ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Կարծես թե քաղաքացիներն ափսոսում են Երեւանի քաղաքապետարանի կողմից տեղադրված թանկարժեք, 165. 000 դրամ արժողությամբ նստարանների վրա նստել: Երեւի դա է պատճառը, որ նրանք փորձել են ծածկել նստարանները համապատասխան իրերով` խնայելով քաղաքապետարանին:

 

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ հասարակության ո՞ր խմբին է տրամադրվում ժամանակավոր օթեւան, եւ պետական ո՞ր մարմնի որոշման հիման վրա է քաղաքացուն տրամադրվում այն:

Հեղինե Մարկոսյան (43 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամանակավոր օթեւանի տրամադրման խնդիրները (կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անօթեւան անձանց) կարգավորվում են ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով (մասնավորապես՝ հոդված 12):
Տեղեկացվում է նաեւ, որ Վարդաշենում գտնվող անօթեւանների ժամանակավոր կացարանը գործում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի միջեւ «Անօթեւան մարդկանց համար ժամանակավոր օթեւանի տրամադրման ծառայություններ» ծրագրով կնքված պայմանագրի հիման վրա:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ ըստ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի հոդված 12-ի՝ ժամանակավոր օթեւան քաղաքացուն տրամադրվում է մինչեւ 60 օր տեւողությամբ, իսկ օթեւանի տրամադրման կարգը եւ պայմանները սահմանում է ՀՀ Կառավարությունը: Հասկանալի է, որ քաղաքացին 60 օրում չի կարողանալու կացարանի հարցը լուծել եւ ապահովել բնակարանով: Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է անելու տվյալ դեպքում քաղաքացին 61 օրը, մի՞թե նա նորից չի հայտնվի իր «փողոցային» կացարանում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ եթե ոչ ռեզիդենտ ֆիզ. անձը Հայաստանում հիմնադրել է ռեզիդենտ կազմակերպություն եւ ունի 100% բաժնեմաս, արդյո՞ք տարեկան շահույթը ստանալուց հարկվում է նրա եկամուտը: Եթե այո, ի՞նչ սկզբունքով:

Գոռ Դավթյան (46 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացված շահաբաժինները նվազեցվում են համախառն եկամտից:
Եթե գրությունում նշված հարցը վերաբերում է կազմակերպությանը, ապա այդ դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից ստացվող շահույթը հարկվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

ՀՀ  ֆինանսների  նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ ոչ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող եկամուտը, իսկ շահութահարկի տարեկան դրույքաչափը սահմանված է 20%, որը որոշվում է յուրաքանչյուր տարվա արդյունքներով եւ ենթակա է վճարման պետական բյուջե մինչեւ հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ):




Լրահոս