Քաղաքացուց 15.500 ԱՄՆ դոլար վերցնելու դիմաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու հարցը որևէ կերպ՝ ուղիղ կամ անուղղակի, չի առնչվում ո՛չ ֆակուլտետին, ո՛չ համալսարանին: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ում խոսքով՝ բուհ ընդունված ուսանողների անվանացուցակը հրապարակում և իրենց է հանձնում Գնահատման և թեստավորման կենտրոն:
«Ես, ճիշտն ասած, քաղաքում չեմ եղել: Քիչ առաջ եմ տեղեկացել այդ մասին, ինձ կոլեգաներս ասացին: Ընդունվե՞լ է այդ ուսանողը, թե՞ չէ, դա է հարցը: Անուն չի նշվում, որտեղի՞ց իմանանք: Մենք կարիք չունենք խոսել քննչականի հետ, քանի որ չենք առնչվում այդ գործընթացին՝ ո՛չ անհատապես, ո՛չ որպես կառույց: Ուսանողի անուն չկա, դեռ որևէ բան չի հիմնավորվել: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ուսանողը գալիս է դասի, կամ միգուցե նա չի՞ ընդունվել»,- հիմնավորեց դեկանը՝ նկատելով, որ բոլոր դեպքերում գործում է անմեղության կանխավարկածը, և միգուցե հենց ուսանողն է եղել հաղորդում տվողը՝ որպես կաշառատու, իսկ եթե հայտարարություն տվողը կամավոր է հայտնում, ազատվում է պատասխանատվությունից:
Դեկան Գագիկ Ղազինյանի փոխանցմամբ՝ այս դեպքում այդ ուսանողին բուհից հեռացվելու վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ, քանի որ, դեկանի խոսքով, միգուցե ուսանողը դիմել է, քանի որ հնարավոր է գումարը տվել է, սակայն չի ընդունվել:
ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ փաստի մասին առավել հանգամանալից կտեղեկացնենք քիչ հետո: Տեղեկացնենք, որ այսօր «Փաստինֆո» լրատվական կայքը հայտնել էր, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար քաղաքացուց 15.500 դոլար վերցնելու դեպքի առթիվ: