«ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՆԿԱՏՄԱՄԲ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կամերային թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը մեր երկրում ստեղծված իրավիճակի դեմ պայքարում է թատրոնում: Նա պայքարի իր զենքն ունի, որը կիրառում է ինչ-որ բան փոխելու հարցում մարդկանց ոգեւորելու համար՝ պատրաստ լինելով հարկ եղած դեպքում կանգնել նրանց կողքին: Ի դեպ, Լուսինեն «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ կամերային թատրոնում պատրաստվում է նոր ներկայացում, որն ինքնին սիրո խոստովանություն է մեր մայրաքաղաքին:

-Կամերային թատրոնը կարողանում է խոսել այսօր մեզ հուզող հարցերի շուրջ, փորձում է առաջարկել ելքեր: Դուք ստացել եք նաեւ ինտերակտիվ թատրոն հասկացությունը, այնպես որ ժողովրդի արձագանքն այսօրվա խնդիրներին պետք է որ ծանոթ լինի Ձեզ. ինչպիսի՞ն է այն:
-Մեր թատրոնն աշխատում է նույնականացման սիստեմով, որը լիովին արդարացրել է իրեն: Հանդիսատեսը մեծ բավականություն է ստանում այդ ակտիվ մասնակցությունից, մտնում է խաղի մեջ: Ժողովուրդը միշտ ունի ասելիք, մեկը՝ հումորով, մյուսը՝ ավելի լուրջ մոտեցմամբ:
-Ձեր հոր՝ Արա Երնջակյանի ձեռագիրը կրկնելու մտավախություն երբեւէ ունեցե՞լ եք:
-Երբեք հորիցս հատուկ տարբերվելու կամ նրան կրկնօրինակելու խնդիր իմ առջեւ չեմ դրել: Այնպես ստացվեց, որ իմ առաջին երկու ներկայացումներն իրենց ձեւով հայրիկի ձեռագրից շատ տարբեր ստացվեցին. դա մարդիկ էլ էին նկատել: Վերջ ի վերջո, նման հարցեր բարձրացնում են թատերագետները, իսկ հանդիսատեսի համար միեւնույն է. նա, պարզապես, ուզում է լավ ներկայացում դիտել:
-«Ի զեն» ներկայացման ավարտին, երբ հնչում են Նժդեհի խոսքերը, հանդիսատեսի աչքերին հաճախ կարելի է արցունքներ նկատել. ի՞նչ եք կարծում՝ կոնկրետ այս պարագայում ի՞նչն է հուզում մարդկանց:
-Մենք ծիծաղի միջոցով մարդուն բերում-հասցնում ենք այն կետին, որ նա սկսում է խորհել, թե ազգովի ուր ենք գնում, եւ եթե այսպես շարունակենք ապրել, ինչ կլինի: Իսկ խնդրի լուծման տարբերակը ոչ թե ձեռքերը ծալած նստելն է, այլ զենք ու զրահ վերցնելը՝ փոխաբերական իմաստով:
-Իսկ Դուք ի՞նչ զենքով եք տանում Ձեր պայքարը:
-Մեր պայքարի տեղը թատրոնն է: Մենք կարող ենք պայքարելու, ինչ-որ բան փոխելու հարցում ոգեւորել մարդկանց, եթե դրվի այդ մարդկանց կողքին կանգնելու հարցը, անպայման կանենք դա:
-«Ալբանիա+» ներկայացման շրջանակում որպես ելք մեր երկրում, քաղաքում ստեղծված իրավիճակից նշվում է արտագաղթը բացառելու կարեւորությունը. եթե չհեռանալ, ապա ի՞նչ անել:
-Պետք է կարողանաս քո քաղաքը շենացնել, ոչ թե ուրիշինը. սա է խնդիրը: Եթե սիրում ես քո քաղաքը, դու կգտնես այդ ելքը: Փախչելով մենք կհասնենք նրան, որ երեւանցիները կպակասեն, քաղաքը կլցվի արտասահամանցիներով, ու Երեւանը կթողնենք նրանց:
-Երեւանցիների աչքերը բացելու, նրանց սթափեցնելու փորձեր արվում են նաեւ «Անտեր Ground» ներկայացման շրջանակում: Այդ ի՞նչ վտանգներ են կախված Երեւանի գլխին, եւ Ձեզ՝ որպես երեւանցու, ամենաշատը ո՞ր խնդիրն է մտահոգում:
-Ամենամեծ խնդիրն անտարբերությունն է քաղաքի նկատմամբ: Շինարարն, օրինակ, կառուցում է շենքը եւ երկու կոպեկ ավել աշխատելու համար անորակ գործ է անում, այսինքն՝ անտարբերություն կա վաղվա օրվա նկատմամբ: Եթե այսպես շարունակենք, մեր երեխաներն արդեն չեն ունենա գեղեցիկ քաղաք, այլ կունենան ինչ-որ փլատակներ: Ի դեպ, մեր թատրոնում հիմա աշխատում ենք նոր ներկայացման վրա, որն ինքնին սիրո խոստովանություն է Երեւանին:
-Պետական հովանավորությունից գո՞հ եք:
-(Ծիծաղում է): Նույնիսկ ամենահարուստ երկրում պետությունը, ինչպես հարկն է, չի հովանավորում թատրոնին, ուր մնաց մեզ մոտ: Մենք, իհարկե, որոշ չափով ֆինանսավորվում ենք, բայց դա չի հերիքում: Մենք տոմսերի վաճառքից գոյացած գումարը ներդնում ենք հաջորդ ներկայացման մեջ, որպեսզի թատրոնը շարունակի իր աշխատանքը:
-Գիտենք, որ երբ բեմադրում էիք «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը, որտեղ խաղում է նաեւ Ձեր ամուսինը՝ Արշալույս Հարությունյանը, Դուք նոր-նոր էիք սիրահարվել: Ներկայացման՝ 7 տարուց ավել բեմում մնալու ֆենոմենը պայմանավորված է սիրո՞վ:
-Այո՛, ֆենոմենը սերն է (ժպտում է): Մենք այս տեխնոլոգիական դարում կենդանի շփում, ջերմ զգացմունքներ կարողացանք տալ հանդիսատեսին, մարդկանց ստիպեցինք գնահատել իրենց կողքիններին: Իրականում երկուսս էլ շատ սկզբունքային ենք եւ հաճախ ստեղծագործական վեճեր ենք ունենում, սակայն դրանք միշտ պրոդուկտիվ են: Հուսով եմ՝ բեմադրիչ-դերասան ամուսնական կապը լավ է ազդում աշխատանքի վրա:

 

 

 
«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՀԻՆ ՇԵՆՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագիրը տեւական ժամանակ է՝ անհանգստացնում է ճարտարապետներին, քաղաքացիներին եւ մշակութային արժեքների նկատմամբ բոլոր սրտացավ մարդկանց: «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն դեւեւս մեկ տարի առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում ռեսուրսներ տրամադրել օդանավակայանի հին՝ կլոր շենքի պահպանության համար եւ պատասխանատվություն չի կրելու որեւէ վթարի դեպքում:

Օրեր առաջ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն էր հայտնել այն առնչությամբ, որ բարձրացվել էր էստակադան քանդելու հարցը: Նրա խոսքով, սովորաբար, երբ շենքի մի մասը քանդվում է, կործանվում է նաեւ մյուս մասը: Ճարտարապետը հույս էր հայտնել, որ շենքի սեփականատերերը, ի վերջո, կփրկեն այն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տասնամյակներ առաջ կառուցված շինությունը խորհրդային տարիներին ընդգրկված էր պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում եւ այն սովետական մոդեռնիստական շենքերի մեջ համարվում էր լավագույնը, «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե շենքին սպառնացող խնդրի շուրջ ինչ է մտածում ՀՀ մշակույթի նախարարությունը:
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը նշեց, որ օդանավակայանի շենքը պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, ուստի, մեծ հաշվով, այդ խնդիրն իրենց հետ առնչություն չունի. «Այնուամենայնիվ, մեզ էլ է մտահոգում այդ հարցը: Իմ ունեցած վերջին տվյալների համաձայն՝ շենքի սեփականատերը, այսինքն՝ օգտագործողը, խոստացել է, որ չի քանդելու կառույցը»,-տեղեկացրեց նա:
Իսկ ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սպասում են՝ կոնցեսիոները ներկայացնի իր առաջարկությունը. «Վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ նրանք իրենց առաջարկի մեջ հաշվի առնեն շենքի կարեւոր նշանակությունն ու պահպանմանն առնչվող խնդիրները: Երբ որ կլինի առաջարկը, այն մեր մասնագետների հետ կդրվի քննարկման, մեր կողմից եւս կլինեն առաջարկներ, որպեսզի այս հարցը հիմնավորապես լուծվի»,-նշեց նա՝ հույս հայտնելով, որ դիմացինը համարժեք կերպով հաշվի կառնի իրենց ասածի կարեւորությունը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ԶՈՒԳԵՐԳ
«Bad Boys Blue» խմբի մենակատար Քեվին Մաքկոյը Հայաստանում է, նա Երեւան է եկել երգչուհի Սոնայի հետ տեսահոլովակ նկարահանելու նպատակով: Բացի այդ՝ առաջին անգամ Երեւան այցելած Քեվինը ներկայանալու է մենահամերգով՝ «Yans Music Hall»-ում, այն կկայանա նոյեմբերի 21-ին: Քեվինը նշել է, որ շատ է հավանում Սոնայի կատարումները. «Բազմիցս համագործակցել եմ ռուսաստանցի աստղերի հետ, այս անգամ որոշեցի զուգերգով հանդես գալ հայ արտիստի հետ: Երբ լսեցի Սոնայի կատարումները, ինձ զարմացրեց նրա տեմբրը, յուրահատուկ ձայնը»,-նշել է երգիչը:

 

ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ
36 տարեկանում կյանքից հեռացած ռեգգի-երաժիշտ լեգենդար Բոբ Մառլին դառնալու է մարիխուանա արտադրող առաջին ապրանքանիշի՝ Marley Natural-ի դեմքը: The Guardian-ի փոխանցմամբ՝ արտադրանքը վաճառվելու է այն երկրներում, որտեղ թույլատրվում է թույլ ազդեցություն ունեցող թմրանյութերի օգտագործումը:
«Մարիխուանան նրա համար ոգեշնչման յուրահատուկ միջոց էր, այն կարող է մարդուն մոտեցնել բնությանը, բացահայտել նրա դրական կողմերը, զարգացնել ստեղծագործական հատկությունները»,-մեկնաբանել է երաժշտի դուստրը՝ Սեդելելան:
Նշենք, որ նյույորքյան ապրանքանիշը մարիխուանա է արտադրելու ոչ միայն ծխելու, այլեւ աքսեսուարներ, քսուքներ ու լոսյոններ պատրաստելու համար:

 

ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼԸ ՀԵՄՍՈՒՈՐԹՆ Է
«Վրիժառուները» ֆիլմից հայտնի ավստրալիացի դերասան Քրիս Հեմսուորթը «People» ամսագրի կողմից ճանաչվել է 2014 թվականի ամենասեքսուալ տղամարդը: Հիշեցնենք, որ 2013-ին այս պատվին արժանացել էր «Maroon 5» խմբի վոկալիստ Ադամ Լեւինը:
31-ամյա Հեմսուորթն ու նրա կինը՝ իսպանացի դերասանուհի եւ մոդել Էլզա Պատակին, այս տիտղոսի մասին լուրը բավական զվարճալի են համարել. «Ես կարծում եմ՝ դուք այդ լուրով ինձ հպարտանալու առիթ եք տալիս, այժմ մի քանի շաբաթ կարող եմ կնոջս ասել, որ այլեւս պետք չէ աման լվանալ ու փոխել երեխաների տակդիրները, քանի որ ինքն այդ ամենից վեր է»,- ծիծաղելով ասել է դերասանը:

 

 




Լրահոս