Հայաստանի Հանրապետությունը, դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ, պահպանելու է ազատ առևտրի ռեժիմը Վրաստանի հետ: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք ուշադրություն ենք դարձրել այն բանի վրա, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, մենք վտանգի տակ չդնենք հարևան Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը: Սա մեզ համար շատ կարևոր հարց էր և մեզ հաջողվեց արդյունքի հասնել և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածում ֆիքսել ենք, որ պահպանելու ենք Վրաստանի հետ եղած առևտրական բարձր մակարդակի հարաբերությունները»,- նշեց փոխնախարարը:
Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը պահպանելու է իր առևտրական բարձր մակարդակի հարաբերությունները նաև հարևան Իրանի հետ: Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ Վրաստանի և Իրանի հետ առևտրական բարձր մակարդակի հարաբերությունների պահպանումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, ինչին հայկական կողմին հաջողվեց հասնել ԵՏՄ-ին անդամակցության բանակցությունների ժամանակ: