«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն այս տարվա օգոստոսի 11-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: «Փորձաքննությունների ազգային բյուրոն» պահանջում է՝ քաղաքապետարանին պարտավորեցնել վճարելու իր պարտքը՝ 29 հազար 400 դրամ: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը, որը մեկ նստարանի համար 165 հազար դրամ է վճարում քաղաքային բյուջեից, իսկ աղբամանի համար` 78 հազար դրամ, «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» 29 հազար դրամի վճարումը չի կատարում: Արդյունքում ՊՈԱԿ-ը ստիպված է եղել դիմել դատարան եւ դատական կարգով պահանջել իր գումարը: Այս փաստն այնքան խոսուն է, որ գնահատականներն այլեւս ավելորդ են:
ՀՀ Ազգային ժողովի հաջորդ հերթական քառօրյան` դեկտեմբերի 1-ից 4-ը, պետք է սկսվի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկմամբ: Նախագծով առաջարկվում է ամրագրել ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ բարեփոխումների ուղղությունները: Մասնավորապես առաջարկվում է ամրագրել, որ բարեփոխումների արդյունքում ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգով պետք է ձեւավորվի, պետք է փոխվի նաեւ ընտրական հանձնաժողովների կազմավորման եւ քվեարկության արդյունքների ամփոփման կարգերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները տապալելու են Հակոբյանի նախագծի ընդունումը: Բայց մի քանի օրից Կառավարությունն է համանման մի նախագիծ ներկայացնելու՝ որպես առաջին քայլ ոչ իշխանական խմբակցությունների հետ բանակցությունների ճանապարհին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ երեկոյան Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը «հասել» է խորհրդարան: Այսօր արդեն պայմանագիրը կուղղարկվի հանձնաժողովներին եւ խորհրդարանական խմբակցություններին: ԵՏՄ պայմանագիրը նախատեսվում է քննարկել երեք հանձնաժողովներում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, տնտեսական հարցերի եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 24-ին, նախատեսվում է խորհրդարանական լսումներ անցկացնել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայամանգրի շուրջ: Ենթադրվում է, որ խորհրդարանն այն կքննարկի առաջիկա` դեկտեմբերի 1-ից 4-ը կայանալիք հերթական ԱԺ քառօրյայում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա քառօրյայում պետք է քննարկվի նաեւ 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը, ուստի բացառված չէ, որ ԵՏՄ պայմանագրին հերթ չհասնի, եւ այն քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի:
ՀՀ Սահմանադրական դատարանի նորանշանակ անդամ Ալվինա Գյուլումյանի վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 180 հազար եվրո: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նրա՝ որպես ՍԴ անդամ ներկայացրած պաշտոնական հայտարարագրից: Ալվինա Գյուլումյանը մինչ այս 11 տարի շարունակ եղել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում Հայստանի կողմից նշանակված դատավորը: Այսինքն՝ որպես Եվրոդատարանի դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը ստացել է ամսական 15 հազար եվրո աշխատավարձ: Ի դեպ, ՍԴ նորանշանակ անդամը հայտարարագրել է 150 հազար եվրո դրամական միջոց եւ մեկ մարդատար ավտոմեքենա` «Մերսեդես» մակնիշի: Բացի այդ, ըստ Ալվինա Գյուլումյանի հայտարարագրի, ունի երեք հատ բնակարան, երկու հողամաս եւ մեկ ավտոտնակ: Ի դեպ, բնակարանների եւ հողամասների գտնվելու վայրը եւ մակերեսը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրում նշված չէ:
ԱՆՀԱՎԱՏԱՐԺԱՆ
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չի նպաստի արտագաղթի ավելացմանը, այլ հակառակը: Երեկ այսպիսի կարծիք է հայտնել ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Թե ինչի վրա է հիմնված Եգանյանի այս լավատեսությունը, դժվար է ասել, առավել եւս, որ նրա ներկայացրած առավելությունները, որոնք ստանալու են Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները, բոլորովին հակառակ սպասումների տեղիք են տալիս:
Այսպես՝ Եգանյանի ներկայացմամբ. «ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական։ Ռուսաստանում աշխատանք կատարելիս մեր քաղաքացին եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին նույն իրավունքներն են ունենալու։ Ներկայումս, որպեսզի միգրանտն աշխատի, առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, ներկայացնի փաստաթղթեր եւ տուրք վճարի։ ԵՏՄ մուտք գործելուց հետո այդ տուրքը վճարելու կարիք չի լինի, ու սա մեծ տնտեսում կլինի»։ Բացի այդ, ըստ նրա, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը եւ նրա ընտանիքի անդամները համարվում են օրինական բնակվողներ եւ կարող են այդ երկրից դուրս գալ ու մուտք գործել, ինչքան ցանկանան:
Ահա այս ամենը նկատի առնելով` կա արդյոք Ռուսաստանում երբեւէ ապրած, կամ այդ երկրում արտագնա աշխատանքի գնացած հարազատներ ունեցող մեկը, որը կասկածում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի ամեն երրորդ աղքատ քաղաքացին շտապելու է մեկնել Ռուսաստան` իր հանապազօրյա հացի հետեւից: Բացի, իհարկե, Գագիկ Եգանյանից, որը ինչ-ինչ խորախորհուրդ մասնագիտական հաշվարկներից ելնելով՝ փորձում է համոզել, որ ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում ապրող ՀՀ քաղաքացու մոտ կկորի Ռուսաստանում աշխատելու ցանկությունը ճիշտ այն պահին, երբ այնտեղ աշխատանքի պայմանները կթեթեւացվեն: Եվ կամ` Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները կորոշեն վերադառնալ հայրենիք, քանի որ, երբ վերանա փողոցում ռուս ոստիկանի կողմից առանց անձնագրի կամ գրանցման «բռնվելու» եւ «դեպորտ» արվելու վտանգը, այլեւս անհետաքրքիր կդառնա ՌԴ-ում ապրելն ու աշխատելը:
Իրականում Գագիկ Եգանյանի այս հայտարարությունները նույնքան հավատարժան են եւ հաշվարկված, որքան տարիներ շարունակ նրա կողմից կրկնվող այն պնդումները, թե Հայաստանից, իբրեւ այդպիսին, արտագաղթի մեծ տեմպեր չկան, եւ երկրից մարդկային անընդմեջ արտահոսքն ընդամենը «սեզոնային աշխատանքային միգրացիա» է:
Իսկ այն, որ առաջիկայում Հայաստանից արտագաղթը կշարունակվի, կասկածից դուրս է: Ընդ որում, անկախ այն բանից` կանդամակցենք մենք ԵՏՄ-ին, թե ոչ: Ի վերջո, արտագաղթի պատճառը ոչ թե Ռուսաստանում է կամ ԵՏՄ-ում, այլ այստեղ` Հայաստանում: Եվ մինչեւ չվերացվի այդ պատճառը` ՀՀ ներկայիս իշխանությունների տեսքով, արտագաղթը չի դադարի: