Մեկ ամիս է՝ Շիրակի մարզի Մարմաշեն-Գյումրի ուղղությունը սպասարկող երթուղու ուղեվարձը թանկացել է՝ 100 դրամից դառնալով 150 դրամ, ինչը հարուցել է մարմաշենցիների զայրույթը:
Մարմաշենցիների խոսքերով՝ շատ գյուղեր կան, որոնք Գյումրիից նույնքան հեռավորության վրա են գտնվում, որքան Մարմաշենը, բայց նրանց համար փոխադրավարձը 100 դրամ է:
Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը կիսում է համագյուղացիների վրդովմունքը` ընդգծելով, որ ուղեվարձի 50 տոկոս թանկացումը մեծ հարված է մարմաշենցու գրպանին: Գյումրիից 20 կմ հեռավորության վրա գտնվող Մարմաշենից օրական չորս տասնյակից ավել դպրոցական, ուսանող եւ աշխատող է մեկնում մարզկենտրոն:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել տրանսպորտի ուղեվարձի անակնկալ թանկացման պատճառը: Տեղեկացանք, որ շուրջ մեկ տասնամյակ երթուղին սպասարկել է «Ասատրյանների ընտանիք» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրենը մարմաշենցի է, ով, ընդառաջ գնալով համագյուղացիների խնդրանքներին, ուղեվարձը չի թանկացրել: Իրավիճակը փոխվել է 2014 թվականի գարնանից, երբ հիշյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել ու լուծարվել, որից հետո երթուղին սպասարկելու իրավունք է ստացել «Մուշ-Արմեն» ընկերությունը՝ շահելով մրցույթը 150 դրամ փոխադրավարձով:
Շիրակի մարզի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից հայտնեցին, որ Մարմաշեն-Գյումրի ուղեվարձը միշտ էլ եղել է 150 դրամ, այլ բան է, որ նախկին գծատերը բարեգործությամբ է զբաղվել: Իսկ, ահա, ներկա տիրոջը՝ «Մուշ-Արմեն» ընկերությանն ամենեւին էլ չի անհանգստացնում գյուղացիների զայրույթը: Ընկերությունից փոխանցեցին, որ ուղեվարձը նվազեցնելու մտադրություն չունեն, քանի որ տրանսպորտային միջոցների պահպանման, շահագործման եւ վառելիքի ծախսերը շատ են:
Ստեղծված իրավիճակը փորձում է մեղմել Մարմաշենի համայնքապետարանը՝ խնդիրը կարգավորելով սեփական միջոցներով: Հունվար-փետրվար ամսին, երբ հաստատվի համայնքի նոր բյուջեն, երթուղին սպասարկելու ծախսերի որոշ մասը գյուղապետարանը կվերցնի իր վրա:
Իսկ մինչ այդ մարմաշենցիները վստահեցնում են, որ չեն վճարելու հավելյալ 50 դրամը եւ շարունակելու են երթեւեկել 100 դրամով:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉՎԵԼ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2014թ. կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը պարտավորեցվել է հերքել «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ իր հարցազրույցում հրապարակված զրպարտչական տեղեկությունները: «Յունիբանկ» ՓԲԸ-ն դեռեւս 2011թ.-ի հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու եւ զրպարտության համար: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է Մանվել Տեր-Առաքելյանին սեղմ ժամկետներում News.am լրատվական կայքում հանդես գալ հերքման տեքստով` հայցելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի եւ լրատվական կայքի ընթերցողների ներողամտությունը՝ իր հարցազրույցում բանկի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու համար: Դատարանը որոշել է նաեւ նյութական պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին՝ բռնագանձելով վերջինից հօգուտ բանկի 2 մլն ՀՀ դրամ:
ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն եւ հայտնաբերել օրենսդրական մի շարք խախտումներ «օրգանական» եւ «բիոլոգիական» անվանումով պարենային եւ ոչ պարենային ապրանքներ արտադրող ընկերությունների գործունեության մեջ: Ուսումնասիրվել է մոտ 100 ընկերության գործունեություն, որոնց ֆիրմային անվանման մեջ առկա են «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձեւերը:
Պարզվել է, որ մի շարք ընկերությունների այս գործելաոճը մոլորեցնում է սպառողներին, քանի որ վերջինների մոտ ստեղծվում է տպավորություն, իբրեւ նման մակնշում պարունակող արտադրանքն ունի առավելություն, քանի որ պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից: Բացի այն, որ մի շարք ընկերությունների նման գործունեությունը վնասում է սպառողների շահերին, այն նաեւ խոչընդոտում է նմանատիպ արտադրանք թողարկող եւ իրացնող առավել բարեխիղճ ընկերությունների գործունեությանը:
Տեղեկացնենք, որ համաձայն օրենքի՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ից «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձեւերը կարող են օգտագործվել միայն զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող եւ իրացնող տնտեսվարողների կողմից: Այլապես ընկերության ֆիրմային անվանման մեջ կամ անհատականացման այլ միջոցներում նման տերմինների օգտագործումը համարվում է անթույլատրելի: Ուսումնասիրված մոտ 150 ընկերություններից խախտում է հայտնաբերվել ընդհանուր առմամբ 80-ի մոտ՝ 55 ընկերության մոտ՝ «էկո», 20-ի մոտ՝ «բիո» եւ 5-ի մոտ՝ «օրգանական» անվանումով ապրանքներ արտադրելու կամ իրացնելու համար: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ տնտեսվարողի նման վարքագիծը, որը կարող է մոլորության կամ շփոթության մեջ գցել սպառողներին նրանց առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում:
ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ՝ մրցակցային օրենսդրության խախտման եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար 80 ընկերություններ ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանելու օրինախախտ ընկերությունների գործունեության հանդեպ եւ լինելու է հետեւողական, որպեսզի վերջիններն աշխատեն արդար մրցակցային կանոններով: