ՕԵԿ-ը կմիանա՞ Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը կդիմի ոչ իշխանական պատգամավորներին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթաց սկսելու առաջարկով։

Այժմ ՀԱԿ խմբակցության պատգամավորը որոշման նախագիծն է պատրաստում, որից հետո դիմելու է ոչ իշխանական ուժերին անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու համար: Այդ դեպքում հարցը կհաջողվի արտահերթ կարգով քննարկել խորհրդարանի լիագումար նիստում:

Armlur.am-ը զրուցեց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ` հասկանալու համար, թե խմբակցությունն ինչ դիրքորոշում ունի Ն. Փաշինյանի նախաձեռնության վերաբերյալ:

«Մենք հրապարակային միշտ ասել ենք այն տեսակետը, որ մենք Սերժ Սարգսյանի հրաժարականը չենք պահանջելու: Մենք բերել ենք նաև փաստարկներ, թե ինչ պատճառաներով չենք պահանջի նրա հրաժարականը», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ վեց տարի ՀՀԿ-ի հետ կոալիցիա լինելուց հետո այս տարվա ապրիլ ամսին ՕԵԿ-ը որոշում էր կայացրել դուրս գալ կոալիցիայից: Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելն ՕԵԿ-ը պատճառաբանում է այնպես, թե վեց տարի միասին են աշխատել և այժմ ճիշտ չէ այն պահանջելը: Նրանց կարծիքով` Սերժ Սարգսյանը նաև հեռացող նախագահ է, և քանի որ առաջիկա ընտրություններում չի առաջադրվելու, իմաստ չեն տեսնում:

 




Լրահոս