ԱՎԾ- ն մայիսին գնանկում է արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների, համապատասխանաբար, 0.2 տոկոս և 0.1 տոկոս հավելաճ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա մայիսին 2011թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.5 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.0 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 101.7 տոկոս, իսկ հունվար-մայիսին 2011թ. հունվար-մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 102.5 տոկոս, 102.4, 103.9 և 102.0 տոկոս:
2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.6 տոկոս գնանկում, ինչի վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի, նաև կարտոֆիլի, կաթնամթերքի, ձվի գների նվազումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 15.5-0.2 տոկոս գնանկում, 4-ում՝ 0.1-0.2 տոկոս գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:Մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կահույքի` 0.2 տոկոս, խոհանոցային սպասքի` 0.2 տոկոս, գեղահարդարման ապրանքների` 0.2 տոկոս, շինանյութերի` 0.3 տոկոս, ոսկերչական ապրանքների` 0.4 տոկոս, տեքստիլեղենի՝ 0.6 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների` 0.7 տոկոս, կոշկեղենի՝ 1.0 տոկոս, լվացող միջոցների՝ 1.7 տոկոս գնաճով: Դրան զուգընթաց, մշակույթի ապրանքների գները նվազել են 7.4 տոկոսով, այգեգործական ապրանքներինը՝ 0.9 տոկոսով, վառելիքինը՝ 0.5 տոկոսով, հագուստինը և գործվածքինը՝ 0.2 տոկոսով, իսկ դիտարկվող մյուս ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.3 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը մնացել է անփոփոխ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2012թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է սակագների 0.1 տոկոս հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է կենցաղային բնույթի 0.1 տոկոս, բնակարանային-կոմունալ 0.1 տոկոս, իրավական ու բանկային 0.1 տոկոս, հանրային սննդի 0.3 տոկոս, կրթության համակարգի 0.4 տոկոս, բուժսպասարկման 0.6 տոկոս ծառայությունների սակագների հավելաճով:




Լրահոս