ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է Սահմանադրական դատարանի առջեւ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանի առջեւ «Դեմ եմ» նախաձեռնությունն իրականացրեց լուռ եւ կույր ակցիա: ՍԴ-ն քննարկում էր կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված հայցը: Ակցիայի մասնակիցները իրենց ներկայությամբ էին միայն փորձում ցույց տալ, որ դեմ են` չխոչընդոտելով բարձրագույն դատարանի աշխատանքը:

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է նշանակում «լողացող» փոխարժեքի քաղաքականություն, ի՞նչ է դա իրենից ներկայացնում:

Դավիթ Միրզոյան (32 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամենամյա հրապարակվող «Արժութային կարգավորումներ եւ արժութային սահմանափակումներ» հաշվետվության մեջ տրված սահմանման` «Ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը նշանակում է, որ փոխարժեքը որոշվում է շուկայում եւ արժութային շուկային ցանկացած պաշտոնական միջամտության նպատակը ավելի շուտ փոխարժեքի փոփոխությունները չափավորելը եւ չափազանց մեծ տատանումները կանխելն է, քան թե դրա մակարդակը սահմանելը»:
ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության՝ 2013թ. պետբյուջեի կատարողականը երկրորդ տարին անընդմեջ եղել է ծրագրվածից ցածր, ինչը պայմանավորված է մի կողմից՝ հարկային մուտքերի աճով, մյուս կողմից՝ խոշոր վարկային ծրագրերի ծախսերի թերակատարումով: Գործակալության գնահատմամբ՝ 2013թ. պետբյուջեի պակասորդը 2012թ. ցուցանիշի համեմատ գրեթե չի փոխվի եւ կազմել է ՀՆԱ-ի 1,6%-ը՝ ծրագրված 2,6%-ի փոխարեն:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե ապահովադիրը ավտոմեքենան վաճառել է, ապա հնարավո՞ր է ԱՊՊԱ պայմանագրի անվանափոխություն կատարել:

Սամվել Առաքելյան (55 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 6-ի` ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը ԱՊՊԱ պայմանագրով ապահովադրից տարբերվող այլ անձի անունով գրանցելը ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հիմք է: Դա նշանակում է, որ մեքենայի առքուվաճառքի դեպքում դադարում է վաճառողի կնքած ԱՊՊԱ պայմանագրի գործողությունը, իսկ գնորդն էլ պարտավորվում է կնքել ԱՊՊԱ պայմանագիր՝ ձեռք բերած ավտոմեքենայի կապակցությամբ: Ավելացնենք նաեւ, որ վաճառողը տվյալ դեպքում իրավունք ունի ապահովագրական ընկերությունից (որի հետ կնքել էր ԱՊՊԱ պայմանագիր) պահանջելու վերադարձնել պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարները (օրինակ՝ եթե վաճառողը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել է 1 տարով, եւ 2 ամիս անց պայմանագիրը դադարեցվել է՝ մեքենան վաճառելու հիմքով, ապա նա իրավունք ունի ետ պահանջելու մնացած 10 ամիսների համար վճարած ապահովագրավճարը):
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ներկայացված հարթ ու գեղեցիկ պատասխանին, նշենք, որ վերջերս մեծ աղմուկ բարձրացավ այն հարցի շուրջ, որ մի քանի տասնյակ վարորդներ տուգանքներ էին ստացել իրենց՝ տասը տարի առաջ վաճառած մեքենաների ապահովագրական վճարները չվճարելու համար: Այս թոհուբոհն առաջացավ հատկապես այն ժամանակ, երբ որոշվեց, որ 2014թ. հունվարի մեկից բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ նրանից դրանք օգտագործվում են, թե ոչ:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է` փաստաբանի գործունեությանն արդյոք հնարավո՞ր է միջամտել, եթե այո, ապա ո՞ր մարմինը (կամ ով) կարող է դա անել:

Արայիկ Դավթյան (34 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում եմ, որ փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով, փաստաբանի վարքագծի կանոնագրքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ: Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների եւ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ:
Փաստաբանը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության, ներառյալ՝ իր մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարելիս դատարանում, հետաքննության, նախաքննության եւ այլ մարմիններում հայտնած կարծիքի եւ դիրքորոշման համար:
Փաստաբան Ալեքսանդր Ծատինյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, գործող կարգը ներկայացված է, բայց ասել, թե փաստաբաններն իրենց գործողություններում այնքան ազատ են, որքան վերը նշվածում է, մի փոքր անհավատալի կլինի: Հուսանք, որ փաստաբանական ծառայությունների գները կգործեն տրամաբանության սահմաններում:




Լրահոս