Երգիչ Արսեն Գրիգորյանը, ինչպես ընդունված է շոու-բիզնեսում ասել` «Ռոմանսի Արսենը», վերջին շրջանում հաճախ չի երեւում էկրաններին, սակայն, ինչպես ինքն է ասում, շարունակում է նախկին տեմպով ստեղծագործել: Միեւնույն ժամանակ նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե ունենար խելացի պրոդյուսեր, ով կկարողանար արվեստն ու կոմերցիան համատեղել, իրեն կհաջողվեր ավելի շատ փող աշխատել:
-Արսե՛ն, վերջին շրջանում ավելի շատ թողարկում եք ռիթմիկ, պարային երգեր, Դո՞ւք էլ Ձեզ վրա վերցրեցիք ժողովրդին պարեցնելու ֆունկցիան:
-Այնպես չէ, որ նոր եմ սկսել ռիթմիկ երգերով հանդես գալ, դեռեւս 2009-ի համերգային ծրագրիս շրջանակներում հնչեցրել եմ իմ պարային ստեղծագործությունները:
-Պատճառը ո՞րն էր, դրանց մեծ պահանջա՞րկը:
-Դե, մեզ բոլորիս պետք է, որ ավելի ուրախ լինենք, իսկ էսթետիկ, հոգեւոր հաճույք պետք է ստանալ ավելի խորը երգերից: Այնպես չէ, որ այդպիսի ինտելեկտուալ գործերով հանդես չեմ գալու, պարզապես հիմա ավելի շատ ուրախ երգեր եմ պատրաստում:
-Նշել եք, որ Ձեր ստեղծագործական կյանքում որոշակի ժամանակահատվածում «երաժշտական դեպրեսիա» եք ապրել. ե՞րբ եւ ի՞նչ առիթով է դա եղել:
-Չեմ ուզում տխուր բաներից խոսել…
-Եթե ժամանակին Ձեր թիկունքին ունենայիք ուժեղ թիմ, լավ երաժշտական պրոդյուսեր, ի՞նչ եք կարծում՝ կլինեիք այսօրվա դիրքո՞ւմ, թե՞ ավելի մեծ բարձունքների հասած կլինեիք:
-Եթե ես ունենայի խելացի պրոդյուսեր, ով կկարողանար արվեստն ու կոմերցիան համատեղել, հաստատ ավելի շատ փող կաշխատեի:
-Այսինքն՝ Հայաստանում չկա՞ խելացի պրոդյուսեր, թե՞ Ձեզ չի հանդիպել:
-Չէ՛, կան, իհարկե կան, պարզապես նման մեկի հետ աշխատելու առիթ չի ստեղծվել:
-Այնուամենայնիվ, ստացվո՞ւմ է փող աշխատել, թեկուզ երգեր գրելով:
-Այո՛, հաջողվում է. կան մարդիկ, ովքեր ուզում են իմ երգերով իրենց առաջին քայլերն անել երգարվեստի ասպարեզում, թեեւ նախկինում նրանք ավելի շատ էին, քան հիմա:
-Մի առիթով նշել եք, որ ֆանոգրամայի տակ երգելու արգելքի սահմանումից հետո բեմերից կրկին հանդես են գալիս նույն վատ երգող մարդիկ, կարելի՞ է ենթադրել, որ մեր երկրում նման օրենքների ընդունումն առանձնապես արդյունք չի տալիս:
-Գիտեք՝ որ երկրպագուն որ երգչին ի սկզբանե սիրել է, 90 տոկոս դեպքերում շարունակում է նրան երկրպագել: Մարդիկ իրենց համար ստեղծել են կերպարներ եւ չեն տարբերում լավ ու վատ երգողին:
-Մենք ունենք Ձեր սերնդակից տաղանդավոր երգիչներ, ովքեր վաղուց էկրաններին չեն երեւացել նոր երգով, հանդես չեն եկել սեփական կատարմամբ, օրինակ՝ Տիգրան Պետրոսյանը: Երբեւէ խոսե՞լ եք նրա, մյուսների հետ, տեղյա՞կ եք լռության պատճառներից:
-Ես իրավասու չեմ, օրինակ, Տիգրանի փոխարեն կարծիք հայտնել, բայց կարող եմ ասել, որ այլ բան է անել որակյալ գործ եւ մեկ այլ բան է հանդես գալ երգով, որի շնորհիվ տարբեր տեղերից հրավերներ կունենաս, փող կաշխատես: Ուստի չեմ հասկանում՝ ինչ գործով պետք է ներկայանա ինտելեկտուալ երգեր երգող մեր երգիչը եւ ինչպես պետք է գումար վաստակի, որպեսզի միշտ մնա եթերում…
-Վերջերս երկրպագուները նաեւ Ձեր պակասն են զգում եթերում…
-Դե, ամեն «ամբախ-զամբախ» ծրագրի հյուր չեմ գնում, անընդմեջ հարցազրույցներ չեմ տալիս, եւ քանի որ միլիոնատեր չեմ, օրումեջ տեսահոլովակ չեմ թողարկում…
-Կարծես թե որպես քաղաքացի էլ առանձնապես ակտիվ չեք. Ձեզ չենք տեսնում, օրինակ, որեւէ ակցիայի մասնակցելիս:
-Իսկ ինչո՞ւ պետք է ակտիվություն ցուցաբերեմ. ես խելոք իմ գործով եմ զբաղվում…Ոչ մի ակցիայի էլ չեմ մասնակցել, չեմ սիրում նման վայրերում երեւալ. իմ խոսքը նախընտրում եմ փոխանցել երաժշտության միջոցով:
-Բայց արդյո՞ք ճիշտ եք համարում, որ արվեստագետները երկրի, քաղաքի համար վճռորոշ պահերին, որպես քաղաքացի, լռում են:
-Չեմ ուզում, այսպես ասած, մանրանալ, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես են շոու-բիզնեսի, հումորի ասպարեզի որոշ ներկայացուցիչներ քթերը խոթում քաղաքականության մեջ, ինչը հեչ պետք չէ, ինքս փորձում եմ զերծ մնալ նման բաներից:
-Զրույցի ավարտին մի փոքր խոսենք անձնականից. որքան գիտեմ՝ Ձեր զավակներն էլ օժտված են իրենց հայրիկի տաղանդով, հնարավո՞ր է՝ հետագայում Ձեր ուղին բռնեն:
-Երաժշտական տաղանդ հայտնաբերել եմ նախ՝ մեծի, ապա՝ նաեւ փոքր՝ երկու տարեկան բալիկիս մոտ: Շատ եմ ուրախանում, երբ, օրինակ, երկուսով երգում են «Էրեբունի-Երեւան»-ը: Կարեւորն այն է, որ նրանք մեծանում են երեւանցու ոգով:
ՌՈՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԸՆԴՀԱՏԱԿԻՑ» ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ
Հայաստանյան համերգասրահներում 400-500 հոգի հավաքելը մեր ռոք երաժիշտների համար արդեն իսկ հաղթանակ է: Ռոք երաժշտության զարգացման ինչպիսի՞ միտում կա Հայաստանում, ինչպե՞ս են մեր երկրում ապրում ռոքերները, եւ որո՞նք են նրանց առջեւ ծառացած հիմնական խնդիրները:
«The Beautified Project» խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց այն հանգամանքը, որ ռոքերը, ով պարբերաբար հանդես է գալիս համերգներով, հնարավորություն չունի երգել, օրինակ, ֆանոգրամայի ներքո. «Ռոքերը չի կարողանում դուրս գալ «ընդհատակից»՝ փաբերից ու ակումբներից, քանի որ տեխնիկան այնտեղ տրամադրվում է անվճար, այդքանից հետո նա կարող է ստանալ 20 հազար դրամ, դրանով մի բաժակ գարեջուր խմել ու գնալ տուն»,-ներկայացրեց երաժիշտը:
Անդրեի խոսքով՝ թե՛ ինքը, թե՛ խմբի մյուս անդամներն ունեն այլ մասնագիտություն, եկամտի կողմնակի աղբյուրներ, ուստի կարողանում են ապրել:
Նրա կարծիքով՝ ռոք երաժշտության նկատմամբ ուշադրությունը պետական մակարդակով առկա էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք զուտ այն պատճառով, որ նա ռոքի սիրահար էր. «Թեեւ ես ուրախ եմ, որ վերեւներից չեն խառնվում, քանի որ չեմ ուզի, որ ոլորտը քաղաքականացվի»,-նկատեց Անդրեն:
Իսկ, ահա, ռոք երգիչ Գոռ Սուջյանը, թեեւ պետական մակարդակով ուշադրությունից չի դժգոհում, այն կարծիքին է, որ Հայաստանում ոչ միայն ռոքերը, այլեւ, առհասարակ, երաժիշտը լավ չի վարձատրվում:
Ռոքային էլեմենտներով ստեղծագործություններ ներկայացնող մեկ այլ երգիչ Վահագ Ռաշը մեզ տեղեկացրեց, որ եթե ինքը շինարարական ֆիրմայում գործունեությամբ չզբաղվեր, Հայաստանում չէր կարողանա ռոքով փող աշխատել:
Նրա խոսքով՝ 4-5 տարի առաջ այս ժանրի երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ էր, քան հիմա. «Ելքը տեսնում եմ հայերեն երգեր թողարկելու մեջ, դա կհետաքրքրի հայ հանդիսատեսին»,-նկատեց նա:
Անդրե Սիմոյնանն էլ է այն կարծիքին, որ պարզ ռոքը կարող է լայն մասսաներ հավաքել.««Էմփիրեյ» խումբը դրա լավագույն օրինակն էր, ավելի շատ մարդ էր կարողանում իր կողմը գրավել, քան ցանկացած էստրադային երգիչ կամ խումբ»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՆՇԱՆԸ ՀԵ՞Տ Է ՏՎԵԼ
Օրերս համացանցում լուրեր են տարածվել այն մասին, թե գարնանը նշանադրված երգչուհի Ջուսը նշանը հետ է տվել: ESem.am-ի հետ զրույցում երգչուհին հերքել է այս տեղեկությունը՝ այնուամենայնիվ նշելով, որ թեեւ նշանված է, իրեն նախկինի պես միայնակ է զգում:
Ջուսի խոսքով՝ իր եւ ֆրանսաբնակ նշանածի՝ Ռիչարդի հարաբերություններն այժմ ճգնաժամային փուլում են, բայց ինքը հույս ունի, որ ամեն բան բարեհաջող կավարտվի: «Անկեղծ ասած՝ կան բաներ, որոնց պատճառով ինձ շատ վատ եմ զգում, այս հեռավորությունն ինձ դուր չի գալիս: Հասկանում եմ՝ այն ե՛ւ օբյեկտի, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ ունի, միեւնույն ժամանակ գիտակցում եմ, որ մեծ ցանկության դեպքում ամեն հարց հնարավոր է լուծել»,-նշել է երգչուհին:
ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
Բաքվի ռեստորաններից մեկում հնչել է ամերիկահայ երգչուհի Շերի երգը, որից հետո սոցցանցերի՝ ադրբեջանցի օգտատերերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացել: «Մինվալ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Mado»-ում Շերի երգը հնչելուց հետո Մելի մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Աղամալըն հայտարարել է, որ այդ ռեստորանը պետք է տուգանվի. «Որպես Ադրբեջանի քաղաքացի՝ ես հայտարարում եմ, որ նման իրադրություններում հասարակական կարծիքը հաշվի առնելը բավական կարեւոր է: Այդ ռեստորանը պետք է տուգանվի ու բոյկոտվի, քանի որ վնասում է Ադրբեջանի ազգային նկարագրին»,-ասել է նա:
ՍԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Օրերս «X-ֆակտոր» նախագծի գալա համերգի ժամանակ հաղորդավար Ավետ Բարսեղյանը ժյուրիի կազմի անդամներից Էմմիին ուղղված ակնարկ էր արել, որից շատերը ենթադրել էին, թե երգչուհին ԱՄՆ է մեկնելու իր «սիրո» հետեւից: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհու մենեջեր Աղավնի Մանուկյանը նշել է, որ ակնարկն իրականությանը չի համապատասխանում: Նա տեղեկացրել է, որ Էմմին մեկնել է ԱՄՆ՝ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով: Նա այնտեղ կմնա չորս ամիս: Թե կոնկրետ ինչ գործնական ծրագրերի մասին է խոսքը, մենեջերը չի մանրամասնել: