
Արդեն երկար ժամանակ է, ինչ, վաղօրոք ծրագրվածին հակառակ, հակակարկտային կայաններ չեն տեղադրվում Արմավիրի մարզի մի շարք գյուղերում` թողնելով գործի գլուխ բերումը ընտրության արդյունքների ամփոփումից հետո:
Մասնավորապես` Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, քանի որ գյուղապետը ԲՀԿ-ական է և հասկանալիորեն գյուղում գերակշիռ ձայներ է տարել այս կուսակցության օգտին, կառավարությունը որոշել է, հակակարկտային կայան չտեղադրել` այդ գյուղում կարկուտ չի գալիս: Գյուղապետին, ըստ թերթի տեղեկությունների, հասկացրել են, որ կարկուտից պաշտպանվելու այլ մեթոդ գտնի: Կառավարությունը կոչված է պաշտպանել ամբողջ ժողովրդին` անկախ այն բանից` իրեն ընտրե՞լ է, թե՞ ոչ, բայց մեր կառավարությունը որդեգրել է քինախնդրության քաղաքականություն: Հացիկում համայնքի ղեկավարի ընտրությունները կայացան 2008թ. հոկտեմբերին, և 1500 ընտրողից պակաս բնակչություն ունեցող գյուղն աչքի ընկավ թեկնածուների առատությամբ: 9 թեկնածուներից 2-ը հանրապետական էին, բայց հաղթեց անկուսակցական Արթուր Եղիազարյանը, որը հետագայում դարձավ ԲՀԿ անդամ: