ԵՏՄ-Ն ԿՀԵՇՏԱՑՆԻ՞ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ակտիվ քննարկվում է, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանի Դաշնությունում կբարելավվի հայ միգրանտների կարգավիճակը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ:

Նշենք, որ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ անդամակցության պահին մեր երկիրը պետք է միանա «Աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով ավելի բարենպաստ ռեժիմ է սահմանվում, քան նախատեսված է Մաքսային միության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի ժամկետով աշխատել ՌԴ-ի տարածքում: Բայց այդ կարգը կգործի 2015 թվականի հունվարի 1-ից:
-Պարոն Եգանյան, պարբերաբար խոսվում է Ռուսաստանի Դաշնությունում հայ միգրանտների աշխատանքի անցնելու կարգի դյուրացման մասին: Այս առումով ի՞նչ փոփոխություններ կան:
-Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը սկսում է գործել 2015 թվականի հունվարի 1-ից, եւ սրանով ամեն ինչ ասված է:
-Դուք ռուսաստանյան Ձեր գործընկերների հետ մշտապես բանակցությունների մեջ եք այդ պայմանները բարելավելու նպատակով: Հնարավորությունների մեծացման հետ կապված ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել հունվարի1-ից հետո:
-ԵՏՄ-ի կողմից սահմանված է միասնական աշխատանքային շուկա այն բոլոր չորս երկրների քաղաքացիների համար, որոնք կանդամակցեն այդ կառույցին: Այսինքն` եթե Հայաստանի քաղաքացին գտնվի կա՚մ Ռուսաստանի Դաշնությունում, կա՚մ Ղազախստանում, կա՚մ Բելոռուսիայում, ապա այդ երկրների քաղաքացիների նման կունենա համահավասար իրավունք՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելիս:
-Հայկական անձնագիր ունենալը բավարար կլինի՞ ուղիղ աշխատանքի անցնելու համար:
-Լրացուցիչ աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու կարիք այլեւս չի լինելու: Փաստաթղթեր ներկայացնելու, պետական վճարում կատարելու կարիք նույնպես չի լինի:
-Մեզ մոտ օրենքը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ ՌԴ-ում՝ օրենքը կա, բայց ուշ է կիրառվում: Դուք նման տեխնիկական քաշքշուկները բացառո՞ւմ եք:
-Ես խոսում եմ աշխատանքային միգրանտների պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին: Սա միջազգային փաստաթղթի` ԵՏՄ-ի մասին է, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու: Ստորագրած բոլոր պետությունները կկիրարկեն այս դրույթներն իրենց տարածքներում: Ռուսաստանն իր մասով, Բելառուսը՝ իր, Ղազախստանը՝ իր:
-Արգելքների հետ կապված` Դուք մշտապես հայտարարում եք, որ դրանք վերացնելու ուղղությամբ բանակցում եք: Որոշակի արդյունքներ կա՞ն: Վերջին տվյալները կներկայացնե՞ք:
-Տվյալների մասին առաջիկայում կհրապարակվի: Մինչեւ 3.000 քաղաքացի կա, որոնց օգնում ենք փաստաթղթերի հարցով: Դրանք տրամադրվում են արտաքին գործերի նախարարությանը, ապա՝ ՌԴ-ի միգրացիոն ծառայությանը:
-Իսկ Ռուսաստանի Դաշնությունը «մեծահոգաբար» շարունակո՞ւմ է այդ գործընթացը:
-Այո, իհարկե, իրականացնում է: Մենք մշտապես իրենցից իրազեկումներ ենք ստանում:
-Հնարավո՞ր է` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո համատարած համաներում հայտարարվի այն քաղաքացիների նկատմամբ, որոնց արգելված է մուտք գործել ՌԴ-ի տարածք:
-Ոչ, ես մշտապես ասել եմ, որ ԵՏՄ-ն դրան չի վերաբերում: Սա անկանոն միգրացիայի հարց է, իսկ ԵՏՄ-ն վերաբերում է աշխատանքային միգրացիայի բնագավառին, եւ սահմանվում է, որ միասնական աշխատանքային շուկա պետք է լինի: Բայց անձը որտեղ էլ որ լինի, ԵՏՄ-ի պարագայում նույնպես միգրացիոն օրենքները պետք է ապահովի եւ պահպանի: Հակառակ պարագայում՝ ապագայում, անգամ 90 օրից ավել աշխատանքային գործունեության պայմանագիր չունենալու դեպքում, խնդիր կունենա: Դա Հայաստանում էլ է պարտադիր: Իսկ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար պայմանագիր է պետք:
-Բայց գաղտնիք չէ, որ շատ դեպքերում բանավոր պայմանավորվածության հիման վրա են գործատու-աշխատող հարաբերությունները կարգավորվում:
-Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ դա համարվում է անօրինական աշխատանքային գործունեություն:
-Ռուսաստանում գոյություն ունի՞ պայմանագրի նվազագույն եւ առավելագույն ժամկետ: Օրինակ` քաղաքացին կարո՞ղ է գնալ, հինգ տարով պայմանագիր կնքել, եւ խնդիրը համարել լուծված:
-Այո՚, Ռուսաստանի օրենսդրությունը պայմանագրի տեւողության ժամկետները չի սահմանափակում: Սա կախված է աշխատողի եւ գործատուի հարաբերություններից:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Երբեմնի հզոր գործարար Միխայիլ Բաղդասարովը շարունակում է մինչեւ «կոկորդը թաղված մնալ» պարտքերի մեջ: Երկար տարիներ ավիաընկերության ոլորտում գերիշխող դիրք գրավող գործարարը «Արմավիա»-ի սնանկացումից հետո որոշ տվյալներով մոտ 25 մլն դոլար է պարտք միայն ռուսական գերատեսչություններին, ընկերություններին ու բանկերին:

Բացի այդ` Հայաստանի նախկին ավիափոխադրողը մոտ 178 հազար դոլար պարտք է ՌԴ ավիացիայի դաշնային գործակալությանը՝ «Ռոսավիացիա»-ին, մոտ 1,5 մլն դոլար` «Վնուկովո» օդանավակայանին եւ 29 հազար դոլար՝ Կրասնոդարի եւ Սոչիի օդանավակայաններին: Հայկական ընկերություններից «Արմավիա»-ն պարտք է Հայաստանի էլեկտրական ցանցերին, «Երմիք» ՍՊԸ-ին, «Կարկոմավտո» ընկերությանը, «Բիբլոս բանկ»-ին եւ այլ հայտնի ընկերություններին: Երբ հայտնի դարձավ, որ «Արմավիա»-ն ցանկանում է սնանկացման գործընթաց սկսել, Բաղդասարովի ընկերությանը սկսեցին մեկը մյուսի ետեւից դատի տալ: Օրինակ՝ ՎՏԲ բանկը 10 միլիոն դոլարի հայց էր ներկայացրել «Արմավիա»-ի, 12 միլիոն դոլար «Միկա լիմիթեդի» դեմ:
Պետք է ընդգծել, որ «Արմավիա»-ին դատի էր տվել նաեւ պետական եկամուտների կոմիտեն, քանի որ օդի հարկի 10 հազար դրամ գանձումները կատարվել, սակայն բյուջե չէին փոխանցվել: Նման դատական գործերի շարքը կարելի է երկար շարունակել: Ինչպես հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ «Միկա Լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել` պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն: Բաղդասարովը ցանկանում է արագացնել սնանկության գործընթացը, որպեսզի խուսափի պարտքերից:
Իսկ ինչից սկսվեց այդ ամենը. 2011թ. հակասություն էր առաջացել «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Արմավիա»-ի ղեկավարների միջեւ: Ավիաընկերությունը պահանջում էր իջեցնել ծառայությունների գումարը, իսկ օդանավակայանի ղեկավարությունը պահանջում էր վճարել կուտակված պարտքերը: Արդեն 2012թ. մարտի 6-ին ավիափոխադրումներ կատարող ընկերությունը գործադուլ հայտարարեց, մինչեւ գները կիջեցվեն: Մի քանի հարյուր ուղեւորներ այդպես էլ մնացին օդանավակայաններում, նրանցից շատերը ստիպված էին ետ տալ տոմսերը:
Իսկ օրեր անց` մարտի 9-ին, Բաղդասարովը հայտարարեց, թե ընկերությունը սնանկացման գործընթաց է սկսում: Որո՞նք էին երբեմնի հզոր ընկերության սնանկացման պատճառները: Այս կապակցությամբ թե՛ տեղական, թե՛ ռուսական մամուլում ամենատարբեր վարկածներ շրջանառվեցին: Օրինակ` ռուսական RBK Daily-ն առաջնային պատճառներից է համարում անարդյունավետ մենեջմենթը. «Եթե մի ընկերություն, ունենալով բացառիկ իրավունքներ, ոչ միայն շահույթով չի աշխատել, այլեւ այդքան պարտք է կուտակել, ի՞նչ մենեջմենթի մասին է խոսքը: Կարելի է ասել, որ այն պարզապես գոյություն չի ունեցել»: Իսկ «Կոմերսանտը» նկատում է, որ ավիաընկերության հետ տեղի ունեցածը, իրոք, շատ հարցերի տեղիք է տալիս, որոնք, սակայն, «Արմավիա»-ն չի բացահայտում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս