ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՐԱԿԵԼ ԵՆ  ԹԱՓՈՐԻ ՎՐԱ

Կրկին անհանգիստ է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ ասաց, որ մարտի 27-ի կեսգիշերից մոտ մեկուկես ժամ ադրբեջանական Ալիբեյլի գյուղի մարտական հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծվել է Այգեպարի կենտրոնը: Գնդակները դիպել են տների պատերին, տանիքներին, գյուղի ճանապարհների հենապատերին: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այգեպար համայնքի ղեկավարն ասաց, որ այդ օրը՝ ժամը 21-ից Ալիբեյլիում տարօրինակ շարժ է կատարվել. գյուղից տարհանվել են ավտոմեքենաները, ադրբեջանական գյուղի լույսերը մարվել են: Այդ կերպ ադրբեջանցիները նախապատրաստվել են Այգեպարի ուժեղ գնդակոծությանը: «Չենք հասկանում, թե նրանց միտքն ինչ է, ինչ են ուզում, մեր գյուղը ողջ գիշեր չի քնել»,- ասաց Այգեպարի գյուղապետը: Այդինյանի վկայությամբ՝ հայ սահմանապահները պատասխան կրակով ադրբեջանցիներին ստիպել են դադարեցնել կրակը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ հայտնեց, որ ադրբեջանական զինուժը մարտի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, մոտ մեկ ժամ գնդակոծել է գյուղի տարածքը: Բարեբախտաբար, տուժածներ եւ վնասներ չկան: Իսկ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ մարտի 27-ին սահմանամերձ այդ համայնքում կատարվում էր 52 տարեկան Հայկազ Աղասյանի հուղարկավորությունը, որի ընթացքում ազերիները կրակ են բացել թափորի վրա: Բարեբախտաբար, այդ ժամանակ գերեզմանատանն արդեն թաղումը կատարված է եղել եւ գյուղացիներին հաջողվել է խուսափել ադրբեջանական գնդակոծության թիրախ դառնալուց: Մովսեսի համայնքապետ Արարատ Ավալյանն էլ տեղեկացրեց, որ մարտի 27-ի գիշերը՝ ժամը 23.30-ից մինչեւ ժամը 01-ի կողմերը ադրբեջանական զինուժը «ԴՇԿ» եւ «Շիլկա» զինատեսակներից գնդակոծել է գյուղի տարածքը, եւ միայն հայկական զինուժի պատասխան կրակից հետո ադրբեջանցիները դադարեցրել են կրակը: Ազերիների գնդակներից խոցվել են տների պատերը, տանիքներին անցքեր են բացվել: «Երբ անձրեւ գա, այդ անցքերից ջուրը ներս է լցվելու»,-նշեց Արարատ Ավալյանը: Նա ասաց, որ մարտի 28-ի ցերեկը խաղաղ է եղել: Սակայն Բերդի սահմանագոտում տիրող հարաբերական անդորրը ազերիների կողմից ամեն պահ կարող է խախտվել:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս