Այսօր Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ բոլորի համար է ակնհայտ, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է, որը ծնվել է՝ ի հակադրություն ԵՄ-ի:
«Սակայն պարզվեց, որ մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը որոշել է մեկ գիշերվա մեջ անդամակցել Մաքսային Միությանը: Հիմնավորում են՝ իբրև դա դրախտ է լինելու ու մեր շահերից է բխելու, բայց ես հիմա կասեմ, որ դա ամենևին էլ դրախտ չի լինելու»,- ընդգծեց նա:
«Մեր անդամակցությունը որևէ օգուտ չի տալու Հայաստանին, որովհետև Ռուսաստանը մեծ խնդիր ունի Հյուսիսային Կովկասում, որն անմիջականորեն առնչվում է մեր անվտանգության հետ: Այս պետությունը հուսալի տնտեսական պարտնյոր չի կարող լինել: Այս պետության մեջ ճչացող ակնհայտ բևեռացում կա օլիգարխների ու քաղաքացիների միջև: Չեմ ասում Պուտինի միլիարդավոր աֆյորաների մասին, որից մեկը Սոչիի օլիմպիադան էր, որից Ռուսաստանի քաղաքացիները որևէ օգուտ չստացան: Այս գործընթացն ապազգային է, հեղինակը` Սերժ Սարգսյանը, թող չվիրավորվի, իր ողջ գործունեությունը չի բխում քաղաքացու շահերից, ուստի ապազգային է», – հավելեց նա:
Նա հորդորեց բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, այլապես կհամարվեն դավաճան: Նրա այս հայտարարությունը զայրացրեց Հանրապետական կուղակցության տղամարդ ներկայացուցիչներին: Վարդան Այվազյանը տեղից արձագանքեց. «Տիկին Փոստանջյան, մի քիչ Ձեզ կոռեկտ պահեք: Ասել եմ՝ պորտից ներքև չիջնեք, ես եմ, դեմ եմ քվեարկում, իրավունք չունեք ինձ դավաճան անվանել»: Սուքիաս Ավետիսյանը տեղից նույնպես նախատեց. «Չափի մեջ մնացեք, մի փորձեք վիրավորել»: Արտակ Զաքարյանն էլ նկատեց. «Դե հիմա էդ էլ մեր դժբախտություն է, ինչ անենք»: