Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես հայտնի է, ինքնաթիռով արտասահման են մեկնում բացառապես բիզնես դասի տոմսերով: Այս տեսանկյունից ռեկորդակիրն, իհարկե, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն է: Միայն հոկտեմբերին Նալբանդյանը երեք անգամ մեկնել է արտերկիր: Նրա համար գնված բիզնես կարգի ավիատոմսերի համար ծախսվել է 2 միլիոն 864 հազար դրամ: Իսկ եթե նա էկոնոմ դասով մեկներ, ապա նույն ուղեւորությունների համար կծախսվեր մեկ միլիոն 264 հազար դրամ` փաստացի ծախսվածից ավելի քան կրկնակի քիչ:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի Երեւան-Մոսկվա-Դյուսելդորֆ-Մոսկվա-Երեւան ավիատոմսի համար պետբյուջեից վճարվել է 1 միլիոն 474 հազար դրամ, նույն ուղղության էկոնոմ դասի տոմսն արժեցել է 289 հազար դրամ` հինգ անգամ էժան: ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի համար գնված Երեւան-Տալին-Ռիգա-Երեւան բիզնես կարգի ավիատոմսի համար սեպտեմբերին վճարվել է 793 հազար դրամ, այն դեպքում, երբ նույն ուղղության էկոնոմ կարգի տոմսն արժեցել է 285 հազար դրամ` վճարվածից մոտ երեք անգամ էժան:
Բիզնես կարգով ճանապարհորդող նախարարների թվարկման եւ օրինակների շարքը կարելի է շարունակել եւ դրան հավելել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր նախորդի պես արտերկիր մեկնում է հատուկ պատվիրված չարտերային չվերթներով, որոնց համար պետբյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսվում:
Արդյո՞ք ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բիզնես կարգով ճանապարհորդեն: Ակնհայտ է, որ հարցը միանշանակ պատասխան չունի, բայց կարծում ենք՝ ճիշտ կլինի այն քննարկել: Եթե խնդիրը դիտարկում ենք այն տեսանկյունից, որ պաշտոնյաները Հայաստանի Հանրապետությունն են ներկայացնում, ապա առաջ է գալիս այն տեսակետը, որ այդքան էլ սիրուն չի լինի, եթե պետական այրերը շարքային մահկանացուների պես էկոնոմ կարգով ճանապարհորդեն, «ինչ կմտածեն մեր հանրապետության մասին»,-կասեն մարդիկ: Բայց մյուս կողմից երբեւէ մտածել եք, թե մեր հանրապետության մասին ինչ են մտածում Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում եւ մնացած այլ երկրներում, երբ տեսնում են, թե ՀՀ քաղաքացիներն ինչ նվաստացումների եւ զրկանքների են դիմում, ինչպիսի նողկալի պայմաններում են պատրաստ գոյատեւել, միայն թե այդ երկրներում ապրելու իրավունք ստանան:
Պաշտոնյաների վարքագիծը գնահատելու ամենաճիշտ եւ արդյունավետ տարբերակը նրանց ծախսերը եւ գործունեության արդյունավետությունը համեմատելն է: Արդյո՞ք ՀՀ պաշտոնյաներն իրենց գործունեությամբ նպաստում են հանրապետության զարգացմանը: Երբ խնդիրն այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա տեսնում ենք, որ ի դեմս պաշտոնյաների՝ գործ ունենք մարդկանց հետ, ում անմիջական գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների 32 տոկոսը կամ մեկ միլիոն բնակչությունն ապրում է աղքատության պայմաններում: Այդ նույն պաշտոնյաների գործունեության արդյունքում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ տարբեր երկրների միգրացիոն եւ սոցիալական ծառայությունների դռներն են թակում, որպեսզի իրենց երեխաների համար մի կտոր հաց հայթայթեն, կամ որ թույլ տան այդ երկրներում ապրել:
Այն մարդիկ, ովքեր արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ մսխում են Հայաստանի հանրային սեփականությունը, ովքեր պետական պաշտոն զբաղեցնելով եւ կոռուպցիոն մեխանիզմներ կիրառելով՝ դարձել են միլիոնատերեր, ում համար Հայաստանը չի եղել կամ դադարել է հայրենիք լինել, եւ նրանք վաղուց այլ պետության շահեր են սպասարկում, իրենց պատվից ցածր են համարում շարքային մահկանացուների կողքին ճանապարհորդելը: Իսկ միգուցե նրանք վախո՞ւմ են իրենց գործունեությունից տուժած մարդկանց կողքը նստել:
Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ ՀՀ պաշտոնյաներն իրենց պատասխանատու չեն համարում Հայաստանում տիրող իրավիճակի համար: Եթե նրանք այդ պատասխանատվությունը զգային, ապա հաստատ իրենց ավելի համեստ կպահեին, իսկ խնայված միջոցների հաշվին էլ որեւէ խնդիր կլուծվեր: Եթե պաշտոնյաներն իրենց պատասխանատու զգային Հայաստանում տիրող իրավիճակի համար, ապա ոչ թե կործանարար գործունեություն կծավալեին, այլ ամեն օր կփորձեին ՀՀ քաղաքացիների, պետության համար նշանակություն ունեցող մի խնդիր լուծել: Արդյունքում՝ ոչ մեկի մոտ հարց չէր ծագի, թե ինչու են նրանք բիզնես կարգով ճամփորդում նույնիսկ ոչ պաշտոնական այցերի ժամանակ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՄԱՐՏՈՒՆԵՑԻՆ ԳՈՀ Է
Երեկ խորհրդարանը 67 կողմ, 7 դեմ եւ 25 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է պահպանել հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը եւ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը: Այսինքն՝ աշխատող կանայք հղիության նպաստ պետք է ստանան իրենց աշխատավարձի 100%-ի չափով, եթե աշխատավարձը չի գերազանցում 1 մլն դրամի սահմանը: Չաշխատող մայրերը նպաստ կստանան նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով:
Երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք չի վիրավորվել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից, ով իրեն «մեղադրեց» այն բանի համար, որ օրենքի նախագիծը լավը չէ: «Օրենքի նախագծից ես գոհ եմ, որովհետեւ բոլոր մայրերը ստանում են փոխհատուցում, 30 հազար ծննդաբերող մայրեր կստանան լրացուցիչ օգնություն, սա մեզ համար նորություն է, որի մասին ոչ ոք չի խոսում, ոչ մեկին դա հետաքրքիր չէ»: Մեր հարցին՝ արդյո՞ք մարտունեցի մայրերը գոհ կլինեն, որ ինքը պաշտպանում էր այդ օրենքը, պատգամավորն ասաց. «Ես մեծամասնական պատգամավոր եմ, բայց օրենքը տարածվելու է ՀՀ-ի բոլոր մայրերի վրա, ցանկացած հարցում իմ ընտրատարածքի շահը ինձ համար դառնում է առաջնային»:
ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-ԱԿԱՆԻ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զ. Փոստանջյանը դիմել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի քննեն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի վարքը: ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ դիմում ստացել են, սակայն օրենքից ելնելով՝ չի կարող բացահայտել դիմումի պահանջները: «Դիմումում եղել են սխալներ, որի համար հանձնաժողովի քարտուղարը տեղյակ է պահել դիմողին, վերջինս, դրանք շտկելուց հետո, սահմանված կարգով կներկայացնի հանձնաժողով: Հետո նոր համապատասխան ընթացակարգերով որոշում կկայացվի»,-ասաց պատգամավորը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դիմումը վերաբերում է 2014թ. նոյեմբերի 2-ին ԼՂՀ-ի ԱԺ-ում ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստին:
Բանն այն է, որ հաձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, նախքան օրակարգի հաստատումը, առաջարկել է նիստն անցկացնել դռնփակ, Ա. Զաքարյանն էլ համաձայնել է, ու մինչ օրակարգի հաստատումը՝ քվեարկության է դրել դռնփակ նիստ անցկացնելու հարցը: Ինչի համար Զ. Փոստանջյանը դիմել է էթիկայի հանձնաժողովին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Ա. Զաքարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որեւէ բան մեկնաբանելուց: Նա ամեն ինչ արել է օրենքի շրջանակներում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԲԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ Կառավարության նիստին ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում էր թույլատրել «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երեւան քաղաքի Կիեւյան, 2-րդ նրբանցք, թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քառ. մետր մակերեսով շենքի շինությունները եւ հողամասն օտարել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր: Այդ նախագիծը, սակայն, վրդովեցրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով նկատել է, որ այդ շենքում մարդիկ են ապրում, եւ նրանց ապագայի հարցը լուծված չէ. «Այդ մարդիկ այնտեղ ապրո՞ւմ են: Բա հիմա ի՞նչ ենք անելու, նրանց գցելու ենք փողո՞ց: Հասկացա, որ պետական գույք է, պարտք են, բայց ի՞նչ սոցիալական խնդիր ենք լուծում»,- հարցրել է վարչապետը եւ հորդորել նախագիծը հանել օրակարգից ու լրացուցիչ քննարկել։
ՀԼԱ ԹՈՂ ՓՈՐՁԵՐ
Անդրադառնալով Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետի կողմից իր առաջարկած հարցը օրակարգից հանելու եւ լրացուցիչ քննարկելու պահանջին` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասել է. «Վարչապետը նկատողություն չի արել, ընդամենը Կառավարության որոշման վերաբերյալ առաջարկություն էր: Վիրավորվելու ոչինչ չկա»: Այնուամենայնիվ Սահակյանն ավելացրել է. «Կարող եմ անկեղծ ասել, որ ինձ համար էլ իրադարձությունների զարգացումն անակնկալ էր, որովհետեւ, ըստ էության, Կառավարության որոշման նախագծերը, մինչեւ օրակարգ ընդունվելը, քննարկվում են Կառավարության աշխատակազմում, առավել եւս՝ նախարարական կոմիտեներում»: Նա նաեւ ընդգծել է, որ վարչապետն իր վրա ձայն չի բարձրացրել: «Այնպես էլ չի, որ ձայն բարձրացնելու դեպքում հավուր պատշաճի պատասխան չէր տրվի»,- եզրափակել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին:
ՎԵՐՋԱՊԵՍ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տարբեր ինտենսիվ շփումների մեջ է Արցախում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագրի հարցով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ
Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ-ի առաքելությանն անվտանգության երաշխիքներ չի տվել ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի անկման վայրում քննություն անցկացնելու համար։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախօրեին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տեղի էր ունեցել ԵԱՀԿ պլանային մշտադիտարկում: Այն անցել էր առանց միջադեպերի, սակայն, չնայած ղարաբաղյան կողմի պահանջին, առաքելությունը հրաժարվել էր այցելել ադրբեջանցիների կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անկման վայր:
ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել 2015 թվականին ավելացնել երկրի ռազմական բյուջեն ներկայիս 3,8 միլիարդ դոլարից մինչեւ 4,8 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Սարիֆովը: Նա դա պայմանավորել է «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունների հետ»։
ՆՈՐԻՑ ԵՆ ԴԻՄԵԼ
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը երեկ դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը՝ խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման եւ դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։