Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհա տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի որոշմամբ ձերբակալվել է երեկ՝ հունիսի 3-ին Դավիթ Բեկի փողոցում ավտովթարի հեղինակ 46-ամյա Հմայակ Միքայելյանը։
Ինչպես, armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նրա նկատմաբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 3-ին ժամը 4.30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 106/6 հասցեում գտնվող ՃՈ Երևանի հաշվառման քննական բաժնի նորակառույց շենքի հարևանությամբ “Մերսեդես Ց 500” մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել Ռեսո ապահովագրական ընկերությանը պատկանող “ՎԱԶ 2121” մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր բժշկական կենտրոններ. 2-ը՝ “Էրեբունի”, 3-ը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ։ Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել էին, որ “Մերսեդեսը” պատկանում է հայտնի պարուսույց Սոֆի Դևոյանին։
Վթարից հետո “Մերսեդեսի” վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ավելի ուշ վթարի վայր էին ժամանել Սոֆի Դևոյանի ամուսինն ու որդին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Դևոյանի որդին պատմել էր, որ Մերսեդեսը գալիս էր իրենց հետևից, որպեսզի իրենց տեղափոխեր Զվարթնոց օդանավակայան։
Հիվանդանոց տեղափոխվածներն էին Քաջարան քաղաքի բնակիչներ 36-ամյա Սամվել Առաքելյանը, 28-ամյա Արա Գևորգյանը, 31-ամյա Էդգար Աբրահամյանը, 25-ամյա Արթուր Աբրահամյանը և 30-ամյա Հրայր Սիմոնյանը։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր նրանցից Սամվել Առաքելյանը։
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի