Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ քաղաքացուց 15.500 ԱՄՆ դոլար վերցնելու դիմաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու մասին լուրը ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը մեկնաբանել էր այնպես, որ դա ոչ մի կերպ չի կարող առնչվել համալսարանի կամ ֆակուլտետի հետ:
Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ, տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ քաղաքացուհու ցանկության մասին, տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել և հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։
Միաժամանակ պարզվել է, որ քաղաքացուհուց խարդախությամբ գումար հափշտակած անձինք ընդունելության քննությունների գործընթացի կազմակերպման հետ որևէ առնչություն կամ լիազորություն չեն ունեցել, ԵՊՀ աշխատակիցներ չեն, ուստիև նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ խաշոր չափերով խարդախություն։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջացառումները՝ քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։