Նոյեմբերի 21-22-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ Բաքվում մասնակցեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որի ընթացքում քննարկվել en մի շարք հարցեր, այդ թվում հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերի հետ կապված մի շարք հարցեր:
Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցել Բաքվում կայացած գլխավոր համաժողովի աշխատանքներին: Բաքվում կայացած նիստի շրջանակներում ՀԱՕԿ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը 2015 թվականին կայանալիք եվրոպական մարզական առաջին խաղերին: Հայկական կողմի բոլոր հարցադրումներին տրվել են բավարարող և սպառիչ պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ ևս շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը:
Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաև որոշում է կայացվել հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն գտնում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ ևս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը և կարեւորությունը ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:
Դեռ այս տարվա հոկտեմբերին Երևանում ՄՕԿ նախագահ Թոմաս Բախ և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեի հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ այս հարցում վերջնական որոշում կկայացվի բացառապես մարզաշխարհի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպումներից հետո, ինչը բարձր է գնահատվել նրանց կողմից: Այնպես որ, ՀԱՕԿ-ը Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաշվի առնելով մարզաշխարհի ներկայացուցիչների կարծիքը: