Սեռական և գենդերային հիմքով բռնությունը գլոբալ և համակարգային անհավասարության ամենածայրահեղ դրսևորումն է, որին ենթարկվում են կանայք և աղջիկները: Այն չի ճանաչում աշխարհագրական, սոցիալ-տնտեսական կամ մշակութային սահմաններ: Ողջ աշխարհում երեք կնոջից մեկը իր կյանքի ինչ-որ պահին ենթարկվում է ֆիզիկիկական կամ սեռական բռնության` սկսած բռնաբարությունից և ընտանեկան բռնությունից, մինչև ոտնձգություններ աշխատավայրում և հետապնդում համացանցում:
Միայն այս տարի Նիգերիայում առևանգվել է ավելի քան 200 աղջիկ: Ականատես ենք եղել Իրաքի կանանց` հակամարտության ընթացքում բռնաբարության և սեռական ստրկության մասին պատկերավոր վկայությունների: Երկու հնդիկ աշակերտուիներին բռնաբարել, սպանել և կախել էին ծառից: Իսկ ԱՄՆ-ում սպորտային թիմերում և համալսարանական կամպուսներում սեռական բռնության` մեծ արձագանք գտած դեպքեր են եղել:
Կանայք և աղջիկները բռնության են ենթարկվում բոլոր երկրներում և թաղամասերում, բայց այս հանցագործությունների մասին հաճախ չեն բարձրաձայնում և թաքցնում են: Պետք է կոտրենք լռությունը: Ահա թե ինչու` այս տարվա Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա առանցքում շարքային մարդկանց շրջանում իրազեկության բարձրացումն է` «Նարնջագույն լույսով ողողիր թաղամասդ» խորագրի ներքո: ՄԱԿ-ի Նյու Յորքում տեղակայված գրասենյակի, Քարտուղարության շենքի և Էմփայը Սթեյթ Բիլդինգի շուրջը նարնջագույն լույս կվառվի, և բազմաթիվ այլ իրադարձություններ են նախատեսվում ողջ աշխարհում, ինչպես նաև սոցիալական լրատվամիջոցներում:
Յուրաքանչյուր ոք պարտավոր է կանխել և վերջ տալ կանանց և աղջիկների հանդեպ բռնությանը` սկսելով այս ամենը հնարավոր դարձնող խտրականության մշակույթին ընդդիմանալուց: Մենք պետք է ջարդուփշուր անենք գենդերային բացասական կարծրատիպերն ու վերաբերմունքը, խտրականությունն ու շահագործումը կանխելուն և արմատախիլ անելուն ուղղված օրենքներ ներմուծենք ու իրագործենք և ընդդիմանանք անպատշաճ պահվածքին, երբ էլ որ ականատեսը լինենք: Պետք է դատապարտենք բռնության բոլոր դրսևորումները, հավասարություն հաստատենք մեր աշխատանքային և ընտանեկան կյանքում և փոխենք կանանց ու աղջիկների առօրյան:
Կար ժամանակ, երբ համարվում էր, որ կանանց իրավունքները միայն կանանց գործն են, բայց ավելի ու ավելի մեծ թվով տղամարդիկ և տղաներ են իրական գործընկերներ դառնում կանանց հնարավորությունների և իրավասությունների ընդլայնմանն ուղղված ճակատամարտում: Երկու ամիս առաջ հայտարարեցի մեկնարկը «HeForShe» (Նա (տղամարդը) հանուն նրա (կնոջ) արշավի` համերաշխության գլոբալ շարժում հանուն գենդերային հավասարության, որը, ի շահ բոլորի, համախմբում է մարդկության մի կեսը` ի աջակցություն մյուս կեսի:
Բոլորս դեր ունենք այս գործում, և ես կոչ եմ անում՝ ստանձնե՛ք Ձեր դերը: Եթե համախմբվենք մեր տներում, համայնքներում, երկրներում և ողջ աշխարհում, ապա կկարողանանք մարտահրավեր նետել խտրականությանն ու անպատժելիությանը և վերջ դնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության համաշխարհային խարանը խրախուսող, անտեսող կամ հանդուրժող մտածելակերպին ու ավանդույթներին: