Այսօր ութերոդ օրն է՝ Աղդամում խոցված հայկական ռազմական ուղղաթիռի բեկորները գտնվում են ադրբեջանական գնդակոծության տակ, ու հայկական կողմին չի հաջողվում զոհված երեք հայ սպաների դիակները տեղափոխել: «Ժողովուրդ»-ն արդեն արձանագրել է, որ ՀՀ ԱԳՆ-ը բավարարվել է ընդամենը մեկ հայտարարությամբ, չնայած որ Նալբանդյանը պետք է առավոտից երեկո հանդես գար հայտարարություններով, պետք է բոլոր միջազգային կառույցներում, որոնց Հայաստանն անդամագրված է, գործուղեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին եւ այլն: Սակայն ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը համառորեն լռում է՝ շարունակելով ցուցաբերել բացարձակ անգործություն:
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու եւ դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր: Այսքանը, որեւէ այլ քայլ չի արվել:
Երեկ «ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ իշխող ՀՀԿ խմբակցության անդամներից պարզել, թե ինչու նրանք որեւէ կոնկրետ քայլով հանդես չեն գալիս, որեւէ քաղաքական հայտարարություն չեն անում, այլ շարունակում են լռել:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
-Պարո՛ն Զաքարյան, ինչո՞ւ չեք արձագանքում Աղդամում հայկական ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպին: Ինչո՞ւ որեւէ հայտարարություն չեք անում` դատապարտելով ազերիների կողմից ուղղաթիռի զոհված անձնակազմի դիակները տեղափոխելուն խոչընդոտող հրադադարի ռեժիմի անընդմեջ խախտումները:
-Այժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել, քանի որ բանակցային պրոցես է ընթանում: Հիմա բանակցային պրոցեսի մեջ ենք:
-Բայց արդյո՞ք դատապարտող քաղաքական հայտարարությունները կարող են խոչընդոտել այդ բանակցությունները, որոնք արդեն ութերորդ օրն է՝ արդյունք չեն տալիս: Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ը, կարելի է ասել, այս հարցում անգործության է մատնված: Ինչո՞ւ միջազգային ամբիոնները չեն օգտագործվում` նաեւ այդ բանակցային գործընթացի` մեզ համար դրական ելքն ապահովելու նպատակով քաղաքական ճնշում գործադրելու համար:
-Չբարձրաձայնել դեռեւս չի նշանակում՝ այդ ուղղությամբ աշխատանքներ չտանել, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Առաջին հերթին աշխատանքներ տարվում են հենց միջազգային կառույցների հետ: Իսկ ով է ասում, որ բոլոր աշխատանքների մասին պետք է հայտարարել, հանդես գալ հայտարարությամբ: Բնականաբար աշխատանքներն անընդհատ են տարվում:
ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ մեր դիվանագիտական կորպուսի եւ Ազգային ժողովի կողմից որեւէ տեսանելի քայլ չի ձեռնարկվում` Աղդամում խոցված հայկական ռազմական ուղղաթիռի անձնակազմի դիակները հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Ինչո՞ւ եք լռում:
-Այդ քայլերը չեն երեւում, թվացյալ է, թե քայլ չենք կատարում: Այժմ մի իրավիճակ է ստեղծվել, որ այս պահին պետք է առավել զգույշ լինենք, որպես հայ մարդ, որպես հայ տղամարդ՝ ես ինքս մեծ պատասխանատվություն եմ զգում, ու եթե մի քիչ էմոցիաներով փորձենք արտահայտվել, ապա պատրաստ ենք նաեւ գնալ այնտեղ ու որոշակի գործողություններ կատարել: Բայց չեմ կարծում, որ սա այն տեղն է, որտեղ պետք է էմոցիաներով շարժվել, որովհետեւ թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրությանն ապացուցի, որ մեր ուղղաթիռը հարձակվել է, կամ ռազմական գործողություններ են դրանք եղել: Մենք այստեղ պետք է առավել զգոն ու զգույշ լինենք, որպեսզի թույլ չտանք՝ հետագա գործողությունները տանեն մի ուղղությամբ, որը կարող է վնասել մեզ: Այն, որ մեր տղաների դիակները պետք է հետ տան, կամ հետ վերցնենք, ակնհայտ է:
-Այնուամենայնիվ, բացարձակ լռությունը եւս մեր օգտին չի խոսում, ի վերջո, եթե մենք վստահ ենք եւ կարող ենք ապացուցել, որ հայկական ուղղաթիռը իրապես զինված չի եղել եւ գրոհ չի իրականացրել, ապա այդ դեպքում լռելը պարզապես ադրբեջանական կողմին արվող մեծ լավություն է:
-Բոլոր գործողությունները, որոնք կատարվում են, անգամ անհատ քաղաքացու հացադուլ անելու նախաձեռնությունը, կոչ է նաեւ միջազգային հանրությանը, որը փորձում է այս կամ այն ձեւով դիրքորոշում հայտնել: Չէի ուզենա քննարկել այն հարցը, թե մեր արտաքին հարաբերությունները վարողներն այս իրավիճակում որեւէ բան չեն անում, չեմ կարող մտածել նաեւ, որ որեւէ քայլ չի անում մեր պաշտպանության ոլորտը: Հետեւաբար խնդիրը շատ նուրբ է, ու այն գտնվում է դիվանագիտական հարթության մեջ, մենք չպետք է թույլ տանք, որ հակառակորդը կարողանա հակառակ բանն ապացուցել:
-Այսինքն՝ գո՞հ եք այս հարցում ՀՀ ԱԳՆ գործելաոճից:
-Պետք չի այս հարցի հետ կապված ասել՝ գոհ ենք կամ գոհ չենք, հարցեր կան, որոնց շուրջ չենք կարող վերջնագրերով կամ կտրուկ կարծիք հայտնել, այստեղ բազմաթիվ գործընթաներ կան: Ես գոհ կլինեի, եթե միջազգային հանրությունը ճանաչեր ԼՂՀ անկախությունը:
ԵՌՅԱԿԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՐՑՈՒՄ
Երեկ ոչ իշխանական Եռյակը կրկին նիստ էր հրավիրել: ԱԺ ՀԱԿ խմբակցությունում անցկացված նիստի ավարտից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք մերժում են 12 կետերի հետ կապված ՀՀ Կառավարության բանակցությունների հրավերն ու պատրաստվում են դեկտեմբերի 10-ին հանրահավաք-երթ անցկացնել:
«Եռյակի ձեւաչափն անփոփոխ է, բայց ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քաղաքական այլ ուժերին ընդգրկվել շարժման մեջ»,-հայտարարեց Լ. Զուրաբյանը` ընդգծելով, որ համաժողովրդական շարժմանը միանալու սահմանադրական իրավունք ունի յուրաքանչյուրը. «Մենք նման հարցերի վրա չենք կենտրոնանում: Կարող ենք համագործակցության ֆորմատներ մշակել արտախորհրդարանական ուժերի, հասարակական խմբերի հետ:
Լրագրողների հարցին, թե ինչն է խանգարում արագ իշխանափոխությանը` հաշվի առնելով, որ ընդդիմության նախկին լիդերներն էլ են միացել շարժմանը, Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ բան խանգարում է: Հայաստանում եղել են դեպքեր, երբ հայտարարվել է իշխանափոխության ոչ միայն օրը, այլեւ ժամը, մենք մեր հարգանքի տուրքն ենք տալիս այդ գործիչների լավատեսությանը, բայց կարծում ենք, որ դա լուրջ չէ: Բոլոր նախադրյալները կան իշխանափոխության համար, ժողովրդի համբերությունը սպառված է, ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին բոլոր գործոնները հասունացած են, ու մենք գնում ենք այդ ճանապարհով: Հաղթանակի համար բոլոր նախադրյալները կան»:
Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը մտադիր են խորհրդարանի արտահերթ նիստ նախաձեռնել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցով: «Խոսքը համամասնական ընտրակարգի անցնելու մասին է, նաեւ՝ ընտրացուցակների հրապարակման: Սա Կառավարությանը ներկայացրած 12 պահանջներից մեկն է: Մենք խորհրդակցել ենք խորհրդարանական մյուս ուժերի հետ, առաջին հերթին՝ ՀՅԴ-ի, եւ արտահերթ նիստ կգումարենք: Եթե իշխանությունը 12 կետերի իրականացման վրա աշխատելու պատրաստակամություն է հայտնում, ուրեմն մեր նախաձեռնությունը հիանալի հնարավորություն կլինի նրանց համար, որ ցույց տան իրենց բարի կամքը եւ այն, թե ինչպես են արժեւորում սեփական խոստումները»,-հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաեւ, որ միասնական շտաբերի ձեւավորումը ավարտական փուլում է: Ըստ նրա` առաջիկայում մարզային միասնական շտաբերը համակարգող մարմիններ կստեղծվեն, նաեւ կլինեն հանրահավաքներ, համագործակցություն կծավալվի արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ՀԿ-ների եւ սփյուռքի հետ: Ինչ վերաբերում է 12 կետերի շուրջ բանակցությանը, Զուրաբյանն ասաց. «Խորհրդարանական եռյակի անունից իրավասու եմ հայտարարել, որ Կառավարությանը ներկայացված 12 կետերի մասով իշխանությունների հետ բանակցություններ վարելու իմաստը չենք տեսնում: Մեր գնահատումներով սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խորհրդարանական եռյակին գործընթացի մեջ ներքաշում՝ ժամանակ ձգելու եւ համաժողովրդական շարժման հզորությունը թուլացնելու նպատակով»:
Վերջում Զուրաբյանը հայտարարեց. «Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին համաժողովրդական շարժման մասնակիցներին հրավիրում ենք Ազատության հրապարակ: Կներկայացվի մարդու իրավունքների իրավիճակը, մեր անելիքները: Պատրաստվում ենք այդ օրը հզորագույն հանրահավաք-երթ անցկացնել»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՊԱՐՏՔՆ Է ՈՒԶՈՒՄ
«Երեւան գարեջուր» ՓԲԸ-ն, որը ինչպես հայտնի է՝ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանին, («Պիվի Հակոբ») իր պարտքերը փորձում է դատական կարգով ետ ստանալ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատգամավորի ընկերությունը դեռեւս այս տարվա մարտի 7-ին դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Սոնա 79» ՍՊԸ-ից բռնագանձել մեկ միլիոն 538 հազար դրամ: Գործը մինչ օրս դատարանում քննվում է:
ԶՈՒՅԳ ՏՂԱ Է ՈՒՆԵՑԵԼ
«ՀՀՇ-ի Գեւորիկի» կինը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, զույգ որդի է ունեցել: Նա որդիներից մեկի անունը դրել է Սեյրան, մյուսինը` Մանվել: Մեր տեղեկություններով՝ հայրիկն իր որդիներին անվանակոչել է՝ ի պատիվ հանրահայտ գեներալ Սեյրանի եւ զորավար Մանվելի: «ՀՀՇ-ի Գեւորիկը», ով վաղուց արդեն ՀՀԿ-ինն է, նախկինից միայն անունն է մնացել, թերեւս հույս ունի, որ իր որդիների անվանակից գեներալներն իրենց խնամակալության տակ կվերցնեն ապագա զինվորներին եւ կհոգան, որ նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հայրը «չնեղվի»: «Ժողովուրդը» եւս շնորհավորում է Գեւորգին եւ մաղթում, որ որդիները մեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ երեխաների ապագան կախված լինի բացառապես նրանց ծնողներից:
«ՀԱՅԱՍԻ ԳՐՈՒՊ»-Ը ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունն առաջին անգամը չէ, որ հայտնվում է դատական քաշքշուկներում: Այս ընկերությունը կա՛մ ենթարկվում է վարչական տուգանքի, կա՛մ էլ դիմում է դատարան:
Այս անգամ ընդդեմ «Հայասի գրուպ»-ի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան են դիմել «Գրանդ մաստեր» եւ «Գարի գրուպ» ՍՊԸ-ները: Այս երկու ընկերություններն էլ դիմել են դատարան՝ գումար բռնագանձելու պահանջով. «Գարի գրուպ»-ը պահանջում է 5 մլն 224 հազար 212 դրամ 88 լումա, իսկ «Գրանդ մաստեր»-ը՝ 2.5 մլն դրամ: Ի դեպ, «Գարի գրուպ»-ը դատարանին միջնորդություն է ներկայացրել եւ խնդրել է հայցագնի չափով արգելանք դնել «Հայասի գրուպ»-ի գույքի եւ դրամական միջոցների վրա: Դատարանը բավարարել է հայցվորի միջնորդությունը:
Իսկ, ահա, «Գրանդ մաստեր» ՍՊԸ-ի միջնորդությունը՝ ընկերության գույքի վրա կալանք դնելու մասով, դատարանը մերժել է:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Գարի գրուպ»-ի տնօրեն Եղիշե Հարությունյանի հետ, ով փոխանցեց. «Մեր գումարն իրենք արդեն վճարել են, եւ մենք հայցից հրաժարվել ենք: Մեզ հետ խնդիրը բավականին կարճ էր: Խոստացել էին նույն պահին վճարել, բայց վճարել են երկու ամիս անց: Առեւտրի մեջ դա, իհարկե, նորմալ է: Դատարան դիմելն ավելի շատ էմոցիա էր»: