Այսօր՝ հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կասյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել “Լեքսուս” մակնիշի 15 ՕՕ 606 համարանիշի և “ԲՄՎ Իքս 5” մակնիշի 09 OV 999 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով “Լեքսուսը” դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթեզրին։ Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի գլխավորությամբ և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության (ՈՔԳՎ) Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՔՎ ՃՏՀ) քննության բաժնի քննիչները, “ԲՄՎ5 Իքս ե-ի վրայից հանվել էին ավտոմեքենայի համարանիշները։
Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով երկու վարորդներն էլ տեղափոխվել են թիվ 3 հիվանդանոց։ “ԲՄՎ Իքս 5”-ը վարել է 21-ամյա Տարոն Ղարիբյանը, իսկ “Լեքսուսը”՝ 20-ամյա Նարեկ Մխիթարյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով “ԲՄՎ Իքս 5”-ը գրանցված է Երևանի 16 թաղամասի 40 շենքի բնակիչ Խաչատուր Գալստյանի անունով։ Վթարի վայրում մի քանի երիտասարդներ փորձել են խոչընդոտել Շամշյանի աշխատանքը՝ անգամ սպառնալով, որ եթե “ԲՄՎ Իքս 5-ը” հայտնվի եթերում կամ համացանցում, ապա խնդիրներ է ունենալու։ Վթարի վայրում “ԲՄՎ Իքս 5”-ի “ջահելները” փորձում էին ՃՈ աշխատակիցներին և քննիչներին համոզել, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ, սակայն քննիչի հանձնարարականով երկու մեքենաներն էլ տեղափոխվել են տուգանային հրապարակ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի