Արտաքին աշխարհի արձագանքը չպետք է մեզ համար կարևոր լինի. Վահան Շիրխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ԶՈւ ՄԻ-24 ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները վերադարձնելու նպատակով ղարաբաղյան կողմի իրականացրած հատուկ գործողությունը, փայլուն մշակված օպերիացիա լինելուց բացի, նաև հարկադրված քայլ էր. Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«Ադրբեջանական կողմն ինքն է ամեն կերպ մերժում բանակցային գործընթացը` այն մտցնելով փակուղի: Մեզ այլ բան չէր մնում, քան հատուկ մշակված գործողությամբ հասնել մեր նպատակին»,- ասաց նախկին փոխնախարարը:

Մեր այն դիտարկմանը, թե միջազգային հանրությունը մեր այս գործողությունը կարող է մեկնաբանել բանակցային գործընթացին դեմ արարք, Շիրխանյանը պատասխանեց. «Թշնամաբար տրամադրված երկրները կարող են դա անել, որովհետև նրանց համար  ոչ թե օբյեկտիվ իրականությունը, ճշմարտությունն է կարևոր, այլ` իրենց երկրի վարած քաղաքականությունն ու շահը: Բարեկամ երկրները հակառակ դիրքորոշումը կունենան: Արտաքին արձագանքը մեզ համար կարևոր չպետք է լինի:

Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, իսկ հակառակ դիրքորոշմանը պարզապես պետք է ուշադրության չարժանացնել»,- նշեց մեր զրուցակիցը` հավելելով. «Միջազգային հանրությունը մեզ չի կարող մեղադրել միջազգային պայմանագրերը չկատարելու մեջ: Մեր արարքն անհրաժեշտություն էր: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր հույսը միայն մենք ենք և ոչ մեկի վրա էլ պետք չէ հույս դնել և կամ էլ ուշադրության արժանացնել միջազգային հանրության կամ էլ առավել ևս ադրբեջանական կողմի հիմար հայտարարություններին»:




Լրահոս