Վերջերս դժբախտ դեպք է տեղի ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում:
ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ի արհեստանոցի վարիչը, տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու Գալուստ Կուչուրյանը ոչ դիտավորյալ սպանել է Մանվել Քոչինյանին:
Այսպես, ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, Գալուստ Կուչուրյանը փականագործ Մանվել Կուչուրյանի հետ կատարել է աշխատանքներ արհեստանոցի ջրամատակարարումը վերանորոգելու ուղղությամբ։ Մետաղական խողովակների վրա պարույրներ հանելու ընթացքում միացրել է հաստոցը, խախտել անվտանգության կանոնները, ինչի հետևանքով հաստոցի վրա տեղադրված խողովակը պտտվել և հարվածել է Մանվել Քոչինյանի գլխին, ով ստացած մարմնական վնասվածքներից Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում մահացել է։
Կուչուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտումը, որն առաջացրել է մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Քրգործը մակագրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին:
ԳԱԱ կադրերի բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ դեպքից օրեր անց Գալուստ Կուչուրյանը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից: