետրոսը սկսեց ճարտարապետի հետ գործ ունենալ: Մի քանի անգամ գնաց-եկավ. ճարտարապետ Մ.Կոստանյանն էլ խոստացավ, որ 9մ ճանապարհի փոխարեն հարեւանին 6 մ հողատարածք կտրամադրեն: Բայց մի օր էլ հարեւանը բերեց տրակտորը եւ հողին հավասարեցվեցին պտղատու ծառերն ու այգին: Մի կողմ թողնելով պատմության իրավական կողմերը՝ անդրադառնանք նրան, որ ոչնչացվեցին քաղաքի համար կարեւոր կանաչ տարածքներ, ավելին՝ պտղատու այգիներ: Երեւույթն էկոլոգիայի տեսանկյունից արդարացման հիմքեր չունի, իսկ իրավական տեսանկյունից հարկ է նշել, որ կա խոցելի ասպեկտ. այն է, երբ քաղաքացին հողն օգտագործում է տասը տարուց ավելի, հողի սեփականության նկատմամբ հավելյալ իրավունք է ձեռք բերում: Պետրոսը բազմիցս դիմել է քաղաքապետարան՝ հողի սեփականացման իրավունք ձեռք բերելու համար, սակայն հիմա է հասկանում՝ ինչու էին համառորեն իրեն մերժում, միայն, որպես քաղաքացի, այդպես էլ չի կարողանում հասկանալ իր եւ հարեւանի տարբերությունը: Սրտի կսկիծով համակերպվել է՝ այլեւս այգի չի իջնի, այս տարի բերքահավաք չի անի, շուրջ 1 տոննա խնձորով էլ տարվա բերքը պակաս կլինի:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան